Վահրամ Աթանեսյանից մինչև Գալուստ Սահակյան մեկ քայլ է, իսկ մինչև Հերմինե Նաղդալյան` երկու

Վահրամ Աթանեսյանից մինչև Գալուստ Սահակյան մեկ քայլ է, իսկ մինչև Հերմինե Նաղդալյան` երկու

«Մարտունին ո՞վ է հանձնել» հոդվածում արցախցի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրում է, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և նրան հետևած առանձին թերթեր, այդ թվում և «Հրապարակը» անճշտություններ են թույլ տվել Ադրբեջանի տիրապետության տակ մնացած Արցախի տարածքների մասին:



«Պաթոսն, իհարկե, լավ է, բայց Մարտունու շրջանը «հետ բերելուց» առաջ հարկ էր նայել Արցախի քարտեզին եւ համոզվել, որ Ամարասի հովտում արյուն հեղելու կարիք չկա»,- գրում է Վահրամ Աթանեսյանը մի այնպիսի պաթոսով, ասես մի բան էլ այստեղ մենք ենք Ադրբեջանին պարտք:



Ապրիլյան պատերազմից հետո, բոլորին է արդեն հայտնի, Ադրբեջանական բանակը կարողացավ մի քանի դիրքեր վերցնել իր հսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն, մի շարք պետական գործիչներ, այդ թվում և Գալուստ Սահակյանը շտապեցին ասել, թե դրանք անկարևոր դիրքեր են, մի օր էլ կպատահի, որ մենք հետ կբերենք դրանք: Հանձնած տարածքների հարցում այս կեցվածքը ոչ միայն մերժելի է, այլև ցավալի, մանավանդ որ գիտես, թ ինչ գնով է այն քոնը դարձել: Եվ ահա Վահրամ Աթանեսյանն ասում է` Ամարասի հովտում արյուն հեղելու կարիք չկա, Մարտունու շրջանի այն տարածքների համար, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսինքն Գալուստ Սահակյանից շատ տարբեր բան չի ասում Վահրամը: Համաձայնենք, որ արյուն հեղել պետք չէ: Շավարշ Քոչարյանն էլ խորհուրդ չի տվել պատերազմ սկսել, պարզապես խոսքի մեջ ասել է` թող վերադարձնեն Շահումյանը, Մարտունու շրջանը, Մարտակերտի առանձին հատվածներ, ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, որպեսզի գոյանա մի սյուբյեկտ, որի հետ կարողանան բանակցել ամեն ինչի շուրջ: Եվ ահա փոխարտգործնախարարի լեզվի սայթաքումը, որ տեղ է գտել նաև մեր հոդվածի մեջ, Վահրամին, ասացեք խնդրեմ, հոդված գրելու առիթ է տվել ու նա մեզ դաս է տալիս` նայեք քարտեզին, հետո խոսեք:



Հարգելի Վահրամ, քարտեզին նայելիս լիքը ուրիշ բաներ էլ են երևում: Արի կլինի շատ էլ չթափահարենք այդ քարտեզը, մանավանդ որ Արցախը քարտեզով չէ, որ գիտենք երկուսս էլ, գիտենք բոլոր այն բնակավայրերը, որոնցում տակավին թուրքի լամուկներ են վազվզում: Եվ երբ դու գրում ես` Մարտունու շրջանի մի աննշան հատված է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, մտածում եմ, որ նույն կերպ ես արտահայտվելու նաև Ջավախքի, Նախիջևանի, Կարսի ու ընդհանրապես Արևմտյան Հայաստանի մասին:



Իսկ հիմա արի գնանք Մարտակերտի կողմ ու փորձենք հասկանալ, թե մեզ համար ինչ է նշանակում այն անկարևոր հատվածը, որը մնացել է Ադրբեջանի ձեռքին ու որի վերադարձի մասին խոսել են Շավարշ Քոչարյանը և նվաստս` իմ հոդվածի մեջ: Տեսնո՞ւմ ես որտեղից է Մատաղիսին, Թալիշին ու Մարտակերտին հարվածել թշնամին: Ճիշտ քո ասած` անկարևոր տարածքից, բարեկամ:



Պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր, եթե Ալիևն էլ մտածեր, որ հայերը մի քանի անկարևոր շրջաններ են գրավել: Ադրբեջանում կատարյալ տոնախմբություն կլիներ: Հիմա Դուք ուզում եք ներքին տոնախմբություն սարքել, մի նոր Ավարայր հորինել, բարոյական հաղթանակ` թե մեր տվածն ի՞նչ է, որ, մի քանի անկարևոր բլուր ու դիրք: Եվ նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությանն եք սխալ հանում, թե Ադրբեջանից ավելին են ուզում, քան պետք է:



Մնում է, որ Վահրամ Աթանեսյանը մի քայլ էլ անի և հասնի Հերմինե Նաղդալյանին` «Ադրբեջանի շրջանները վերադարձնելու հարցում»: Թուրքերի հետ քիրվայության յուրաքանչյուր առիթ այսպես վարպետորեն առաջ տանելու դեպքում կարելի է մի գեղեցիկ օր էլ կարգավորված տեսնել Արցախի հարցը` իհարկե` ԼՂԻՄ տարծքով և Լաչինի միջանցքով: Այն ժամանակ էլ կգրեք, որ կարևորը Լաչինի միջանցքն է ու մեկ էլ Ամարասի թոթի արաղը:



Էդիկ Անդրեասյան