Բաց նամակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի փախստական հայերից

Բաց նամակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի փախստական հայերից

Ադրբեջանական պետության ցեղասպան քաղաքականությունը, որ հիմնվել է Հարավային Կովկասում թյուրքական ցեղերի մեծամասնության վրա եւ սնվել թուրքական գաղափարական օջախներից, մինչ այժմ ղեկավարվում է սեփական ենթակայության տակ գտնվող տարածքներում ազգային հարցի լուծման` փոքրամասնություններին ոչնչացնելու գաղափարախոսությամբ, ինչը հաստատվում է`



Ա. Սկսած տասնիններոդ դարի վերջերից եւ քսաներորդ դարի սկզբներին՝ ռուսական այն նահանգներում, որտեղ մեծամասնություն էին կազմում թյուրքական ցեղերը, տեղի հայ բնակչության կոտորածներով,



Բ. Տասնամյակներ շարունակ հայ բնակչության տեղահանությամբ Նախիջեւանի ԻՀ-ից, որը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, եւ որը, ի վերջո, տվեց հարյուր տոկոսանոց արդյունք,



Գ. ԼՂԻՄ-ում թուրք բնակչության թվաքանակի համակարգված մեծացմամբ,



Դ. Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում, ինչպես նաեւ Ադրբեջանի մյուս բնակավայրերում հայ բնակչության կոտորածների հրահրմամբ, կանանց, երեխաների եւ ծերերի սադիստական սպանություններով, որոնք ցայժմ չեն ստացել որակավորում որպես ցեղասպանություն, 



Ե. Տեղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությամբ՝ ներգրավվելով այդ քաղաքականության իրականացման համար նաեւ զինվորական ստորաբաժանումները, ներառյալ՝ ԽՍՀՄ կառավարության անմիջական ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները («Կոլցո» օպերացիան), որոնց արդյունքում հիսուներեք հայաբնակ գյուղ հայաթափվեց եւ ենթարկվեց էթնիկ զտման, 



Զ. Այն հանցագործություններով, որոնց մասին մենք նախազգուշացրել էինք «Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի հետկանչի առաջարկությամբ», եւ որոնք իրականացվեցին երկու հազար տասնվեց թվականի ապրիլի երկուսից հինգը տեւած քառօրյա պատերազմի ընթացքում, քանի որ այդ որոշումը հնարավորություն էր տալիս ադրբեջանական իշխանություններին՝ հումանիտար խնդիրների լուծման քողի տակ ագրեսիա իրականացնել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ եւ կյանքի կոչել Արցախի Հանրապետության բնակչության տեղահանությունն ու լիակատար ոչնչացումը:



Նկատի ունենալով վերոշարադրյալը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ փախստականները, ովքեր արդեն քառորդ դար զրկված են մարդու այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են կյանքի իրավունքը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք եւ այլն, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, իրենց մտահոգությունն են հայտնում ներկայիս հարցերի շուրջ: Մենք կարող ենք արձանագրել, որ տասնամյակներ շարունակ տեղի ունեցածը ոչ տարերային է, ոչ էլ պատահականություն:



Մենք մեղադրում ենք նախեւառաջ ներկայիս աշխարհի մեծ պետությունների ղեկավարներին, Եվրոպայի ներկայիս առաջնորդին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, ադրբեջանական իշխանություններին՝ նպատակուղղված, երբեմն էլ ակամա քաջալերելու համար, որոնց նպատակը Արեւմտյան Մերձկասպյան ռեգիոնի հայ բնակչության ոչնչացումն էր: Մենք հայտարարում ենք, որ Արեւմտյան Մերձկասպյան ռեգիոնում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների վերականգնումը փոխարինվում է ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ, եւ հավաստիացնում ենք, որ Ադրբեջան պետության առջեւ ծառացած խնդիրները, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունը եւ այլն, իրականում հանդիսանում են Արեւմտյան Մերձկասպյան ռեգիոնում ժողովրդավարության բացակայություն եւ դրա փոխարեն արեւելյան տիպի բռնատիրության գոյություն:



Մենք փաստում ենք, որ այն բանից հետո, երբ ԼՂԻՄ-ն առաջարկեց սեփական կարգավիճակի հարցը որոշել համահունչ իր քաղաքացիների տրամադրություններին, ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասսայական կոտորածներ սանձազերծել Ադրբեջանական ԽՍՀ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ, ԼՂԻՄ սահմաններից դուրս` Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում եւ այլուր: Մենք ցանկանում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը այն նախադեպի վրա, որ կա Աբխազիա-Վրաստան, եւ Հարավային Օսիա, Մոլդովա-Մերձդնեստրիա, ՌԴ-Չեչնիա, որտեղ կարգավիճակային վերափոխումները չբերեցին քաղաքացիների կարգավիճակային փոփոխությունների, եւ տեղի չունեցան մասսայական կոտորածներ: Մենք հասկանում ենք, որ մեծ տերությունների շահերով պայմանավորված՝ տեղի ունեցան որոշակի սկզբունքային փոփոխություններ դեպի տարածքային ամբողջականությունը, տարածքների փոխանակությունն ու անջատողականությունը, ինչը հանգեցրեց ցեղասպանության, իսկ դրա կանխարգելումն էլ` պատերազմի:



Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի անկախության հռչակումը տեղի է ունեցել ԽՍՀՄ Սահմանադրության եւ միջազգային օրենքների խախտումներով, ինչն էլ հանգեցրել է ցեղասպանության եւ պատերազմի: Մենք նաեւ վստահ ենք, որ այս խախտումները հանցակից են դարձրել աշխարհի մեծ պետություններին այն հանցագործությունների մեջ, որոնք իրականացվել են հայերի հանդեպ, ինչպես նաեւ այլ ազգությունների եւ սոցիալական խմբերի հանդեպ այն ահաբեկչական պետության կողմից, որն իրեն վերապահել էր իրավունք՝ որոշել Արեւմտյան Մերձկասպյան ռեգիոնի ժողովուրդների եւ սոցիալական խմբերի ճակատագիրը:



Մենք պահանջում ենք այն իրավական խնդիրներին կարգավորում տալ, որոնք առաջացել են ԽՍՀՄ կազմից պետությունների կամ կազմավորումների դուրս գալու ընթացքում կամայական որոշումներ կայացնելիս, ինչն էլ հանգեցրել է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը եւ մարդկության դեմ համալիր հանցագործությունների իրականացմանը, ինչպիսիք են տեղահանումը, էթնիկ զտումները, ազգային պատկանելության հիմքի վրա սպանությունների իրականացումը, բանտարկումը, հալածանքները՝ կրոնական եւ ռասսայական պատկանելության հիմքի վրա, եւ կոչերը՝ լիակատար բնաջնջել Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչությունը, ինչը հավասարազոր է ցեղասպանության:



Խնդրում ենք Ձեզ` Հայաստանի առաջին նախագահին, ջանքեր ներդնել միջազգային կառույցների ստեղծման համար` մեր իրավունքների պաշտպանության նպատակով, Արցախի Հանրապետության հետ կապված հարցերի կարգավորման գործընթացում: