Արմավիրում և Արարատում «պոմիդորի» հեղափոխություն է սկսվել

Արմավիրում և Արարատում «պոմիդորի» հեղափոխություն է սկսվել

Հայաստանի երկու մարզերում՝ Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում, «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների։ Ջերմատնային տնտեսությունների տերերը Էջմիածնի, Արտաշատի և Արարատի գյուղերից միմյանց հետ կապի մեջ են և կազմակերպված ձևով այսօր դուրս էին գալու բողոքի ցույցի։ Սակայն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը համոզել է նրանց սպասել և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ պաշտպանել թուրքական էժանագին լոլիկից։ «Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք է լուծվի։ Նա հանրապետությունում չի, ու մենք կսպասենք, եթե ոչ` մտնելու ենք Մեմանդարի շուկա, մեր ձեռքով մեր հարցերը լուծենք, քաղաքացիական պատերազմ ենք անելու», - ասում է մենատնտեսներից մեկը։



Խոսքը Հովտաշատի շուկայի մասին է, որը երկու տարի առաջ է բացվել և որտեղ շրջակա գյուղերի բնակիչները իրացնում են իրենց ստացած բերքը։ Թուրքիայից ներկրված լոլիկն այստեղ հայկականի հետ կողք կողքի է վաճառվում։ 1 կգ գինը իջնում է մինչև 500 դրամ, մինչդեռ գյուղացիների աճեցրած լոլիկի ինքնարժեքը մոտ 600 դրամ է։ Ստացվում է, որ թուրքական լոլիկը հայկականի ինքնարժեքից ցածր է վաճառվում` կոտրելով մեր գյուղացու մեջքը։



Դարակերտի բնակիչները համոզված են, որ այս լոլիկը մտել է Վրաստանից մաքսային կանոնների խախտմամբ` առանց մաքսազերծման։ Հակառակ դեպքում` այն առնվազն 800-900 դրամ կարժենար։ Ո՞վ է բերում մաքսանենգ լոլիկը։ Սա հարց է, որի պատասխանը մարդիկ չունեն, բայց համոզված են, որ բերողը այս աշխարհի հզորներից մեկն է, որին թույլ են տալիս անմաքս բանջարեղեն մտցնել երկիր։ Մյուս կողմից, լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի սահմանային ծառայությունները թուրքական լոլիկի ահռելի խմբաքանակ են կանգնեցրել, որը փորձում էին Ռուսաստան մտցնել հայկականի անվան տակ։ Ինչպես հայտնի է, 2016-ի հունվարից ՌԴ կառավարությունը արգելեց Թուրքիայից խաղող, ծիրան, լոլիկ, վարունգ և գյուղմթերք տեսականի ներմուծել: Գյուղացիները կասկածներ ունեն, որ հենց այս լոլիկն է «քցում» իրենց բերքի գինը։ պաշտոնապես հայտարարում եմ, որ լոլիկի վերադարձ չի եղել, եթե Ռուսաստանը ռիսկ է տեսնում, բացի այն, որ մեզ պաշտոնական նամակ է ներկայացնում, նաև հրապարակում է։



Սակայն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեզ հայտնեցին, որ վերջին շրջանում լոլիկի հետվերադարձ ՌԴ-ից չի եղել։ Սա, բնականաբար, վերաբերում է միայն այն խմբաքանակներին, որոնք օրինական ճանապարհով են ներմուծվել։ Մաքսային կանոնների խախտմամբ ներմուծված բերքը տեսչության տեսադաշտից դուրս է։ «Գնային տարբերությունը մեր և թուրքական լոլիկի միջև, որը հիմնականում վրացիներն են վաճառում, շատ չի՝ մոտ 100 դրամով նրանից էժան է, բայց այնքան շատ են ներկրում, որ սպառում չկա», - ասում է Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը։ Նա այսօր համոզել էր գյուղացիներին հանդիպել մարզպետի հետ։ «Պատկերացրեք, - ասում է գյուղապետը, - այս պատերազմական օրերին մեր գյուղացիները, բոլոր համայնքները ակտիվորեն մասնակցել են դրամահավաքներին, աջակցել են կռվող տղաներին, ու հանկարծ թուրքական բերքը մեզ խանգարում է»։



Ջերմոցային տնտեսության սեփականատեր Արմեն Սիմոնյանը հաշվարկ է ներկայացնում։ «1 կգ պոմիդորի ինքնարժեքը տարվա կտրվածքով 500-600 դրամ է։ Մինչև մայիս կարող է վաճառել մինչև 900 դրամ։ Մայիսի վերջից գինն իջնում է, հունիսին հասնում է 200-300 դրամի, հուլիսին ամենաէժան կետին է հասնում՝ 150 դրամի։ Այսինքն, տարեկան կտրվածքով մեր միջին գինը 1 կգ լոլիկի համար 600 դրամ է։ 70 տոկոսը այս գումարի մեջ գազի ծախսն է, հետո՝ թունաքիմիկատները, մնացած ծախսերը։ Մեր շահույթը մոտ 10 տոկոս է կազմում, կամ չի կազմում, եթե բերքատվությունը չապահովենք։ Հիմա թուրքականը 500 դրամով է վաճառվում, մեր ինքնարժեքից ցածր, ու մենք շահույթ չենք ունենում»։ Բերքատվությունը ապահովելը նշանակում է 1 քմ-ից 12-13 կգ կիլո պոմիդոր ստանալ, հակառակ դեպքում գյուղացին «բանկի տակից» դուրս չի գա, իսկ «բանկի» տակ են Դարակերտի բնակիչների 90 տոկոսը։ 6 տուն Դարակերտում, որը համարվում է Արարատի հարուստ գյուղերից, արդեն վաճառվել է բանկի պարտքերի դիմաց։ Եթե այս անգամ էլ հարցը չլուծվի, գյուղացիները հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, գալու են վարչապետի դուռը։ «Ամեն տարի գնացել ենք ցույցի, ցույցից հետո մեկ երկու շաբաթ թուրքական ապրանքը չի ներկրվել, բայց հետո նույնը կրկնվել է։ Հիմա չասե՞նք, որ մեր ղեկավարության մեջ նույն թուրքերն են նստած։ Նրանք թուրքի դեր են կատարում, եթե թուրքի զենքով մահացած ազատամարտիկի կամ ժամկետային զինծառայողի հոգեհանգստի սեղանին թուրքական պոմիդոր է դրված», - այս միտքը տարբեր ձևակերպումներով կրկնում են մարդիկ։



Սյուզան Սիմոնյան