Ղարաբաղին տված օգնությունից հետո ալյուրը թանկացրել է

Ղարաբաղին տված օգնությունից հետո ալյուրը թանկացրել է

Պարզվում է՝ Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն, որը վճարվելու է մեր բոլորիս գրպաններից։ Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը։ 15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը:



Տարեսկզբին այս գործարանը 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ-հասավ 22 դոլարի: Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով: Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար։ Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանանա գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին։ Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը։ Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում։



Երեկ մեզ չհաջողվեց կապվել գործարարի հետ, «Բաղրամյանի ալրաղացի» արտադրամասի պետ ներկայացած Սայաթը մեզ հայտնեց, որ ինքն արտերկրում է՝ Ռուսաստանում, տեղյակ չէ՝ ալյուրը թանկացել է, թե ոչ։ «Ցորենի հետ կապված՝ կարող է թանկացում լինի»,- փորձեց գուշակել նա։ Ալրաղացի հաշվապահության ներկայացուցիչն էլ հայտնեց, որ բարձր որակի ալյուրը դարձել է 10.560 դրամ. «Մեկ դոլար թանկացել է, երեւի ցորենի գնի հետ կապված»։



Խոսեցինք նաեւ «Մանանա գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի հետ։ Նա էլ ասաց, թե թանկացումը պայմանավորված է ցորենի գներով։ Հետաքրքրվեցինք, թե ինչու է Ռուսաստանում ցորենը թանկացել։ «Ի՞նչ իմանամ։ Որ թանկացնում են, պիտի ասե՞ն»։ Նիկողոսյանը ենթադրեց, որ գուցե «սեզոնի» վերջ է, ու նոր ցորենը պետք է դուրս գա, այդ պատճառով են թանկացրել։ Նկատեցինք, որ նման դեպքում տրամաբանորեն պետք է էժանանա։ «Նայած տարի»,- հակադարձեց Նիկողոսյանը։ Չհիշեց նաեւ՝ անցած տարի «սեզոնի վերջում» ցորենը թանկացել է, թե էժանացել։ Փորձեցինք ճշտել. եթե ցորենը թանկացել է, ինչո՞ւ հայաստանյան ոչ բոլոր ալյուր արտադրող ընկերություններն են ապրանքի գինը թանկացրել։ «Ինֆորմացիա չունեմ»,- պատասխանեց նա։



Իրականում ռուսական ցորենի շուկայում ապրիլի 1-ից մինչ օրս գրեթե փոփոխություն չի եղել, ապրիլմեկյան գները (1 տոննա ցորենը՝ 10-12 հազար ռուբլի) պահպանվում էին նաեւ երեկվա դրությամբ։ Զգալի փոփոխություն չի նկատվել նաեւ ռուբլի-դոլար կուրսում։ Երեկվա դրությամբ 1 դոլարը 66 ռուբլի էր, մեկ ամիս առաջ՝ 67։ Հենց այս ուսումնասիրություններն են հիմք տալիս պնդելու, որ Ղարաբաղին ոչ թե Սամվել Ալեքսանյանն է օգնություն տվել, այլ մեզանից յուրաքանչյուրը։



ՀԳ. ԵՏՄ-ին Հայաստանի ադամակցությունից հետո որոշ տնտեսվարողներ սկսեցին ռուսական արտադրության ալյուր ներկրել Հայաստան: Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաեւ ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը: Սակայն Սամվել Ալեքսանյանը գտավ ալյուրի ներկրումները որոշակիորեն սահմանափակելու եւ իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Նա հավաքեց բոլոր ներկրող ընկերություններին եւ Սերժ Սարգսյանի անունից բոլորին կարգադրեց այլեւս չանել դա, բերել միայն ցորեն, որպեսզի հնարավոր լինի ներքին արտադրությանը զարկ տալ, աշխատատեղեր չկրճատել, հայրենիք պահել:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ