«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետը կուսակցություն է հիմնել

«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետը կուսակցություն է հիմնել

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել: Այն կոչվում է «Գյումրեցու ոգի»: Երեկ նույնիսկ տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Սակայն ուշագրավն այն է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրները պնդում են, թե իրենք ոչ մեկի հետ կապ չունեն: Այսպես՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիրակ Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե արդյոք կայացել է իրենց հիմնադիր համագումարը, ինչու են որոշել նոր կուսակցություն ստեղծել, ինչ կապ ունի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող երեք անձանցից` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս նախ ասել է, որ համագումարը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 4-ին, դրա ընթացքում հաստատել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության 13 անդամների ընտրություն է տեղի ունեցել: Այնուհետեւ վարչությունն իր անդրանիկ նիստն է գումարել, եւ վարչության նախագահ է ընտրվել Սահակ Սարադյանը: «Քաղաքական ոլորտի մեջ հեղինակություններ, հայտնի մարդիկ չկան: Կուսակցության մեջ որեւիցե նշում չկա ո՛չ Բալասանյանի, ո՛չ Գրիգորյանի, ո՛չ Ղուկասյանի մասին: Եթե նրանց անունները չկան, ուրեմն մենք հերքում ենք նրանց հետ որեւիցե կապը»,- «Ժողովուրդ»-ին ասել է Սիրակ Եղիազարյանը: Վերջինս մի պահ մոռացել է հավանաբար, որ իրենց կուսակցության վարչության նախագահը՝ Սահակ Սարադյանը, Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկն է, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը: Բայց, դե, մարդն ասում է, որ կապ չունեն...



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: