Կարապետ Գուլոյանն իրեն պահում է հոլիվուդյան աստղերի պես

Կարապետ Գուլոյանն իրեն պահում է հոլիվուդյան աստղերի պես

Կոտայքի մարզպետարանի կայքը վերջին երկու ամսվա ընթացքում ավելի շատ մարզպետ Կարապետ Գուլոյանի անձնական էջն է հիշեցնում: Կայքում միայն տեղադրված են ուղերձներ տարբեր տոների կապակցությամբ, օգնություն Արցախին եւ նշված է նաեւ, թե որ պաշտոնյան երբ է այցելել Կոտայքի մարզ: Դեռ անցած տարի կայքում պարբերաբար ներկայացվում էին Կոտայքի մարզպետի կողմից այցելությունները տարբեր համայնքներ, որտեղ կատարվում էին աշխատանքներ: Այնքան լավ են ներկայացնում Կոտայքի մարզում արված աշխատանքները եւ մարզպետի գործունեությունը, որ սկսում ես տարակուսել` արդյոք նույն մարզում ես ապրում, թե ոչ: Շատ ջանասիրաբար են աշխատում չարածը ներկայացնելիս, սեփական PR-ն անելիս, իսկ աշխատելիս...: Այնքան են շտապում իրենց ներկայացնելիս, որ գալիք տոների մասին ուղերձներն էլ նախապես են դնում: Իհարկե լավ է, որ մարդիկ ջանասիրաբար աշխատում են կայքի վրա` փորձելով բաց ու թափանցիկ աշխատանքի շղարշ ստեղծել: Բայց իրականում մարզպետը լրագրողներին տանել չի կարողանում:



Նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը գոնե տարեվերջին պարտադիր հրավիրում էր լրագրողներին, մամուլի ասուլիսով հանդես գալիս: Նրան հարցեր ուղղել կամ պատասխաններ ստանելը հեշտ էր: Կովալենկո Շահգալդյանին փոխարինած նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում հասցրեց մեկ անգամ ասուլիս անել, այն էլ` թաքուն, որպեսզի լրագրողները չիմանային` խտրականություն դնելով լրատվամիջոցների եւ լրագրողների միջեւ:
Այս նույն ոճով էլ աշխատում է ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանը, երբեք հնարավոր չէ մարզպետից բանավոր ստանալ հուզող հարցերի պատասխանները: Կարապետ Գուլոյանը շարքային մահկանացուներիս համար անհասանելի է հոլիվուդյան աստղերի պես:



Նելլի Կարապետյան