Խաղաղության գինը կամ՝ մեկ ամիս անց արյունոտ ապրիլից

Խաղաղության գինը կամ՝ մեկ ամիս անց արյունոտ ապրիլից

Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը խաղաղությունը կրկին վերականգնվեց. չափազանց սորուն, չափազանց փխրուն ու հարաբերական, սակայն այնուամենայնիվ խաղաղություն, լռություն, անդորր:



Խաղաղություն, անգերազանցելի արժեք:



Եվ ուղիղ մեկ ամիս առաջ, մենք դեռ գոնե հարյուր հոգով շատ էինք. իրապես լուրջ թիվ մեզ` ինչպես Խորենացին կասեր` «փոքր ածու» հանդիսացող ազգի համար:



Տագնապների ամիս ունեցանք, արյունոտ ապրիլ, սակայն եւ` ապրելու ապրիլ: Եվ ուղիղ մեկ ամիս է, որ երկնքում մեզ համար աղոթող հարյուր նահատակներ ավելացան, որոնք նահատակվեցին հանուն հայրենիքի: Երեւի հիմա նրանք այնտեղ են, ուր չկա լաց, ցավ ու տառապանք եւ ուր լույս է` անափ ու անծիր, լույս եւ բարություն:



Ասում են` խաղաղության արժեքն իրապես գիտակցում ես այն ժամանակ, երբ այն չկա, ինչպես լույսի արժեքն զգում ես երբ կատարյալ խավար է, կամ հասկանում ես, թե ինչ է բարիությունը, երբ անելանելի չարիքի մեջ ես:



Ակամա հիշեցի հայտնի մի ֆիլմ` «Հովհաննու հայտնությունը», որտեղ մի հետաքրքիր դրվագ կա, որ պատմում է հենց այս մասին: Հրեշտակը Հովհաննես առաքյալին ներկայացնում է աշխարհին պատուհասելիք դժբախտությունները եւ երբ հերթն հասնում է պատերազմին, ասում է, որ պատերազմի հրեշտակին ազատություն տրվեց, որպեսզի մարդիկ հասկանան եւ գնահատեն խաղաղության գինն ու նշանակությունը:



Ինչ-որ իմաստով քառօրյա պատերազմը եղավ նույնպիսի մի ապտակ կամ փորձություն` տրված Բարձրյալի կողմից հենց մեզ` հայերիս, որ հակսանանք խաղաղության գինն ու նշանակությունը եւ. հասկանալով, փորձենք կառուցել երկիր եւ ոչ թե կլան, պետություն, եւ ոչ թե բոստան: Թե որքան հասկացանք, եւ որքան ոչ, ամենքս մեր տեղում, ցույց կտա ժամանակը: Հույսերը մեծ չեն, սակայն անհուսությունն էլ մի բան չէ:



Երեսուն լուսաբաց եւ երեսուն մայրամուտ անցան աննակտ. Ի վերջո ժամանակի հավերժության մեջ երեսուն լուսաբացն ու երեսուն մայրամուտը մի կաթիլ է անսահման օվկիանոսում: Սակայն երեսուն լուսաբացին ու երեսուն մայրամուտին հաջորդեցին երեսուն ցերեկներ եւ երեսուն գիշերներ, որոնք եթե մեկի համար սովորական էր, մյուսի համար անելանելի ցավով ու կսկիծով շաղախված, անամոք վշտով ու, ինչու չէ, նաեւ միայնակության ու լքվածության ապրումներով անթեղված:



Իսկ խաղաղությունն այնքան փխրուն է, այնքան սորուն է, սակայն եւ գոնե մարդկային մակարդակում այնքան գնահատված եւ այնքան արժեւորված, որ միայնության մեջ նույնիսկ կարելի է լսել լռության ձայնը, շոշափելիորեն զգալ ներկայությունը այն հարյուր նահատակների, որ գուցե եւ հիմա մեր կողքին են եւ աղոթում են, որ այդ փխրուն ու սորուն խաղաղությունը ամրապնդվի ու դառնա հարատեւ` ինչպես կամքով Երկնավորի, այնպես էլ ջանքով եւ եռանդով, ամենօրյա աշխատանքով երկրավորներիս, որովհետեւ ամենքս մեր տեղում ու դերում ունենք պատասխանատվություն՝ պահպանել այն խաղաղությունը որի գինը ….. խաղաղությունը երեւի գին չունի, ինչպես սերը …..



Արման Գրիգորյան