Սպանությունները, ԱԹՍ-ն Վայոց Ձորում, 3 սերունդը, Եվրատեսիլը, սև մոգությունն ու մոդել Իվետան. Մայիսի 13-ը՝ ֆեյսբուքում

Սպանությունները, ԱԹՍ-ն Վայոց Ձորում, 3 սերունդը, Եվրատեսիլը, սև մոգությունն ու մոդել Իվետան. Մայիսի 13-ը՝ ֆեյսբուքում

Ուրբաթ-13-ը իր չարագուշակ խորհրդին համահունչ, սկսվեց դժբախտ պատահարներով ու իրադարձություններով: Միանգամից մի քանի արյունալի դեպքերի մասին հրապարակումները ողողեցին թե՛ լրատվական կայքերը, թե՛ սոցիալական ցանցերը: Առավոտյան ժամը 9-ին ոստիկանությունում ստացված ահազանգի համաձայն, վիճաբանության վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել էր երիտասարդ աղջկա դի՝ կտրած-ծակած վերքերով, նրա հարազատ եղբայրը, նույն վնասվածքներով, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր, իսկ քույր ու եղբոր հայրը պայքարում էր կյանքի համար: Սպանություններն ու վիրավորումը մահացած աղջկա ընկերոջ կողմից էր կատարվել:



Եվս մեկ դժբախտ պատահար էր գրանցվել առավոտյան, հրապարկումների համաձայն, ավազակային հարձակումն ավարտվել էր տանտերերից մեկի սպանությամբ, վիրավոր էին ևս 4-ը:



Հաջորդ համացանցային հրապարակումը Վայոց Ձորի մարզում հայտնաբերված ու ոչնչացված անօդաչու թռչող սարքի մասին էր: Պատկան մարմինները սարքի արտադրության և պատկանելության մասին տվյալներ խոստացան հայտնել ավելի ուշ:



Համացանցային իսկական բում դարձավ օրվա ընթացքում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից հրապարակված մի լուսանկար: Արցախում, սահմանին արված այդ լուսանկարում նույն ընտանիքից 3 սերունդ էր՝ պապը, հայրն ու որդին, 3-ն էլ այժմ դիրքերում են: Ընտանիքի 2 հայրերը, որպես կամավորներ մեկնել են դիրքեր՝ իրենց զիվորի մոտ: Արված լուսանկարը հերոսության ու համախմբան իրական պատկեր է:



Հաջորդ հրապարակումը՝ գրաված կայքերն ու համացանցը, միջազգային լրատվամիջոցներից վերցված հերթական հրապարակումն էր՝ վերջին օրերի թոփ թեմա դարձած Եվրատեսիլ-2016 երգի մրցույթի հայազգի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մասին: Բրիտանական Wiwibloggs կայքի քվեարկության արդյունքում, մրցույթի մասնակիցներից ամենամեծ սերն ու ճանաչումը եվրոպական հանրության շրջանում վայելում է հենց մեր ներկայացուցիչը: Ձայների 31.45%-ով Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը առաջ է անցել Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներից ու հաղթել մրցույթում:



Եվրատեսիլի անվան շուրջ մեկ հրապարակում էլ շատերի զավեշտի ու զարմանքի պատճառ էր դարձել: Խոսքը կայքերից մեկի հարցազրույցի մասին է պայծառատես Անի Գրիգորյանի հետ՝ եվրատեսիլյան զարգացումների ու Իվետայի հաղթանակի մասին: Անի Գրիգորյանը բացառել էր Իվետայի հաղթանակը, նշելով, որ իր գուշակություններում նրան որպես հաղթող չի տեսնում: Ամբողջ հրապարակման ամենաքննարկված ու մեկնաբանված հատվածը պայծառատեսի խոսքն է այն մասին, որ ինքը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ կդիմի սև մոգության, որպեսզի Ադրբեջանի ներկայացուցիչը «կյանքում լավ օր չունենա»:



Համացանցում այսօր օրվա ընթացքում եղան հրապարակումներ նաև Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ պետական մակարդակով թիկնապահ տրամադրելու մասին, Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ հերթական դատական նիստի մասին, Երևանում անցկացվող բողոքի ակցիայի ու ցույցի մասին:



Շուշաննա Գրիգորյան