Նախարարը չանսաց զինվորի քրոջ խնդրանքին ու ներկա չեղավ թաղմանը

Նախարարը չանսաց զինվորի քրոջ խնդրանքին ու ներկա չեղավ թաղմանը

Օրեր առաջ Ստեփանակերտի զինհոսպիտալում մահացավ Արցախի քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից մեկը՝ 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Հաջորդ օրը զինվորի քույրը՝ Իտալիայում բնակվող Ինգա Շիբիլիա Գասպարյանը բաց նամակով դիմեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրանքով ներկա գտնվել եղբոր հուղարկավորությանն ու հերոսի շքանշան պարգևել նրան:



Ինգայից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանք ստացավ իր նամակը, հուղարկավորության արարողությանը ներկա՞ էր, արդյոք, ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Մեր հարցին ի պատասխան, զոհված զինվորի քույրն ասաց, որ նախարարը ներկա չի գտնվել թաղմանը, բայց եղբոր գործը քննելով, նրան հետմահու մեդալ է շնորհվել. «Ցավոք, նախարարը ներկա չեղավ, բայց Սարգիսի դեպքը քննելուց հետո պաշտոնական ուղերձ ուղղվեց Սարգիսին, որը կարդաց Ղարաբաղի պաշտպանության նախարարության սոցիալական բաժնի պետ, գնդապետ Սամվել Աբրահամյանը, իսկ Բակո Սահակյանն էլ, դեպքը քննելուց հետո որոշեց շքանշանով պարգևատրել, որը ևս տեղի ունեցավ հուղարկավորության ժամանակ. Սարգիսին հետմահու պարգևեցին «Մարտական ծառայության» շքանշանով՝ արիության համար»:



Այսպիսով, հերոսական մահով զոհված Սարգիս Գասպարյանին հուղարկավորության ժամանակ առանձնակի ուշադրություն էր հատկացվել ԼՂՀ իշխանություններից, մինչդեռ աղջկա նամակը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին էր ուղղված: Այս ամենով հանդերձ, Սարգիս Գասպարյանի քույրը կարծում է, որ իր նամակն ընդամենը զուգադիպություն էր, նախարարությունն այսպես թե այնպես անտարբեր չէ իր հերոսների նկատմամբ:



Հիշեցնենք, որ Սարգիս Գասպարյանը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում, վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այդ օրերին, և որքան էլ փորձեցին բժիշկները փրկել նրա կյանքը, ցավոք, չհաջողվեց: Սարգիսը վիրավորում էր ստացել՝ ընկերոջն օգնելու ժամանակ: Նշենք նաև որ հերոսացած զինվորը փետրվարին էր ավարտել ծառայությունը, բայց իմանալով պատերազմական իրավիճակի մասին, վերադարձել էր նորից դիրքեր:



Շուշաննա Գրիգորյան