Ինչո՞ւ են դեռ Կարմիր գրքում

Ինչո՞ւ են դեռ Կարմիր գրքում

Որսորդությունը մեր երկրում թանկ հաճույք է, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի որսը Հայաստանում արժի 18,900 դոլար, իսկ բեզոարյան այծինը՝ 15.900 դոլար: Բայց այդ որսերը մեր երկրում թանկ են նստում ոչ միայն արտասահմանից եկած որսի սիրահարների վրա, այլև մեր բնության վրա, չէ՞ որ թեպետ այդ կենդանիներին բազմացնում են հատուկ պայմաններում, այնուամենայնիվ կենդանիները շարունակում են ընդգրկվել Կարմիր գրքի ցուցակում: 



«12 տարվա ընթացքում բեզոարյան այծի և մուֆլոնի գլխաքանակն ավելացել է մի քանի անգամ և ներկայումս այդ տարածքում կա ավելի քան 650 բեզոարյան այծ և մուֆլոն».- սա բնապահպանության նախարարության հայտարարությունն էր` կապված վերջին իրադարձությունների հետ: Այդ պատմության մեջ բոլոր կողմերի տեսակետները հասկանալի են, բայց մի բան է հետաքրքրիր, եթե կոնկրետ մուֆլոնի գլխաքանակը շատացել է մեր երկրում և նրանց որսը չի վտանգում կենդանատեսակի վերացմանը, ապա կենդանուն ինչո՞ւ չեն հանում Կարմիր գրքի ցանկից: Պատասխանում է կենսաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան Ինգա Զառաֆյանը:



«Մենք չունենք հստակ մեխանիզմ, որը թույլ կտա վայրի բնության մեջ տարբերակել վտանգված կենդանիներին, որոնք հայտնվել են Կարմիր գրքի մեջ և ապրում են վայրի բնության գրկում: Նույնը բեզոարյան այծի կամ մուֆլոնի դեպքում, որոնք բազմացել են վայրի բնության մեջ, կամ որսորդական տնտեսություններում: Այդ տարածքները գրեթե նույնն էին, հասկանալի է նաև, որ որսորդները որսում են նրանց ոչ փակ տարածքներում, այլ հենց վայրի բնության մեջ: Իհարկե կարելի է հաշվել, թե քանի կենդանի են բազմացրել որսորդական տնտեսությունները և նրանցից քանիսն են սպանվել թույլտվությամբ, բայց բոլորն էլ հասկանում են, որ բարձր ռիսկ կա որսագողության մեր երկրում, որտեղ իշխանության վերահսկողությունը հասցված է մինիմալի: Այդ իսկ պատճառով ես կտրականապես դեմ եմ որսորդական տնտեսվարների, իմ կարծիքով, դրանք ուղղակի քողարկում են որսագողությունը»:



Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Կիմ Դիլբարյանի հետ կապ հաստատել չստացվեց, սակայն առաջիկայում կներկայացնենք նաև վերջինիս տեսակետը: Տեղեկացնենք, որ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտն է կազմում Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը: