Նախարարի մեքենաները մնացել են հրապարակում, վարորդը կալանավորված է

Նախարարի մեքենաները մնացել են հրապարակում, վարորդը կալանավորված է

Օրեր առաջ, ավելի ստույգ՝ մայիսի 16-ին, «Հրապարակի» աղբյուրն ահազանգեց, որ տրանսպորտի նախարարության ետնաբակից ծեծված մարդկանց են դուրս բերում։ Մեր աղբյուրն ասում էր՝ դարպասը բացվեց, եւ արյունաշաղախ մարդիկ մի կերպ մեքենաներ նստեցին ու հեռացան։ Մինչ մեր լրագրողը տեղ կհասներ, ծեծված մարդիկ հեռացել էին, բայց դարպասից դժվարությամբ ներս սպրդած լրագրողը հասցրել էր լուսանկարել ասֆալտի վրայի արյան հետքերը։ Պահակներն արագությամբ հայտնվել էին եւ շատ կոպիտ դուրս հանել տարածքից, արյան հետքերն էլ բացատրել էին, որ շուն է վնասվել։ Այդ օրը մենք զանգահարեցինք հնարավոր իրազեկ անձանց՝ տրանսպորտի եւ կապի նախարարություն, իրավապահ մարմիններին, սակայն ոչ ոք ոչնչից «տեղյակ չէր»։ Ավելին՝ տրանսպորտի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Արման Նուրիջանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ետնամասում արյան հետքե՞ր, ի՞նչ արյուն, ես առաջին անգամ եմ այդպիսի հիմար բաներ լսում: Իրենց ֆանտազիան ահազանգողների… պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի սրտում գտնվող նախարարությունում ծեծել են, հետքեր կան… չե՞ք համարում ֆանտազիա: Ես այդպիսի լուրեր չեմ լսել»։ Եվ քանի որ մայիսի 16-ին դեպքի մասին որեւէ տեղեկություն պաշտոնապես ստանալ չհաջողվեց, մենք ձեռնպահ մնացինք լուրը տպագրելուց, չնայած այն «սենսացիոն» էր։



Երեկ պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել նախարարության ետնաբակում, եւ այդ դեպքի առնչությամբ արդեն կան կալանավորվածներ։ Պարզվեց՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները մարդ են ծեծել։ Որոշ ԶԼՄ-ներ իրար էին միացրել քրեական երկու տարբեր «ռազբորկա»՝ նախարարության բակում տեղի ունեցածը եւ «Վենետիկյան պալատ» ռեստորանի տիրոջ որդու՝ Սերգեյ Աբովյանի ծեծի պատմությունը։ Իրականում սա բոլորովին այլ միջադեպ է, «տրանսպորտային» ծեծուջարդի հետ կապ չունեցող։ Ռեստորանի տիրոջ տղան բողոք չի ներկայացրել, եւ քրեական գործի հարուցումը մերժվել է։



Ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 16-ի դեպքով Քրօր. 112 հոդվածով արդեն գործ կա հարուցված, նախարարության բակում «բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», իսկ նրանցից մեկին՝ Հ. Պետրոսյանին պատճառված վնասվածքները փորձագետների կողմից գնահատվել են «ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող»։ Հանցագործության շարժառիթը Քննչական կոմիտեն պարզել է, սակայն չի հրապարակում։ 4 հոգի՝ Ա. Կարախանյանը, Ս. Վարդանյանը, Վ. Սարգսյանն ու Հ. Շմոյանը, կալանավորված են եւ մեղադրվում են մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ (Քրօր. 112 հոդված, 2-րդ մաս, 6)։ Երկուսը՝ Ա. Կարախանյանը եւ Վ. Մկրտչյանը, ձերբակալված են։ Վերջինս՝ մարմնական ծանր վնասվածք պատճառելու կասկածանքով։ Ի դեպ, գործով երկու Ա․ Կարախանյան է անցնում, որոնք տարբեր հայրանուններ ունեն, ուստի չեն կարող եղբայրներ լինել։



Չի բացառվում, որ նրանց միջեւ ազգակցական կապ կա։ Մեր տեղեկություններով, մի քանի անձինք հետախուզման մեջ են։ Բացառված չէ, որ գործը վերաորակավորվի որպես «խուլիգանություն»։ Տվյալներ ունենք նաեւ, որ իրար են բախվել երկու խումբ։ Կռիվն սկսվել է «մի կաթիլ մեղրի», այսինքն՝ 16 հազար դրամի պատճառով, որոնք պակասել են «Carrefour» սուպերմարկետների ցանցի առաքիչներից մեկի քարտային հաշվից։ Առաքում իրականացնելու համար «Carrefour»-ում նրանից անձը հաստատող փաստաթուղթ են պահանջել, որի հետ մեկտեղ առաքիչը պատահմամբ ներկայացրել է նաեւ իր բանկային քարտի ծածկագիրը։ Կարճ ժամանակ անց նրա քարտից 16 հազար է անհետացել, եւ, հասկանալով, որ ծածկագիրը կարող էր «կորել» «Carrefour»-ում, առաքիչը դիմել է իր ազգականին, որն աշխատում է Գագիկ Բեգլարյանի անվտանգության ծառայությունում։



Վերջինս էլ, օգնելով իր «հարազատին», ժամադրել է «գողին»։ Երկու կողմն էլ հանդիպման վայրում մենակ չեն եղել։ Յուրաքանչյուրն իր «թայֆան» է բերել։ Բեգլարյանի տղաներին հաջողվել է «հակառակորդին» տանել նախարարության «գարաժներ», որտեղ տեսախցիկներ տեղադրված չեն։ Հենց այստեղ էլ զարգացել են դաժան մարտերը։ Մեր տեղեկություններով, տրանսպորտի եւ կապի նախարարը ձեւակերպված, հաստիքային «ախրաննիկներ» չունի։ Կալանավորվածների թվում է Գագիկ Բեգլարյանի վարորդը՝ Սուրոն, որը գլխավոր դերակատարներից է եղել։ Տրանսպորտի նախարարության այլ աշխատակիցներ կալանավորվածների եւ ձերբակալվածների թվում չկան։ Հետաքրքիր զարգացումներ են եղել միջադեպից հետո։ Ուշ երեկոյան, երբ ոստիկանները դեպքի վայրից արդեն տարած են եղել Գագիկ Բեգլարյանի մարդկանց, օլիգարխի մեքենաները, որոնք քաղաքում շատերին են հայտնի, երկար ժամանակ մնացել են հրապարակում կանգնած՝ տեսանելի վայրում։ Սրանից տրանսպորտի նախարարը նեղվել է եւ անգամ զանգել բարձրաստիճան ոստիկանների՝ խնդրելով, որ հանեն-տանեն այնտեղից։ Նախարարի խնդրանքը կատարվել է, բայց բավականին ուշ։



Այս դեպքը երեկ ամենաքննարկվող ինտրիգն էր կառավարության միջանցքներում։ Ապարատում լուրեր էին տարածվում, որ իրավապահները դեմ չէին տեղեկությունները գաղտնի պահելուն, սակայն ինչ-որ մարդիկ՝ Գագիկ Բեգլարյանի հակառակորդներից, այնուամենայնիվ, ջանքեր են գործադրել դրանք մամուլ «սղղացնելու» ուղղությամբ։ Պատահական չէ, որ դեպքից մեկ շաբաթ անց է միայն աղմուկը բարձրացել, ինչը Երեւանի նման փոքր քաղաքում հազվագյուտ է պատահում։ Ահա ինչու կուլուարներում որոշել են, որ ծեծկռտուքի հրապարակայնացմանը նպաստել են Բեգլարյանի հին թշնամիները։ Իսկ թե ովքեր են նրանք, բոլորին է հայտնի։



ՀԳ. Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, դեպքի բացահայտմանը նպաստել են նաեւ մայիսի 16-ի մեր հարցումները։ Որոշ պատկան մարմիններ գնացել են «Հրապարակի» հարցադրումների հետքերով եւ պարզել, որ ետնաբակի արյան հետքերը բոլորովին էլ «շան» հետքեր չեն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ