Լիսկան կողմ է ռազմական ճանապարհին՝ խաղաղության ճանապարհով

Լիսկան կողմ է ռազմական ճանապարհին՝ խաղաղության ճանապարհով

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է դիրքերից եւ անցել իր աշխատանքին։ Մեզ հետ զրույցում երեկ նա ասաց, որ դիրքերում հիմա խաղաղ է, մանավանդ իր օգնական Զարզանդն ու մյուսները դեռ այնտեղ են։ Մեր հարցին, թե այս ընթացքում որեւէ մարտական գործողության մասնակցե՞լ է, ի՞նչ է արել առհասարակ դիրքերում, Խաչատրյանն ասաց. «Չէ, ամեն ինչ խաղաղ է էս պահին, մենք գտնվում էինք հարավում, հլը որ որեւէ գործողություն չկա։ Ինչ տեղափոխվել ենք հարավ, ոչ մի բան չենք արել, գնում էինք, դիրքերն էինք ամրապնդում, ինչ որ կարեւոր է, դա անում էինք...»։



- Շատ խոսվեց այն մասին, որ մեր պաշտոնյաներից, պատգամավորներից շատերը գնում էին դիրքերում նկարվում, գալիս Ստեփանակերտի հյուրանոցում քնում։ Դուք նման բանի ականատես եղե՞լ եք։



- Ես չեմ եղել, որ տեսնեմ, նախ ինձ էդքան շատ չի հետաքրքրում՝ ով ինչով ա զբաղվել, երկրորդն էլ՝ ես մոտիկ չեմ եղել, էլի, ես, ասենք, գնացել եմ Ստեփանակերտ, հետո՝ «Եղնիկներ» կամ գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ հարավ։ Էս վերջերս ընդհանրապես Ստեփանակերտ չեմ գնում, որովհետեւ հարավով մեզ համար ճանապարհն ավելի մոտիկ է։



- Դուք այս խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում՝ ռազմակա՞ն ճանապարհով, թե՞ դիվանագիտական։



- Միայն ռազմական ճանապարհով։ Էսօր մենք ունենք հզոր բանակ, ունենք համախմբված ժողովուրդ եւ ունենք փորձառու երկրապահ տղաներ, որոնք որ պատրաստակամ են։



- Բայց մեր ղեկավարությունը, կարծես, հակված չէ ռազմական ճանապարհով լուծմանը։ Սեյրան Օհանյանն էլ նախօրեին ասաց, որ նման կարծիք ունեցողները թող իրենց մեջ պահեն դա, իրենք են որոշում՝ ինչպես վարվել։ Մոսկվայում էլ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դուք, փաստորեն, դեմ եք։



- Իհարկե, բանակն ա որոշում, իհարկե, գերագույն գլխավոր հրամանատարն է որոշում, բա հո ե՞ս չեմ որոշում։ Դա իմ տեսակետն է, որ եթե մենք էսօր հանկարծ, Աստված մի արասցե, թուրքը նորից սկսի կռիվը, մենք պիտի շատ լուրջ հակահարված տանք։ Ես համոզված եմ եւ վստահ եմ, որ մեր էսօրվա ունեցած ուժերը, բանակը էդ հնարավորությունն ունի, որ եթե թուրքը հանկարծ իրեն խելոք չպահեց, ոչ թե մի քիչ, այլ բավականին առաջ գնանք։



- Օրեր առաջ նախագահի հրամանով ռազմական ոլորտի 3 բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ եղան։ Ձեր կարծիքով, իրենց մեղքը շա՞տ էր, եւ նրանք պե՞տք է նաեւ որոշակի պատասխանատվության ենթարկվեն։



- Ես չեմ ուզում որեւէ մեկի վրա ոչ մեղք բարդեմ, ոչ էլ արդարացնեմ, բայց մի բան գիտեմ, որ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմական իրավիճակում եթե մեկին պաշտոնից հեռացնում ա, ուրեմն իրա մոտ լուրջ ինֆորմացիա կա, եւ ինքն իր համապատասխան գործողություններն անում ա։ Բայց ես ոչ քննիչ եմ, ոչ էլ իրավապահ եմ, որ ասեմ՝ մեղավոր են, պետք է ավելի շատ պատժվեն կամ չպատժվեն։



- Պարզապես այսօր մեր պաշտոնյաները, որքան էլ վատ աշխատեն, առավելագույնը պաշտոնանկությամբ փրկվում են ամեն ինչից, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։



- Բոլորն էլ իրենց գործն անում են, բայց եթե որոշակի թերություններ կան, գերագույն գլխավոր հրամանատարը գտնում է, որ իսկապես, էդ թերություններով հանդերձ, էդ մարդը չի կարող շարունակել աշխատանքը, ուրեմն դա էլ քննարկման առարկա չէ։



- Կառավարությունն իր վերջին նիստում քննարկեց Արցախի ճանաչման վերաբերյալ Փոստանջյանի ու Բագրատյանի ներկայացրած նախագիծը եւ մերժեց։ Դուք ԼՂՀ ճանաչմանն ինչպե՞ս եք վերաբերվում։



- Դե հիմա ես չգիտեմ՝ մենք էդքան հզո՞ր ենք, որ կարողանանք Ամերիկային, Ֆրանսիային, Ռուսաստանին պատերազմ հրավիրենք։ Մենք 94 թվականից մինչեւ էսօր կողմնակից ենք, որ Մինսկի խմբի էդ համանախագահները պետք է էդ հարցի լուծումը գտնեն, բնական է՝ ձգձգվում է, բայց ոչ իրենց կողմից, իհարկե, Ադրբեջանի կողմից է ձգձգվում, բայց, այնուամենայնիվ, մենք պիտի փորձենք, ինչքան հնարավոր է՝ խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը։ Էսօր մենք հաղթանակած ենք, մենք հաղթողի դերում ենք եւ եթե փորձենք էս խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով տանենք մինչեւ վերջ, դա մեզ համար բավականին դրական կլինի։ Իսկ եթե խաղաղ ճանապարհը չլինի, Ադրբեջանը փորձի իրեն էլի լկտի պահի, նորից պատերազմական հրահրումներ անի, բնականաբար, մենք պատրաստ ենք ավելի լուրջ պատասխան տալու թե Արցախի ճանաչման գործում եւ թե իրենց ջարդելու գործում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ