Հակառակորդը հիմա իշխող դիրք ունի Թալիշի վրա

Հակառակորդը հիմա իշխող դիրք ունի Թալիշի վրա

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին աղմկահարույց հայտարարությամբ կրկին խախտել է ՊՆ-ի անդորրը։ Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հյուսիսարեւելյան հատվածում 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ է ունեցել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ կեսբերան հերքել է։ Երեկ միավորումը կրկին հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով Թալիշում կորցրած տարածքների մասին իրենց հայտարարությունը՝ դրան կցելով նաեւ մի տեսանյութ, որտեղ, ըստ իրենց, պարզ երեւում է պատկերը: Տեսանյութում ասվում է նաեւ, որ հակառակորդի վերցրած դիրքերը ստրատեգիական նշանակության են, քանի որ բարձրադիր մի դիրքի գրավումով Թալիշ գյուղը եւ հարակից շրջաններն ընկել է հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ չհերքեց այս տեղեկությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ավերածություններից հետո գյուղը դեռեւս չի վերաբնակեցվել, հայտնի էլ չէ, թե երբ դա տեղի կունենա։



- Պարոն Պետրոսյան, Թալիշը վերադարձե՞լ է բնականոն կյանքի, բնակիչները վերադարձե՞լ են իրենց տները։



- Ձեր կարծիքով, որտե՞ղ պիտի վերադառնան։ Ինչի ամեն ինչ կարգավորվել է, մնացել է վերադառնա՞լը։



Բնակչությունը դրսում է, Թալիշում մարդ չի ապրում, ու ճիշտ էլ չէ մարդ տանել այնտեղ, ինչի՞ մասին է խոսքը։



- Իսկ ինչո՞ւ չեն վերադառնում, չէ որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց։



- Իհարկե, գյուղը կրակահերթի տակ չէ, ցերեկվա ժամերին՝ առավել եւս, փոխհրաձգություն լինում է գիշերվա ժամերին, մեծ տրամաչափի զենքերից չեն կրակում, բայց դա չի նշանակում, որ պետք է խաղաղ բնակիչ տանել գյուղ։ Աստված հեռու պահի, իսկ եթե նույն պատահականությամբ, նույն ուժգնությամբ ու մի բան էլ ավել նորից լինի, ես համոզված եմ, որ, Աստված ոչ արասցե, եթե նորից սկսվի, մի քանի անգամ ավելի ուժգին է լինելու։



- Նորից վերսկսվելու հավանականությունը մե՞ծ է։



- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։



- Իսկ ավերված բնակարանները վերականգնելու, ընդհանրապես՝ գյուղը վերականգնելու աշխատանքներ տարվո՞ւմ են։



- Գիտեք, եթե պայմանական, ասենք, ունենք մի 40 տուն ավերված եւ ունենք եւս մի 100 տուն, որ ավերված չէ, բայց այդ հարյուր տանը, բնականաբար, այսօր ապրող չկա, ի՞նչ կարծիքի եք, իմաստ ունի՞ այդ 40 տունն այսօր դնենք վերականգնենք։ Դա իմաստ կունենար, եթե այդ 100 տանն ապրողները նորմալ ապրեին, իսկ մյուսներն էլ մնացած լինեին բաց երկնքի տակ։ Դեռ շուտ է նման բան անելը։



- Իսկ ե՞րբ դա հնարավոր կլինի...



- Հարցրեք Նոստրադամուսին կամ Վանգային։ Երբ որ ամեն ինչ լավ լինի, հարցերը լուծվեն, խաղաղ լինի, երաշխավորված անվտանգության պայմաններում հնարավոր կլինի եւ խաղաղ բնակիչ տանել գյուղ, եւ վերականգնել վնասները։



- Ուզում էի ասել՝ Թալիշը սահմանամերձ գյուղ է, մշտապես էլ եղել են կրակոցներ, հիմա այդքան կտրո՞ւկ է իրավիճակը փոխվել, որ նպատակահարմար չէ տները վերականգնել։



- Ի՞նչ նկատի ունեք։



- Տեղեկություններ կան, որ հակառակորդի գրաված դիրքերը, հենակետերն այնպիսի նշանակություն ունեն, բարձրադիր դիրքեր են, որտեղից հիմա նշանառության տակ են պահում Թալիշ գյուղը։



- Էդ ասածի մեջ էլ ճշտություն կա։ Ամեն դեպքում, իրենց դիրքերն իշխող դիրքեր են, որոշ մասերում իշխող դիրքեր են գյուղի վրա։



- Նախկինում այդպես չէ՞ր։



- Այո, նախկինում այդպես չէր, հիմա այդպես է։ Դա էլ մի նախապայման է, որ իմաստ չունի Ձեր ասածն իրականացնել (նկատի ունի բնակարանների վերակառուցումը՝ Լ. Շ.)։



- Իսկ մեր զիջած դիրքերը որքա՞ն տարածք են կազմում։



- Ես համայնքի ղեկավար եմ եւ նման տվյալներ իրավասու չեմ տալու։



- Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ ենք ունեցել։



- Դա չափազանցված է։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ