Այսքանից հետո ինչո՞ւ են լռում Կոտայքի մարզպետն ու Հրազդանի քաղաքապետը

Այսքանից հետո ինչո՞ւ են լռում Կոտայքի մարզպետն ու Հրազդանի քաղաքապետը

Վերջին օրերին մամուլը ողողված է Արցախին օգնության նպատակով հավաքագրված գումարները` որպես ընտրակաշառք բաժանելու մասին լուրերով: Մասնավորապես, տեղեկություններ հրապարակվեցին, թե Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» եւ այդ կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով էլ բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին եւ անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին: Կոտայքի մարզպետարանի կողմից Արցախի համար ապրանքներն էլ գնվել են հենց Կարապետ Գուլոյանի եւ Արամ Դանիելյանի հետ կապ ունեցող ընկերություններից: Հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ձկան նման լուռ են, որից էլ կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցներն ամեն բան բացահայտել են եւ նրանք ասելու բան չունեն: Այնինչ եթե իրենց գործն արդար էր, հիմա պետք է Կոտայքի մարզպետը մամուլի ասուլիսով հանդես գար եւ ներկայացներ, թե հիմնադրամին ուղղված գումարները ինչ նպատակներով են մսխել:



Ի դեպ, հիշեցնենք, որ Հրազդանում ընտրություններին ընդառաջ, երբ շտաբի պետերը, համատիրության նախագահները, թաղապետերը ընտրակաշառք էին բաժանում, այս մասին էլ լռում էին մարզային եւ քաղաքային կառույցները: Եվ որպեսզի նրանց դեմքը մի քիչ «սպիտակեր», ընտրության օրը ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները եկան Հրազդան, անգամ նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ փորձում էր թվաբանությամբ բացատրել, որ Հրազդանում ընտրակաշառք չի բաժանվել. «Եկեք միասին տրամաբանենք, ընդիմախոսները ասում են 200-ից - 400 հազար դոլարի ընտրակաշառք է բաժանվում Հրազդանում: Ընդունենք միջին թիվը 300 հազար: Մեղադրեցին նաեւ, որ մեր թեկնածուն 10 հազար դրամ է բաժանում ամեն ընտրաձայնի համար: Այսինքն 300 հազար դոլար մոտավորապես 150 մլն դրամ է, որը պետք է 10 հազար դրամ ձայնի հաշվարկով պետք է հասներ 15 հազար մարդի»,-ասուլիսի ընթացքում ասել էր Արմեն Աշոտյանը: Չի բացառվում, որ մեծ աղմուկ բարձրացրած այս հարցի շուրջը մի լավ գումարում հանում անեն, եւ կրկին Աշոտյանին ուղակեն Հրազդան մամուլի ասուլիսով հանդես գալու համար: Քանի որ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամը» չունի ոչ կայք, եւ ոչ էլ էլեկտրոնային հասցե, ուստի Կոտայքի մարզպետարան գրավոր հարցում էինք ուղարկել, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել:



1. Ապրիլյան քառօրյա պատերազից հետո «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» -ին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները, ինչպես նաեւ անհատներ որքա՞ն գումար են փոխանցել:



2. Փոխանցված գումարից դրամական օգնություն տրվե՞լ է Արցախին, եթե այո, ապա որքա՞ն:



3. Երկու անգամ մարզպետարանի կողմից պարենամթերքի տեսքով օգնություն է ուղարկվել Արցախ, որքա՞ն գումար է ծախսվել այդ ուղղությամբ:



Տարբեր դպրոցների տնօրենների եւ գյուղապետերի հետ զրույցներից պարզ է դառնում, որ գումարները փոխանցել են Կոտայքի մարզպետարանի կողմից ուղարկված հաշվեհամարին: «Մարզպետարանից հաշիվ են տվել, համայնքի կողմից 681 հազար դրամ փոխանցել եմ», -նշեց Բջնի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը: Հարցին, թե տեղյակ եք` ձեր գումարը տեղ հասել է, գյուղապետն ասաց. «Տեղյակ չեմ, բայց երկուշաբթի կհետաքրքրվեմ, տեսնեմ, թե ինչ է եղել այդ գումարը, որովհետեւ ես իմ բնակիչների առաջ հաշվետու պիտի լինեմ»: Արտավազդի գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես հենց հիմա Արցախում եմ, դա արդեն իսկ մեծ օգնություն է: Ինձ մարզպետարանի կողմից տվել են հաշվեհամար, բայց դեռ գումար չեմ փոխանցել, Արցախից կվերադառնամ գյուղ, կփոխանցեմ»:



«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» գումար են փոխանցվել Մեղաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչների կողմից 113հազար 500դրամ, իսկ աշակերտների կողմից 234հազար 500դրամ է: Հրազդանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի կողմից 180 հազար դրամ: «Ես իմ գրպանից եմ 100 հազար դրամ փոխանցել մարզպետարանի հաշվեհամարին»,- ասաց Աղավնաձորի գյուղապետ Մխիթար Դանիելյանը, ով քաղաքապետ Արամ Դանիելյանի ազգականն է: Հետաքրքիր է իմանալ, թե Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը իրենց գրպանից որքան լումա են փոխանցել հիմնադրամին:



Նելլի Կարապետյան