Ականջալուր եղեք Ժիրայր Սեֆիլյանին

Ականջալուր եղեք Ժիրայր Սեֆիլյանին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասուլիսում հայտարարել էր, որ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի օրերին հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելյան հատվածում ունեցել է 7 միլիոն քառ. մետր տարածքային կորուստ։ Նա նշել է նաեւ, որ մենք տարածքային կորուստներ ենք ունեցել նաեւ ԼՂ-ի հարավային հատվածում։ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողներին խորհուրդ է տվել իր ունեցած տեղեկության հավաստիությունը ճշտել պաշտոնական աղբյուրներից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքն անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիսին»։



Մեր աղբյուրը, սակայն, այդ մասին ուշագրավ տեղեկություններ հաղորդեց. անցած շաբաթ օրը՝ մայիսի 7-ին, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ քննարկում, որին չեն մասնակցել ԶԼՄ ներկայացուցիչներ։ Մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես իշխող ՀՀԿ-ից, այնպես էլ ընդդիմությունից, հասարակական կազմակերպություններից։ Ներկա են եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ, պատգամավորներ, որոնք եղել են առաջին գծում եւ տիրապետում են իրավիճակին։ Քննարկման մասնակիցներն իրազեկվել են, որ մենք ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին 18 պոստ ենք հանձնել հակառակորդին։ Մեր աղբյուրի վկայությամբ, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը հիմնված է այս տեղեկատվության վրա։