Վերաքննիչ դատարանը դեմ է համաշխարհային լրագրության կանոններին

Վերաքննիչ դատարանը դեմ է համաշխարհային լրագրության կանոններին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ մեր վեճը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան։ Օրերս «Հրապարակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը բողոք են ներկայացրել ընդդեմ վերաքննիչ դատարանի վճռի, որով անփոփոխ էր թողնվել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հանել Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը hraparak.am կայքից եւ հերքում տպագրել նախարարի կնոջ վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի մասով։ Թեեւ ամբողջ դատաքննության ընթացքում Ռուզաննա Խաչատրյանն ընդամենը երկու պարբերություն է դիտարկել պրոբլեմատիկ, որոնք վերաբերում էին «որոշ լրատվամիջոցների» պնդումներին՝ իր մասնակցությամբ վթարի մասին, նա պահանջում է հանել կայքից ամբողջ հոդվածը, իսկ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը սա հիմնավորում է նրանով (բռնվեք աթոռներից՝ Ս․ Ս․), որ դրանով կկորի հոդվածի ամբողջական իմաստը։ Այսինքն՝ ինքը խիստ շահագրգռված էր այս հոդվածի իմաստով։



Չխորանալով փաստաբանների մատնանշած դատական սխալների եւ իրավական պարզ անգրագիտությունների մեջ, որոնք այս քննության ընթացքում շատ են, կենտրոնանանք վերաքննիչ դատարանի դատավորների միայն մեկ պնդման վրա։ Այն բավական է՝ ջնջելու համար աշխարհում մինչ օրս գրված հոդվածների առնվազն 50 տոկոսը։ Ուրեմն, ըստ վերաքննիչ դատարանի դատավորների, որոնք մեր գործով որոշում են կայացրել, եթե լրագրողը միջոցներ է ձեռնարկում՝ ճշտելու տեղեկատվության իսկությունը, ու անձից տեղեկանում է, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, իսկ վերջինս ասում է՝ ոչ, ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա լրագրողը չպետք է տվյալ նյութը գրի, անգամ եթե նշում է պատասխանողի տեսակետը։



Լուսինե Հակոբյանը վճռաբեկ բողոքում պատկերավոր օրինակ է բերում․ «Դիցուք, հեղինակավոր «Վաշինգտոն փոստ»-ի լրագրողը տեղեկացել է, այսպես կոչված, պանամական սկանդալի մասին եւ այդ սկանդալում Իլհամ Ալիեւի կլանի ներգրավվածության մասին եւ հարցում է ուղարկում Ալիեւներին այն մասին, թե արդյոք նրանք իրո՞ք հսկայական միջոցներ ունեն օֆշորային գոտիներում, ինչի վերաբերյալ լուրեր են տարածվում, եւ ինչի կապակցությամբ նրանց անունը շոշափվում է հայտնի պանամական սկանդալում, եւ Ալիեւները պատասխանում են, որ չունեն։ Ստացվում է, որ «Վաշինգտոն փոստը» նյութ չպե՞տք է հրապարակի այս մասին` թեկուզեւ նշելով, որ Ալիեւները հերքում են իրենց մասնակցությունը նշված իրադարձություններին։ Եթե իրավաչափ ենք համարում այս տեսակետը, ապա գրչի մի զարկով պարզապես խաչ ենք քաշում համաշխարհային լրագրության հանրաճանաչ սկզբունքների եւ, առհասարակ, խոսքի ազատության վրա»:



Վերաքննիչի վճռում նաեւ փաստական աղավաղումներ կան։ Գրել են, որ մենք գրել ենք, որ Ռուզաննա Խաչատրյանը կատարել է հանցագործություն, այնինչ մեր հոդվածում նման պնդում չկա։ «Ամոթ է, որ վերաքննիչը նման սխալներ է թույլ տալիս»,- ասում է փաստաբանը։ Առհասարակ, վերաքննիչի դատավորները շատ հարցեր են վերլուծել, որոնք մեր հրապարակման հետ կապ չունեն։ Օրինակ, նրանք մի մեծ դասախոսություն են գրել այն մասին, թե ինչ է տեղեկատվության աղբյուրը, այն մասին, որ «որոշ լրատվամիջոցները» տեղեկատվության աղբյուր չեն, բայց մենք նման բան չենք էլ ասել։ Կամ՝ մի ծավալուն վերլուծություն են տեղադրել, թե ինչն է հանրային շահը։ Իսկ հասկանալու համար, թե բխո՞ւմ է արդյոք հոդվածը հանրային շահից, թե ոչ, ըստ մեր սիրելի ու վստահելի դատավորների, պետք է լրագրողը միջոցներ ձեռնարկի։ Թե ինչ միջոցներ, չի ասում, բայց պետք է ձեռնարկի։



«Հայցվորի հանրային անձ լինելը փաստարկելիս,- գրում են մեր վստահելի դատավորները,- պետք է ապացուցվեր, որ մինչ հոդվածը հրապարակելը ձեռնարկվել են այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել հանգելու հետեւության այն մասին, որ այդ տվյալները պայմանավորված են եղել գերակա հանրային շահով եւ կարող էին համապատասխանել իրականությանը»։ Ասենք, ի՞նչ միջոցներ ձեռնարկել։ Փողոցում մոտենալ ՀՀ քաղաքացիներին եւ սոցիոլոգիական հարցո՞ւմ անցկացնել՝ արդյոք ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե քանի հազար եվրո է ծախսել Սեյրան Օհանյանի կինը 2015-2016 թվականներին իր հագուստի վրա։ Կամ՝ ինչո՞ւ է ՊՆախարարի կինը մի քանի հազար եվրոյանոց շորեր հագնում, երբ մեր բանակը մարտնչում է 80-ականների զենքով։ Էլի շատ հարցեր կան պաշտպանության նախարարի ունեցվածքի վերաբերյալ։ Բայց ինչ հարցում էլ անենք, վստահ ենք, որ Հայաստանում կգտնվեն դատավորներ, որոնք կգրեն, որ դա հանրային շահ չէ։ Հանրային շահը, թերեւս, ինֆորմացիան փակելն է, ՊՆ-ի, բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց կանանց մասին ոչ մի հրապարակում չանելը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ