Գուրգեն Արսենյանի որդին ու ընկերները իրար ծեծել են ճյուղերով ու քարերով

Գուրգեն Արսենյանի որդին ու ընկերները իրար ծեծել են ճյուղերով ու քարերով

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս օրերին ընկճված վիճակում է։ Նրա որդին՝ 21-ամյա Գուրգեն Արսենյանը կալանավորված է խուլիգանության համար՝ 258 հոդվածի ամենախիստ 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Մյուս կողմից, հայր ու տղա մարտական են տրամադրված։ Երիտասարդի շահերը պաշտպանելու համար երեք փաստաբան են ներգրավել։ Նրանցից մեկը փաստաբան Հայկ Ալումյանն է, որը երեկ բողոքարկել է կրտսեր Գուրգեն Արսենյանի կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանում։ «Առայժմ չէի ուզի մեկնաբանել,- ասաց Հայկ Ալումյանը, - բայց իմ նախնական տպավորությունն այն է, որ իմաստ չունի այս մեղադրանքով այս մարդուն կալանքի տակ պահել։ Թող մանրակրկիտ քննեն գործը, խորանան, բայց այս փուլում ես չեմ համարում, որ կալանքի տակ պահելը արդարացված է»։



Հայտնի է, որ ապրիլին պատգամավորի որդին ընկերների հետ գնացել էր «Կրիստալ» գիշերային ակումբ՝ զվարճանալու, տղաները վիճել էին, գժտվել միմյանց հետ։ Բանն ավարտվել էր ծեծկռտուքով։ Մեր տեղեկություններով` կռվին մասնակցել են 5 հոգի։ Տուժող չկա, իսկ զենքը, կամ «որպես զենք օգտագործվող առարկաները» քարերն ու ծառի ճյուղերն են եղել, որոնցով տղաներն իրար ծեծել են, այնուամենայնիվ, տղայի վրա փորձում են ծանր հոդված «կախել»։ Դեպքից հետո Արսենյանի որդին լքել է Հայաստանը։ Ըստ ոստիկանության հաղորդման` նրան ձերբակալել են վերադառնալիս՝ Բագրատաշենի անցակետում։ Թե ինչպես է հայտնվել Արսենյանի որդին Վրաստանում, պատմում են ոստիկանության մեր աղբյուրները; Ըստ նրանց` Արսենյան կրտսերը ծանուցում է ստանում, սակայն չի ներկայանում։ Որոշում է ընդունվում նրա ձեռբակալության մասին, սակայն քննիչը տեղեկացնում է պատգամավորին, որ որդուն ձեռբակալելու են։ Նա էլ ուղարկում է վերջինիս արտասահման։ «Կինո են նայել, սյուժեները շփոթում են», - ասում է այս վարկածի մասին Հայկ Ալումյանը։ Արսենյանի շրջապատի մարդիկ այլ պատմություն են պատմում։ Ըստ նրանց` միջադեպի հերոսը ծեծկրտուքից անմիջապես հետո «տղավարի» խոսում է ոստիկանների հետ, և համարելով, որ հարթել է գործը, առանց հորն ասելու, մեկնում է Վրաստան։ Քննիչն էլ ծանուցագիր է ուղարկում մի բնակարան, որտեղ 10 տարի է` մարդ չի ապրում, և Գուրգեն կրտսերն ուղղակի չի իմացել, որ իրեն կանչում են։ Երբ տեղեկացել է, վերադարձել է Հայաստան։ Կարելի է, իհարկե, չհավատալ և կանխակալ համարել այս վարկածը, բայց այդ դեպքում հարց է ծագում․ եթե Գուրգենին ուզում էին երկրից փախցնել, ապա ինչո՞ւ տարան ընդամենը Վրաստան, այլ ոչ ավելի հեռու և ինչո՞ւ այսքան արագ հետ բերեցին։ «Այնպիսի մանիպուլյացիաներ կան գործի հետ կապված, - ասում է փաստաբան Հայկ Ալումյանը, - ուրեմն, տարածել են, որ ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում։ Ցանկացած ընթերցող, կարդալով սա, մտածում է, որ նա ուզում էր փախչել, բայց ոչ ոք չգիտի, որ ինքն է Վրաստանից իմացել, որ իր վերաբերյալ գործ է քննվում, հետ է եկել, ու անցակետում իրեն բռնել են»։



Պատասխանելով հարցին, թե գիտի արդյոք, որ գործով այլ կալանավորված անձինք չկան, փաստաբանը հայտնեց․ «Շատ լավ է, որ մյուս մարդիկ կալանավորված չեն։ Ու լավ կլիներ, որ այս տղային էլ կալանավորած չլինեին»։ Մեր տեղեկություններով` քննիչը, որը զբաղվում էր այս գործով, վարույթից հեռացվել է։ Իսկ Գուրգեն Արսենյանի որդին «Նուբարաշենում» է գտնվում։



Սյուզան Սիմոնյան