Ներկայացնում են ֆանտաստիկ ծրագրեր․ Վահագն Խաչատրյան

Ներկայացնում են ֆանտաստիկ ծրագրեր․ Վահագն Խաչատրյան

Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրած «Որքանո՞վ կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը եւ ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ մենք կարող էինք երկու-երեք տարի առաջ հաշվարկներ կատարել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ։ Նա ասաց, որ շուկայական հարաբերությունները որեւէ կերպ չեն ազդում սակագնի վրա։ Այնուհետև հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլն դրամի ներդրումային ծրագիր է հաստատել վերջերս, իսկ 2-5 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը որեւէ ձեւով հիմնավորում չէ։



Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ տեւական ժամանակ պաշտոնյաները միայն իրենց տեսակետն են ներկայացնում, եւ չկա հակընդդեմ կարծիք։



Արտակ Մանուկյանն ասաց, որ շատ կարեւոր է՝ միջին ամսական աշխատավարձով աշխատողը օրական քանի՞ կլվտ էլեկտրաէներգիա կարող է սպառել։ Արտակ Մանուկյանը նշեց, որ ոչինչ չանելու դեպքում էլ էլեկտրաէներգիայի սակագինն իջնելու էր օգոստոսի 1-ից։



Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ է սկսել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, բնական է։ Խնդիրն այս դեպքում, ըստ նրա, այն է, թե ինչ արդյունավետություն կունենա այն եւ ինչ ազդեցություն կունենա արդյունաբերության վրա։ Նա ասաց, որ պատրաստվում են այն քննարկել Հանրային խորհրդում։ Նա կարծում է, որ ձեռնարկությունը պետք է քայլեր կատարի եւ արդիականացվի, կրճատի կորուստները, կիրառի նոր տեխնոլոգիաներ։ ՀԾԿՀ-ն, ըստ նրա, շատ աշխատանք պետք է կատարի, եւ նրա լիազորությունները պետք է ընդլայնվեն։



«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը կարծում է, որ տնտեսությունից պետք է հանել այն արհեստական խոչընդոտները, եւ էլեկտրաէենրգիայի սակագնի խնդիրը կլուծվի։ Նա հիշեցրեց, որ ՀԷՑ-ում անցկացվեց երկու աուդիտ, սակայն ոչ մի բացատրություն չտրվեց, թե ինչու է էլեկտրաէներգիայի սակագինն այդքան բարձր։



Վահագն Խաչատրյանը նկատեց, որ մենք խոսում ենք առօրյա խնդիրների մասին եւ մոռանում ապագայի մասին։ Նա ասաց, որ այս համակարգը զարգացման հնարավորություն չի տալիս։ Նա հիշեց, որ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը ներկայացրել էր մի ֆանտաստիկ ծրագիր, համաձայն որի՝ 2010-2012թ․թ․ ՀՀ-ն պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Նա նկատեց, որ մեր երկրում ռազմավարական ծրագրեր կազմելիս հաշվի չի առնվում, թե ինչի համար են դրանք արվում, մեկ կարող են իջեցնել սակագինը, մեկ՝ բարձրացնել։