Կոմունիստների էնտուզիազմը կորել է, երթի մասնակիցները քիչ էին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կոմունիստների էնտուզիազմը կորել է, երթի մասնակիցները քիչ էին (ֆոտոշարք, տեսանյութ)

Հայ կոմունիստական կուսակցության անդամներն այսօր` մայիսի 9-ին, Երեւանի կենտրոնում «Անմահ գունդ» անվանումով երթ արեցին` նվիրված Հայրենական պատերազմում, Ղարաբաղի անկախության, Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին: Երթը մեկնարկեց ժամը 12։30-ին Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր իր ձեռքին պահում էր հայրիկի լուսանկարը, ով 1941 թ պատերազմը սկսվելուն պես զորակոչվել է սովետական բանակ, մարտնչել է Կերչում։ Hraparak.am-ի հետ զրույցում Տաճատ Սարգսյանն ասաց, որ այսօր մեծ հպարտությամբ է տանում իր հայրիկի լուսանկարը. «Հայրիկիս նման հարյուր հազարավոր մարդիկ ֆաշիստական Գերմանիայի ճիրաններից փրկեցին սովետական միության ժողովուրդներին, և ես կասեի աշխարհի ժողովուրդներին»։



Ի տարբերություն մյուս տարիների, այս տարվա երթի մասնակիցների թիվն այդքան էլ մեծ չէր։ Մեզ հետ զրույցում կոմունիստական կուսակցության անդամներից մի քանիսը նշեցին, որ մարդկանց ոչ շատ լինելը միգուցե պայմանավորված է սահմանում տիրող լարված իրավիճակի, հետպատերազմյան սթրեսների հետ։ Կոմունիստական կուսակցության դրոշը, Մեծ Հայրենականի, այս ապրիլյան պատերազմի և Շուշի ազատագրման համար զոհված հերոսների նկարները ձեռքներին երթի մասնակիցնեը քայլում էին ու երգում ազգային երգեր։ Երթին մասնակցում էին վետերաներ, կոմունիստական կուսակցության անդամներ, պատերազմում իրենց մտերիմներին կորցրած մարդիկ և պարզապես քաղաքացիներ։ Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի չկար մեծ ոգևորության ալիքը, հաղթական տրամադրությունն ու ուրախ դեմքերը։ Հաղթական երգերն էլ ընդամենը մեկ երկուսն էին։



Մաշտոցի պողոտան գրեթե լուռումունջ անցնելով՝ Մատենադարանի հարակից տարածքից մասնակիցներին մի քանի երթուղային մեքենաներով տեղափոխեցին «Հաղթանակ» զբոսայգի։ Ավտոբուսների քանակը քիչ էր երթին մասնակիցների համար, մի կերպ իրար հրելով ու «նեղ-տեղ» անելու սկզբունքով երթուղայիննեը շարժվեցին զբոսայգի։ Երթուղայինի ամեն պտույտի ժամանակ թվում էր՝ այն շրջվելու է, մարդիկ էլ անընդհատ «իրար էին գրկում»: Հետաքրքրվեցինք, թե ինչու է նման վիճակ, արդյո՞ք սա անկազմակերպվածության մասին չի խոսում, Կոմունիստական կուսակցության անդամներից մի տարեց մարդ պատասխանեց, որ պատերազմական այս շրջանում սա էլ եթե անում են, լավ է։



«Հաղթանակ» զբոսայգու մուտքից մի փոքր հեռու իրենց բիզնեսն էին «ծաղկեցնում» ծաղկավաճառները։ Նրանք եւս դժգոհ էին, մյուս տարիների համեմատ այս տարի այդքան էլ լավ վաճառք չի եղել, բայց ծաղիկներն էլ չեն թանկացրել:  Մի ծաղկավաճառ անկեղծացավ՝ եթե մի փունջ կակաչը երեկ վաճառել են 100-150 դրամ, ապա այսօր 200 են սահմանել գինը։



Այնուհետ  երթի մասնակիցները շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին, այսօր բոլորի համար բաց էր նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը։ Թանգարանի դիմացի բեմահարթակին երգում էին զինվորականները։ Hraparak.am-ի հետ զրույցում թանգարանի գիտաշխատող, կապիտան Նարինե Խաչատրյանն ասաց, որ մյուս տարիների համեմատ` այս տարի թանգարան այցելուների թիվը քիչ է, բայց անկախ այս ամենից` թանգարան մշտապես այցելողներ կան, այդ թվում` օտարերկրացիներ, սփյուռքահայեր։



Հիշեցնենք, որ անհայտ զինվորի հուշահամալիրին վաղ առավոտից այցելել են ու ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձինք, պատգամավորներ: