Էկոնոմիկայի մասին կամ լավը, կամ ոչինչ

Էկոնոմիկայի մասին կամ լավը, կամ ոչինչ

Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը ռազմական հռետորաբանությունը տեղափոխել է տնտեսության դաշտ․«Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր հարված հասցնել մեր տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է, և հակառակ արդյունք տվեց», - այսօր ասաց նա կառավարության նիստից հետո։ Ըստ նրա, միանգամայն իրատեսական է ՀՀ նախագահի պնդումը, որ ապրիլին 100 մլրդ դրամի հարկ ենք հավաքել, այսինքն` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 20 տոկոսով ավելի։ «Ի պատիվ մեզ, տնտեսվարողները չենթարկվեցին ասեկոսեների և կատարեցին իրենց պարտավորությունները, հարկային մարմինները աշխատեցին արդյունավետ»։ Հարկային մուտքերն ավելացել են նաև այն պատճառով, որ ապրիլը եկամտահարկի կանխավճարի մուծման ժամանակն է: Արծվիկ Մինասյանը աճի միտում է տեսնում նույնիսկ այնտեղ, որտեղ բացահայտ անկում է նկատվում՝ զբոսաշրջության ոլորտում։ Պատերազմական իրավիճակի պատճառով տուրիստական գործակալություններին տրված պատվերները չեղարկվում են։ Զբոսաշրջիկների խոշոր խմբեր այս օրերին հրաժարվեցին այցելել Հայաստան, որովհետև այստեղ պայթյունավտանգ իրավիճակ է, և սա հասկանալի է։ Այս մասին մեզ տեղեկությունների էինք ստանում տուրիստական տարբեր գործակալություններից։ Բայց Էկոնոմիկայի նախարարն ընդամենը խոսում է տեմպերի չնչին դանդաղեցման մասին․ «Եթե առաջին եռամսյակում մենք ունեինք նախորդ տարիների նկատմամբ 9 տոկոս աճ, ապրիլի ընթացքում որոշակի տեմպի նվազում ունեցանք, արդեն հիմա վերականգնվում է այդ տեմպը և սա նույնպես ցույց է տալիս, որ ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել»։



Պատասխանելով «Հրապարակի» հարցին` Արծվիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի էկոնոմիկան պատրաստ է պատերազմի։ Սա նշանակում է, որ նախարարը գոհ է իր ոլորտում տիրող վիճակից, որ նա չի տեսնում ամեն օր փակվող ձեռնարկությունները, տնտեսական աճի նկարչությունը, չի տեսնում, որ Հայաստանի տնտեսությունը աճում է միայն հանքարդյունաբերության ու էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին, էական չի համարում գործարարների դժգոհությունն ու կոռուպցիան, մենաշնորհները, չի տեսնում, թե ինչպես են գործարարներին թալանում մեր սահմանին, ոչ թե իրական, այլ «հսկիչ» գներով մաքսազերծելով բեռները։ Տպավորություն է, որ շուտով Արծվիկ Մինասյանն էլ, ինչպես էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, սևին սպիտակ կասի, կդադարի թերություններ նկատել, իսկ եթե ՀՀ քաղաքացիները չզգան իրենց մաշկի վրա, որ մեր տնտեսությունը պատրաստ է պատերազմի, կասի, որ մենք մաշկի խնդիր ունենք։ Պատերա՞զմն է «փոխել» Արծվիկ Մինասյանին, ստիպելով նրան պրոպագանդիստական առաքելություն ստանձնել, թե նախարարի աթոռը, որը մեր իրականության մեջ նաև պարտադրում է միայն աճ տեսնել։



Սյուզան Սիմոնյան