Հղի կնոջ մահացության դեպքն ուսումնասիրվում է, քննարկում է լինելու

Հղի կնոջ մահացության դեպքն ուսումնասիրվում է, քննարկում է լինելու

Օրեր առաջ գրանցված հղի կնոջ մահացության դեպքով առողջապահության նախարարությունը քննարկում է ունենալու: Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնում է ԱՆ խոսնակ Անահիտ Հայթայանը. «Նախարարի կողմից հանձնարարվել է, որ ուսումնասիրվի դեպքը: Առաջիկայում մասնագետների մասնակցության քննարկում տեղի կունենա գործի հետ կապված, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:



Հիշեցնենք, որ Երևանի 34-ամյա բնակչուհի է, ով գտնվել է հղիության 24 շաբաթականում նախ տեղափոխվել է «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար հետազոտություններ է անցել: Սակայն, կնոջ վիճակը կտրուկ վատացել է, որից հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, այստեղ մոտ 10 օր կրկին ստացիոնար բուժվել է: Բժշկական կենտրոնը հետազոտություններ է իրականացրել ու պարզել, որ հղիի մոտ առկա է տուբերկուլյոզ և անմիջապես ուղեգրել են Աբովյանի հակատուբերկուլյոզային կենտրոն, որտեղ մի քանի օր մնալուց հետո սկսել է վաղաժամ ծննդաբերություն: Այնտեղից կրկին ուղեգրել են Էրեբունի հիվանդանոց՝ պտուղները հեռացնելու համար: Այս անգամ հղին բ/կ-ում մնացել է երկու օր, որից հետո նոր միայն պտուղները հեռացրել են, իսկ կնոջը կրկին տեղափոխել Աբովյանի հիվանդանոց, որտեղ և նա մահացել է:



«Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ մահացած հղին կենտրոնից դուրս է գրվել դեռ մեկ ամիս առաջ, իսկ իրենց մոտ գտնվելիս 19 շաբաթական հղի է եղել, հիվանդանոցում մնացել է ընդամենը 6 օր: Այլ տեղեկություններ և մեկնաբանություններ այս պահին չեն տրվում: Hraparak.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ վերը նշված մահվան դեպքով այս պահին դեռ նյութեր չեն ստացել և ոչ էլ ահազանգ է եղել:



Իսկ մենք նշենք, որ Աննայի հարազատները համարում են, որ կինը մահացել է ոչ թե թոքախտից, այլ արյան վարակումից, քանի որ ըստ նրանց՝ կնոջ պտղաջրերի հոսելուց հետո, երբ նրան կրկին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ մահացած պտուղը հեռացնելու համար, ժամանակին չի իրականացվել այդ գործողությունը: