«Արեգակ» ՈՒՎԿ-ն զրոյացրել է Արցախում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները

«Արեգակ» ՈՒՎԿ-ն զրոյացրել է Արցախում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը դեռ 2 օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ զրոյացրել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները: Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ զիջել են նաեւ վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող վարկառուների մեկ ամսվա վարկային պարտավորությունները: Բացի այդ, «Արեգակ» ՈՒՎԿ-ն հետաձգել է Լեռնային Ղարաբաղի իր գրեթե 2500 վարկառուների ապրիլ ամսվա մարումները, ինչպես նաեւ սառեցրել դատաիրավական մարմինների հետ բոլոր գործընթացները:



«Կազմակերպությունը նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ծանր վիրավոր ունեցող իր մի քանի վարկառուների ընտանիքներին՝ աշխատակազմի կողմից հավաքած դրամական միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:



Hraparak.am-ի հետ զրույցում վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանն ասաց, որ 5 զինծառայողի ընտանիքի վարկ ամբողջությամբ զիջել են, ևս 1-ինը կզիջվի այս ամիս: 9 վիրավոր զինծառայողի/ընտանիքի անդամի մեկ ամսվա վարկային պարտավորություն ևս զիջվել է և 2-ինը կզիջվի այս ամիս։ Նրա խոսքերով՝ ԼՂՀ-ի շուրջ 2500 վարկառուների համար ապրիլ ամսվա վարկի մարումը հետաձգվել է մեկ ամսով։ Իսկ անձնակազմի կողմից հավաքված գումարը տրամադրվել է 3 ընտանիքի: Ընկերությունը, սակայն, չցանկացավ հրապարակել հավաքված գումարի քանակը:



Հիշեցնենք նաև, որ մի քանի հայաստանյան բանկեր ևս որոշում էին կայացրել զիջել զոհված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները։