Դաշնակցության «պլինտուսը»

Դաշնակցության «պլինտուսը»

Ապրիլի վերջին Դաշնակցությունը ժողով արեց: Ղարաբաղում պատերազմ է, եւ սպասվում էր, որ ՀՅԴ-ն պետք է շուն Ալիեւին մահ որոշեր: Ժողովի հայտարարության մեջ, սակայն, որքան էլ փնտրենք, նման բան չկա: Դաշնակցությունը բավարարվել է «անզիջում վճռականությամբ» պահանջել, որ Ղարաբաղի հարցը լուծվի «ազգաբնակչության ազատ կամարտահայտությամբ դրսեւորված հիմքերով, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների» համաձայն:



«ԼՂՀ ազգաբնակչություն» ֆորմուլան Դաշնակցության հայտարարության «պլինտուսն» է: Ասել է թե՝ Դաշնակցությունը Ղարաբաղի հարցում «պլանկան» իջեցրել է «պլինտուսի» մակարդակի: Հարց՝ Դաշնակցությունը ճանաչո՞ւմ է ԼՂՀ սահմանադրությունը: Սահմանադրության պրեամբուլան սկսվում է այսպես. «Մենք՝ Արցախի ժողովուրդը…»: Սահմանադրության ընդունումից 10 տարի անց Դաշնակցության հայտարարությունը նոր ֆորմուլա է ստեղծում՝ «ԼՂՀ ազգաբնակչություն»:



Այսինքն՝ պետություն հռչակած եւ ստեղծած, Սահմանադրություն ընդունած ժողովրդին դարձնում է ինչ-որ տերիտորիայի վրա ապրող մարդկանց որոշակի քանակություն, վերջում էլ ամեն ինչ հանգեցնում նրանց անվտանգության «միջազգային երաշխիքների ապահովմանը»: Զարմանալի տրանսֆորմացիայի ենք ականատես: Ադրբեջանական ագրեսիայից հետո քաղաքական մյուս բոլոր սուբյեկտները Ղարաբաղի հարցում «պլանկան» բարձրացրել են, իսկ Դաշնակցությունը՝ իջեցրել: Օրիգինալության առումով ամեն ինչ նորմալ է: Բայց «պլինտուսի» օրիգինալությունը, խոստովանենք, բանի նման չէ…



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ