«Բազմոց թիվի», «Թավա թիվի». սպասում ենք նաև «Ադիբուդի թիվի»-ին

«Բազմոց թիվի», «Թավա թիվի». սպասում ենք նաև «Ադիբուդի թիվի»-ին

Երբ անցյալ դարում գիտնականները սկսեցին աշխատել հեռուստացույց ստեղծելու ուղղությամբ, երևի չէին էլ կասկածում, որ տարիներ անց իրենց գյուտը կդառնա ծուլության և բթության «հայրիկը»:



Ու թեև Հայաստանն ամենևին էլ «ֆասթֆուդյան» Ամերիկան չէ, այնուամենայնիվ մեր հեռուստաընկերությունները նույնպես կամաց-կամաց նմանվում են ամերիկյան հեռուստատեսություններին: Այդ փուլը նախ անցավ «Արմենիա» հեռուստաընկերությունը, վերջերս նաև «A TV»-ն, նշենք, որ երկու ընկերություններն էլ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի մասն են կազմում:



Այսպիսով, մայիսի 1-ից «A TV»-ն հեռարձակում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիք, որոնց երկու անվանումներին չանդադառնալ ուղղակի չենք կարող: Հատուկ «դիվան քշողների» համար՝ Բազմոց TV. «Վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները».- գրված է հաղորդագրության մեջ: Դե քանի որ հայերս ուտող խմող ազգ ենք, մեկն էլ «անվանակոչել ենք» Թավա TV «Որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար»:



Մյուս երկու ալիքները անվանումները որոշելիս սակայն քիչ «կրեատիվ» են գտնվել՝ Ֆիլմզոն` անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար, Կինոման` հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում, Հայ TV` ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և սիրված հայ արտիստների կատարմամբ: