Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ և 4 վիրավոր

Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ և 4 վիրավոր

Երեւանում այսօր ավազակային հարձակման դեպք է գրանցվել, որի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 4 հոգի: ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:



Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:



Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երևանի Պոպովի փողոցի բնակիչներ, 1991 թ. ծնված Էդգար Մանուկյանն ու 1987 թ. ծնված Հրաչյա Ֆալանջյանն են:



Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:



Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ուշագրավ է, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ ավազակային հարձակման մյուս մասնակիցը վերջինիս հարեւանն է:



 



Մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման ենթարկված անձինք: Նրանցից 57-ամյա Լևոն Ավետիսյանը եւս ոստիկանության նախկին աշխատակից է, այժմ «Bravo» տաքսի ծառայության տնօրենն է: Մյուս տուժածը  նրա տղան է՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը։



Ոստիկանությունից տեղեկացանք, որ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Մեր տեղեկություններով՝ Հրաչյա Ֆալանջյանը  ճանաչել է Լեւոն Ավետիսյանին, իսկ հարձակման նպատակը եղել է գողությունը: