«Ժողովուրդ». Խոսնակը տեղյակ չէր զորամասի հրամանատարի «պաշտոնանկ» լինելուց

«Ժողովուրդ». Խոսնակը տեղյակ չէր զորամասի հրամանատարի «պաշտոնանկ» լինելուց

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ լրագրողները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ճիշտ է, որ N զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանը, որին գործարար Սամվել Ալեքսանյանն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան էր նվիրել, աշխատանքից ազատվել է: Խոսնակն առանց որեւէ ճշտման պատասխանել է. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ իրականում Գեւորգյանը պաշտոնանկ չի արվել եւ շարունակում է իր ծառայությունն իրականացնել: Իսկ նվիրված ամենագնացը գրանցել են զորամսի հաշվեկշռում եւ օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա: Իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չկա նման բան, ինչ հեռացնել, դրանք խոսակցություններ են: Այդ մարդը լավ բան է արել, իր անձնական մեքենան է նվիրել, դա մեր գործունեության համար ենք օգտագործում, ինչի համար ինձ պետք է գործից հանեն»: Ներկա պայմաններում ավելի լավ կլինի, որ Հովհաննիսյանը նման դեպքերում խնդիրը ճշտելուց հետո իրեն իրավունք վերապահի պատասխան տալ, այլ ոչ թե որոշել` չեղած փաստը մեկնաբանե՞լ, թե՞ ոչ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: