Պատերազմի եւ ճանաչման միջեւ

Պատերազմի եւ ճանաչման միջեւ

Regnum-ի մեկնաբանի հայացքով՝ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հարցում ստեղծել «պատային իրավիճակ»: Շախմատում դա ոչ-ոքի է, քաղաքականության մեջ՝ փակուղի: Ալիեւյան ռեժիմը մինչեւ ապրիլի 2-ը սպառնում էր՝ «հրեն կացինը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ»: Քառօրյան արյունալի մարտերը եւ սահմանային շարունակվող լարվածությունը նրան չտվեցին ակնկալվածը:



Ստեղծվել է իրավիճակ, երբ կամ Ադրբեջանը պետք է նոր ագրեսիա ձեռնարկի՝ նպատակադրվելով գրավել որոշ տարածքներ եւ ստիպել, որ հայկական կողմն ընդունի իր նախապայմանները, կամ հարկ կլինի Ադրբեջանին հասցնել կանխարգելիչ հարված, բարելավել ԼՂՀ անվտանգության միջավայրը եւ հակառակորդին պարտադրել խաղաղություն:



Տպավորություն է, որ Ադրբեջանը վատնել է «հանկարծակիության» առավելությունը, իսկ հայկական զինուժը չի անցնի հարձակման: Պատճառը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա: Բայց Հայաստանը գործի է դրել ԼՂՀ ճանաչման դիվանագիտությունը՝ վերապահմամբ, որ մեխանիզմը կաշխատի, եթե Ադրբեջանը լայնածավալ ագրեսիայի դիմի։



Դա երաշխի՞ք է, որ ալիեւյան ռեժիմը չի գնա նոր ագրեսիայի: Կանխատեսելի քաղաքականության առումով՝ այո: Բայց մենք գործ ունենք ռեժիմի հետ, որի որոշումները հայտնի չէ, թե ով է ընդունում: Ալիեւը գործունա՞կ է, թե՞ խամաճիկ: Ադրբեջանի գեներալիտետը նրան փաստացի գերագույն գլխավոր հրամանատար ճանաչու՞մ է…



Առկա է նաեւ Ադրբեջանի պետական մենթալիտետին բնորոշ՝ պատասխանատվությունը ստորին օղակի վրա թողնելու, հանգամանքը: Եթե ԱԳ նախարարը փորձում է համոզել, որ զինադադարի համաձայնագիրը չեղարկելու մասին վերբալ նոտան ԵԱՀԿ-ում իր դեսպանի «անձնական նախաձեռնությունն է», ապա ի՞նչ երաշխիք, որ նոր ագրեսիայի պատասխանատվությունը չի դրվելու պաշտպանության նախարարի կամ բանակային կորպուսի հրամանատարի վրա:



Բայց դիտարկենք տարբերակը, երբ Ադրբեջանը չի կրկնում ագրեսիան: Այս դեպքում ԼՂՀ անկախությունը չի ճանաչվում: Հետեւում են նոր բանակցություննե՞ր: Ինչի՞ շուրջ: Զինադադարի մասով ամեն ինչ ասված է՝ 1994-95թ.երի համաձայնություններն ուժի մեջ են եւ պետք է գործեն: Ադրբեջանը չի պատրաստվում քննարկել ԼՂ կարգավիճակի, հայկական կողմը՝ տարածքների հարցը:



Քաղաքականության մեջ փակուղուց երկու ելք կա՝ փոխզիջում կամ բանակցությունների խզում: Ըստ էության, հայ-ադրբեջանական բանակցությունները խզված են արդեն 5 տարի: Միջնորդներին, թերեւս, հաջողվի եւս մի հնգամյակ բանակցությունների իմիտացիա ստեղծել: Միեւնույն է՝ պատային դրությունը կմնա:



Ըստ երեւույթին, դա Ադրբեջանին ձեռնտու է: Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը Բաքվի համար կպահպանվի այնքան ժամանակ, որքան կտեւի դիվանագիտական «պատը»: Եւ այդքան ժամանակ էլ Հայաստանը չի օգտագործի ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությունը:
Եւ ո՞վ կշահի դրանից, ահա լրջագույն հարցադրումը…



Վահրամ Աթանեսյան