«Դղյակի» տերը զոհվել է ընկերոջ կնոջ համա՞ր

«Դղյակի» տերը զոհվել է ընկերոջ կնոջ համա՞ր

«Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով նոր ձերբակալված կա՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Արտյուշա Մովսիսյանի որդին՝ Արա Մովսիսյանը։ Հայրը որդուն դեպքից հետո չի տեսել։ «Ես քաղաքում չեմ եղել, նոր եմ եկել։ Ես նստած, գլուխս բռնած, մտածում եմ՝ ի՞նչ է պատահել։ Ախր, որեւէ մեկի հետ տղաս ոչ մի թշնամանք չի ունեցել»,- ասում է Արտյուշա Մովսիսյանը։ Նա չգիտի՝ արդյոք մահացածն իր որդու ընկե՞րն էր, թե՞ ոչ։ «Քաղաքում ասում են, որ Ձեր որդին եւ Գուրգենն ընկերներ են եղել» մեր հարցին նա պատասխանեց․ «Մենք ամեն մեկս իր համար ընտանիքով ապրել ենք։ Նրանք չեն եկել մեր տանը նստել, որ իմանամ՝ ընկերներ են, թե ոչ։



Ես հիմա լարված վիճակում եմ։ Ոչինչ չգիտեմ»։ Արտյուշա Մովսիսյանը քաղաքապետարանում աշխատում է դեռեւս քաղաքապետ Միքայել Վարդանյանի ժամանակներից, երբ շենքում ամեն հարկ իր քաղաքապետն ուներ։ Նա էլ կոմունալ բաժնի պետն էր եւ իր հարկաբաժնի «տուզը»։ Հիշեցնենք, որ Գուրգեն Ավետիսյանի դին՝ խանութի մոտ նետված, նրա եղբայրն էր առաջինը տեսել։ Գուրգենին սպանել են հրազենով։ Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին։ Նախ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց հարկայինի աշխատող, Գուրգենի ընկեր Արմեն Փափազյանը։ Իսկ երեկ մեր աղբյուրը Գյումրիում տեղեկացրեց, որ Արմեն Փափազյանն իր վրա է վերցրած եղել ընկերոջ՝ Արա Մովսիսյանի մեղքը, եւ որ վերջինս գիշերն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու հանձնվել։ Ինչպե՞ս է եղել դեպքը, եւ ո՞րն է եղել սպանության պատճառը։ Ըստ Գյումրիում շրջանառվող վարկածների, «Ոսկե բլուր» ռեստորանում, կերուխումի ժամանակ, տղաները, որոնք մի քանիսն են եղել, վիճել են նրանցից մեկի կնոջ պատճառով։ Գուրգեն Ավետիսյանն ընդամենը պաշտպանել է իր ընկերոջ պատիվը։



Այնուհետեւ «ռազբորկան» շարունակվել է այլ վայրում։ Ըստ վարկածներից մեկի՝ ռեստորանից հետո տղաները գնացել են Արա Մովսիսյանի առանձնատուն, որը «Հայաստան» հուշահամալիրից քիչ հեռու է։ Մովսիսյանի հայրը, սակայն, սա չի հաստատում։ Ըստ նրա եւ նաեւ նախնական տեղեկության, հարաբերությունների հետագա պարզումը տեղի է ունեցել «Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող «Խոզանոց» կոչվող տարածքում, որը «ռազբորկաների» հայտնի տեղն է։ Գուրգեն Ավետիսյանի մասին գյումրեցիք միայն լավն են հիշում՝ թե ինչպես եղբոր հետ հալալ քրտինքով կայացրեց բիզնեսը՝ սեղանիկից մինչեւ «Դղյակ», որը քաղաքի լավագույն խանութներից էր։ Գյումրեցիք գովում են Ավետիսյանների ընտանիքը, ասելով՝ «շատ զուսպ, համեստ մարդիկ են, երկու եղբայրն էլ, հայր-մայր, գլուխները կախ, խանութն էին աշխատեցնում»։ Գուրգենին հաճախ տեսնում էին եկեղեցում՝ աղոթք անելիս։



Արա Մովսիսյանի մասին քաղաքում ասում են, որ նա ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «քիփն» է, նրա հետ նույն ընկերական շրջանակից։ Պատգամավորական վերջին ընտրությունների ժամանակ Արա Մովսիսյանը պաշտպանել է Մարտունիկին։ Արա Մովսիսյանը հենց այն «փայլուն» երիտասարդն էր, որի միջոցով 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ գործ սարքեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ նրա թիմակիցների դեմ։



Մակեյանն Անի թաղամասի ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահին հայտնել էր, որ խոշոր լցոնում է լինելու, եւ այդ պահին Արա Մովսիսյանը մտել էր տեղամաս եւ փորձել կռիվ հրահրել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, «բացատրելով» Մակեյանին, թե ինչպես պետք է խոսել հանձնաժողովի նախագահի հետ։



«Ջահելական սերունդ կա, որ մի տասը հազար ձեռքը փող է ընկնում, լեւի են գնում»,- մեկնաբանում են գյումրեցիք այս պատմությունը։ Ինչեւէ, սա այն դեպքն է, երբ եւ կինն է «մեղավոր» եղել, եւ գինին, որովհետեւ կռվի մասնակիցները գլուխները տաքացրած են եղել։ Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Արա Մովսիսյանը, մինչդեռ Արմեն Փափազյանն իր վրա է վերցրել այս ծանր հանցանքը՝ փորձելով իրավապահներին համոզել, որ հենց ինքն է կատարել: Ի դեպ, Արա Մովսիսյանի ձերբակալման փաստը հաստատեցին նաեւ ոստիկանությունում՝ հավելելով, որ նա ոստիկանություն է ներկայացել գիշերը, մի քանի օր էլ նրան էին փնտրում: Մեր տեղեկություններով, սպանվածն ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ազգականն է։ Պատգամավորը ոչ մեր զանգերին, ոչ էլ նամակին չպատասխանեց։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ