Ազատամարտիկները Շուշիի ազատագրումից մանրամասներ են պատմում

Ազատամարտիկները Շուշիի ազատագրումից մանրամասներ են պատմում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի ունեցավ 1992 թ. մայիսի 8-ին: Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մայիսի 9-ի առավոտը հաղթանակած էր ու խաղաղ, Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից:
Այսօր հերոսամարտին մասնակից ազատամարտիկներն անկեղծանում են, Շուշիի հաղթանակից պատմում են մանրամասներ, դրվագներ, որոնց մասին երբեք չեն խոսել, կամ գուցե ռազմական գաղտնիք են համարել:



Ազատամարտիկ Մհեր Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասում է, որ հակառակորդի զենքն այն ժամանակ էլ հզոր է եղել, բայց միևնույն է մեր մեջ կար մի բան՝ անկոտրուն ոգի, որը մեզ հաղթանակի տեր դարձրեց: Մհեր Հարությունյանը, նշում է, որ միշտ էլ գիտակցել են՝ հրադադարով պատերազմը չավարտվեց, մենք միշտ էլ պատերազմի մեջ ենք եղել: Ազատամարտիկը ընդգծում է, որ հիմա անելիքներն ավելի շատ են, հաղթանակը պահելն առավել քան դժվար է: Թշնամին երբեք չի հաշտվել կորստի հետ, նրա կողմից անակնկալ հարձակումը, ներկա իրավիճակը ազատամարտիկների համար անակնկալ չէր:



Աշոտ Կարապետյանը, որ առաջին կամավորներից է, պատմեց 24 տարի առաջ այդ օրը կատարված սխրագործությունից դրվագներ, որոնք խոսքերով նկարագրելու չեն: Ազատամարտիկը լավ է հիշում այդ լուսավոր օրը, երբ վերջնական հարձակման հրաման ստացան: Ասում է, անձրևային, թխպոտ եղանակն իրենց խանգարում էր պլանն իրագործել, բայց ի վերջո որոշեցին եղանակին չսպասել: Պարզվում է՝ հաղթանակն ի վերուստ էր, առաջին անակնկալն ու օգնությունը բնությունը արեց, երբ նախորդած մռայլ օրերին պայծառ օր հաջորդեց: «Մենք այնպիսի անհավասար պայմաններում հասանք հաղթանակի, մենք տասնապատիկ պետք է թշնամուց շատ լինեինք, մինչդեռ տասնապատիկ քիչ էինք: Մոտ 3000 հոգի էինք, բայց այդքանը կռվողներ չէին, այդքան զենք չկար, մեկը զոհվում էր, վիրավորվում, մյուսը զենքը վերցնում էր:Մեր հաշվարկով մեր կողմից զոհասեղանին պետք է դրվեր 800կյանք, բայց 48 զոհ տվեցինք»,-պատմեց Աշոտ Կարապետյանը:



24 տարի անց մարտական ոգին չի լքել հայ կամավորներին, նրանք այսօր էլ պատրաստ են, թեկուզ անհավասար պայմաններում կռիվ մղել եւ անպայման հաղթանակ տոնել:



Արևիկ Հակոբյան