Ազատամարտիկի վրա հարձակվող հերոսը հերթական պատմության մեջ է ընկել

Ազատամարտիկի վրա հարձակվող հերոսը հերթական պատմության մեջ է ընկել

Մայիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում, որի հետեւանքով երկու զոհ եւ երեք վիրավորներ կան։ Իրար են բախվել Volkswagen (34 NL 167 համարանիշի) եւ Mercedes G 500 (61 GG 661) ավտոմեքենաները: Երկուսն էլ ջախջախվել են։ Ըստ ոստիկանության տարածած նախնական տվյալների, վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն էր։ shamshyan.com-ը գրեց, որ Volkswagen-ը վարել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ Mercedes-ի ուղեւորներ՝ 28-ամյա Միքայել Բարսեղյանը, 28-ամյա Հրանտ Խաչատրյանը, Ալիկ Բաբայանը տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ մեր աղբյուրի, գործով տեղեկություն կա, որ հենց Միքայել Բարսեղյանն է եղել Mercedes-ի ղեկին։ Նրան եւ ընկերներին այդ օրը տեսել են սուպերմարկետից խմիչքով եւ մթերքով լի տոպրակներով դուրս գալիս, սակայն փորձ է արվում մեղավոր «կարգել» զոհվածներից մեկին։ Բեռնախցիկում էլ այլ համարանիշներ են եղել։



Այս գործը, որը ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է, նրանով է հետաքրքիր, որ Միքայել Բարսեղյանը քրեական քրոնիկոնի հայտնի հերոսներից է՝ խուլիգանության համար դատապարտված։ Անցյալ տարի այդ միջադեպի մասին գրել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերի տակ մարտի 4-ին Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությանն անդրադառնալիս։ Ընկերները, նախնական վարկածով, գնացել էին մեկուսարան՝ տեսակցելու սպանության փորձի մեջ մեղադրվող Դավիթ Իսպիրյանին՝ արաբկիրցի Վլադի որդուն, որը Միքայել Բարսեղյանի ընկերն է։ Իսպիրյանն ու Բարսեղյանը 2011 թվականին կրակել էին «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանի վրա՝ նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դավիթ Իսպիրյանն ու Միքայել Բարսեղյանն Օրբելի փողոցում բախվել էին մի տաքսու, հետապնդել էին վերջինիս, հայհոյել եւ ծեծել էին վարորդին։ Փորձելով փախչել՝ վարորդը մտել էր տաքսի ծառայության գրասենյակ: Տնօրենը դուրս էր եկել եւ սաստել խուլիգաններին, վերջիններս էլ կրակել էին նրա վրա։



Այս դեպքի մասին ԶԼՄ-ները 5 տարի առաջ էին անդրադարձել, գրել էինք նաեւ մենք՝ մեր աղբյուրներին հղում անելով։ Միքայել Բարսեղյանը դատվեց խուլիգանության համար, իսկ Դավիթ Իսպիրյանը՝ սպանության, ապօրինի զենք կրելու եւ խուլիգանության համար, որը զուգորդվել է անձի առողջությանը վնաս պատճառելով։ Հենց նրան էին, լուրերի համաձայն, այցելել Երրորդմասցին ու ընկերները։ Քրեաշատ անցյալ ունեցող Միքայել Բարսեղյանը, փաստորեն, որպես վթարի մասնակից, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրա մասին հայտնի է նաեւ, որ ընտրություններում ակտիվ դերակատարում ունեցող թաղի տղաներից է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ