Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հարգելի վարչապետ,



Մայիսի 12-ի կառավարության նիստում Դուք հանդես եկաք հայտարարությամբ՝ նշելով, որ անզիջում պայքար եք մղելու կոռուպցիայի դեմ և առաջարկեցիք կոռուպցիոն երևույթների մասին տեղեկություններն ու առաջարկությունները ուղղարկեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային հասցեին։ Ի նկատի ունենալով հարցի հնչեղությունը, ուզում եմ հրապարակայնորեն դիմել ձեզ, ակնկալելով հրապարակային պատասխան։



Վերջերս շատ է խոսվում Երևան քաղաքի Մանումենտի այգում կառուցած ձեր առանձնատան մասին, որը ըստ օդում կախված լուրերի պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Հարցին իրավական լուծում տալու համար, խնդրում եմ հանձնարարեք իրավապահ մարմիններին ուսումնասիրելու և պարզելու՝



1․ Ի՞նչ հիմքերով է Մանումենտի այգուն պատկանող հողատարածքից առանձնացվել ձեր առանձնատան հողատարածքը և այն հատկացվել բնակելի տարածքի կառուցապատման համար։



2․ Ե՞րբ է հայտարարվել և որտեղ տպագրվել ձեր առանձնատան հողատարածքի աճուրդ վաճառքի մասին հայտարարությունը, ովքե՞ր են մասնակցել հայտարարված աճուրդ վաճառքին, և ինչ գնով եք ձեռք բերել հողատարածքը։



3․ Ո՞վ է անցկացրել ձեր առանձնատան կառուցման նախագձի փորձաքննությունը, և ո՞վ է տվել շինարարության թուլտվությունը։



4․ Առանձնատան կառուցումը, ո՞ր շինարարական ընկերությունը, կամ բրիգադը, կամ անհատներն են իրականացրել, ի՞նչ պայմանագրի հիման վրա։



5․ Իչքա՞ն գումար եք վճարել առանձնատան կառուցման համար, որքա՞ն հարկեր է վճարվել բյուջե, ձեր առանձնատան կառուցման աշխատանքներից, որքա՞ն շինանյութի ձեռք բերման վճարներից։



6․ Ո՞րտեղից են գոյացել ձեր առանձնատան կառուցման համար անհրաժեշտ գումարները։



Պարոն վարչապետ, ցանկալի է, որ նույն ուսումնասիրությունները կատարվեն նաև մյուս օլիգարխների առանձնատների վերաբերյալ։



Ստեփան Սարուխանով