Այնպես չէ, որ ամբողջ ազգի մեջ միայն Զարուհի Փոստանջյանը ֆայմեց, որ կարելի է ճանաչել

Այնպես չէ, որ ամբողջ ազգի մեջ միայն Զարուհի Փոստանջյանը ֆայմեց, որ կարելի է ճանաչել

Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարության տված եզրակացությունը բավականին անորոշ էր։ Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Ըստ էության՝ ոչ դրական է եղել եզրակացությունը, ոչ բացասական՝ հարցը թողնվել է օդում կախված։



Նշենք, որ անկախ կառավարության եզրակացությունից՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է քննարկվի նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Այս դեպքում խոսքն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման մասին է։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս նախագիծը քննարկվել է տվյալ հանձնաժողովում եւ մերժվել։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը երեկ մեզ ասաց, որ դեռ պարզ չէ, թե այս հարցը երբ կքննարկվի իրենց հանձնաժողովում։



«Կարող է էս քառօրյան էլ անցնի, մյուսն էլ կարող է անցնի։ Մենք դեռ ժամանակ ունենք։ Եթե ես հիմա ասեմ՝ մինչեւ մայիսի վերջ կքննարկենք, շատ հնարավոր է՝ վաղը դրա անհրաժեշտությունն ունենանք ու արագ դա անենք։ Այսինքն՝ երբ որ հանձնաժողովը նպատակահարմար գտնի, մենք կլսենք։ Կախված է նրանից, թե հանձնաժողովի նախագահը երբ կդնի հարցը քննարկման։ Ես կարող եմ վաղն էլ դնել, կարող եմ հետո դնել»,-ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե կառավարության եզրակացությունը շատ անորոշ էր, հիմա դա դրական եզրակացությո՞ւն է, թե՞ բացասական։ «Կառավարությունը ոչ դրական եզրակացություն է տվել, ոչ էլ բացասական։ Կառավարությունը շատ հիմնավոր եւ հստակ ասել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Հիմա կարող է հանգամանքները լինեն այնպիսին, որ կառավարության ներկայացուցիչը գա Ազգային ժողով եւ ասի, որ էս պահին պետք է ընդունենք, կարող է հանգամանքները լինեն էնպիսին, որ ասեն՝ էս պահին մենք նպատակահարմար չենք գտնում»,-նշեց պատգամավորը։



- Այսինքն՝ ոչ մերժել է, ոչ հաստատե՞լ։



- Այո, ոչ մերժել է, ոչ էլ հաստատել։ Այսինքն, էսպես ասենք՝ այս պահի դրությամբ կառավարությունը չի տվել դրական եզրակացություն, բայց նաեւ չի էլ բացառել օրենքի ընդունման հնարավորությունը։



- Նախագահի խոսնակը պարզ հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն առաջանա, իշխանություններն իրենք կնախաձեռնեն նման օրինագիծ, եւ դա կհնչի նախագահի շուրթերից։ Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծին նման վերաբերմունքը։



- Հիմա եթե էս օրենքը կառավարությունը չլսեր, կգրեիք, որ կառավարությունը խախտել է օրենսդրությունը եւ չի քննարկել օրենքի նախագիծը։ Հիմա եթե ես գյուղատնտեսության մասին որեւէ օրենք գրեմ, կառավարությունը պարտավոր է լսել։ Օրենքով կառավարությունը պարտավոր է 20-օրյա ժամկետում պատգամավորների բոլոր օրենսդրական նախաձեռնություններին տալ եզրակացություն։



- Եթե, այդուհանդերձ, իշխանությունները որոշեն, որ ժամանակն է նման օրենքի ընդունման, հնարավո՞ր է հենց այս նախագիծը մտնի ԱԺ օրակարգ եւ ընդունվի, թե՞ արդեն իշխանությունն ինքը կներկայացնի նոր նախագիծ։



- Դա արդեն ես ամբողջ խորհրդարանի անունից չեմ կարող ասել, բնականաբար, բոլոր խմբակցություններն էլ առաջարկներ կունենան, եւ կքննարկվի։



- Նկատի ունեմ՝ քաղաքական առումով կապ ունի՞, թե ով է ներկայացնում այս նախագիծը, կամ որոշակի ամբիցիաներ կա՞ն այստեղ, թե ում նախագիծն է։



- Ամբիցիայի խնդիր չկա, եւ Զարուհի Փոստանջյանն էլ գյուտ չի արել։ Այնպես չէ, որ ամբողջ ազգի մեջ միայն Զարուհի Փոստանջյանը ֆայմեց, որ կարելի է ճանաչել։ Փոստանջյանն ուղղակի իր պատգամավորական նախաձեռնությունն է արել՝ շատ դեպքերում անհաջող, իսկ այս իրավիճակն էլ կարող է օգտակար լինել կամ վնասակար լինել. ժամանակը ցույց կտա։ Իսկ հանձնաժողովում կքննարկվի էն ժամանակ, երբ որ մենք դրա անհրաժեշտությունն ունենանք։ Մենք դեռ օրենքով սահմանված ժամանակ ունենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ