Տաքսու վարորդը «փչացրել» էր երիտասարդին եւ դաժանորեն պատժվեց

Տաքսու վարորդը «փչացրել» էր երիտասարդին եւ դաժանորեն պատժվեց

Մեկ շաբաթ առաջ Նար-Դոս - Վարդանանց խաչմերուկում կատարված սպանությունը ցնցեց Երեւանը։ 26-ամյա երիտասարդը՝ Վահրամ Վերանյանը, դուրս է եկել մեքենայից, դանակահարել է տաքսու վարորդին՝ նախկին ֆուտբոլիստ Արսեն Խանամիրյանին, թողել է մեքենան եւ հեռացել։ Մեր տեղեկություններով, Վահրամը միանգամից չի գործածել դանակը, այլ նախ մեքենայի պատուհանից հարվածել է վարորդին փայտե մահակով։ Վերջինս խլել է մահակը։ Տղան էլ հանել է դանակն ու հարվածել վարորդի կրծքին։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։ «Խեղճ տաքսիստ»,- հոգոց հանեց Շամշյանի լսարանը՝ դիտելով «Սուր անկյան» սյուժեն եւ ավելի վրդովվեց՝ իմանալով, որ մահացածը երեք երեխաների հայր է եւ նախկին ֆուտբոլիստ։ Նա այնքան է սիրել ֆուտբոլը, որ իր տաքսի ծառայությունն էլ անվանել է «Ֆուտբոլ»։ Քչերը գիտեն, որ Արսեն Խանամիրյանը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, տարբեր մարդկանցից մեքենաների առքուվաճառք է կազմակերպել եւ գումարներ հափշտակել։



Հանգուցյալը, խանդից դրդված, մղձավանջի էր վերածել Վահրամի կյանքը



Վերջին տարիներին Խանամիրյանն ու նրա կինը՝ Արաքսյան, մի քանի անգամ անցել են քրեական վարույթներով։ Այդ բոլոր գործերով անցել է նաեւ 26-ամյա Վահրամ Վերանյանը, որը մի քանի ամիս աշխատել է նրա տաքսի ծառայությունում, օրավարձով «Օփել Աստրա» է վարել։ Ըստ Վերանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի, վերջին երկու տարիներին Արսեն Խանամիրյանը տղայի կյանքն իսկական մղձավանջի է վերածել՝ նրա դեմ գործեր է սարքել կնոջ միջոցով, ծեծի է ենթարկել, «փչացրել» է ընկերների մոտ, սպառնացել է եւ հետեւել Վերանյանի սիրելի ընկերուհուն, որից նա երեխա ունի, սպառնացել է հեռախոսով, եւ այս զանգերի ձայնագրությունն առկա է գործում։ Իր ինքնախոստովանական ցուցմունքներում երիտասարդը, որին հիմա մեղադրում են սպանության համար, նշում է պատճառը․ Արսենի կնոջ մոտ, որը, ըստ որոշ տվյալների, տաքսի ծառայության դիսպետչեր է եղել, զգացմունք է առաջացել իր նկատմամբ, եւ ինքը կնոջը չի մերժել՝ 8 ամիս նրա հետ սեռական կապի մեջ է եղել։ Արսեն Խանամիրյանն էլ, իմանալով այս մասին, սկսել է վրեժ լուծել։ Խանամիրյանի կինը դիմում է գրել, որ Վահրամ Վերանյանն իրեն առեւանգել է եւ բռնաբարել։ Հետո պարզվել է՝ բռնաբարություն չի եղել, եւ տիկինն ինքն է ընկերուհու հետ ցանկություն հայտնել Մեղրի մեկնել Վահրամ Վերանյանի եւ նրա ընկերների հետ։ Գործն ուղարկել են Մեղրու բաժին, հետո կարճել։ Սուտ մատնության համար տիկնոջը չեն մեղադրել, քանի որ երեխաներ ունի։ Հաջորդ տարի, արդեն 2015 թվականի մարտին, Արաքսյան գրել է, որ ինքը փողոցում կանգնած է եղել, Վերանյանն իրեն դանակահարել է եւ փախել։ Ըստ Հովիկ Արսենյանի, Վերանյանին ձերբակալել են, բայց 3 օրից բաց թողել. ալիբի ուներ՝ դանակահարության օրն ու ժամին ընկերների հետ է եղել։ Արաքսյան ի վերջո խոստովանել է, որ ստել է, բայց ով, ինչու եւ ինչպես է հասցրել նրան դանակի հարվածներ, գործում ինչ դեր է ունեցել նրա ամուսին Արսենը եւ նրա վաղեմի թշնամությունը Վերանյանի հետ՝ հարցերին քննությունը չի պատասխանել։ Արաքսյային այս անգամ սուտ մատնության մեղադրանք են առաջադրել, կալանավորել, հետո գրավով ազատել, բայց դատարանը փրկել է նրան բանտից՝ դատապարտելով պայմանական։ Սրանով վիրավորված ամուսնու վրեժը չի ավարտվել։ Մի անգամ էլ փողոցում են հանդիպել, Կիեւյանի վրա։ Ծեծկռտուք է եղել, որի մասին ոստիկանությունում հայտարարություն կա։ Փաստորեն, հետապնդման բոլոր դրվագները ֆիքսված են իրավապահ մարմիններում, բայց ողբերգությունը չի կանխվել։



Արսենը «փչացնում» էր Վահրամին



Հանգուցային է եղել ոխերիմ թշնամիների հանդիպումը տաքսի ծառայությունում, Արսեն Խանամիրյանի առանձնասենյակում։ Այդ օրը Վահրամն ինքն է որոշում հանդիպել Արսենին, վերջնականապես պարզել նրա հետ հարաբերությունները եւ վերջ տալ այս ձգձգված պատմությանը։ Եվ գնում է նրա մոտ՝ խոսելու։ Այս հանդիպման ժամանակ Արսեն Խանամիրյանը, որն ուժեղ եւ մարզված տղամարդ էր, դաժան ծեծի է ենթարկում երիտասարդին եւ «փչացնում» նրան, վերջին ձեւով նվաստացնելով նրա տղամարդկային արժանապատվությունը՝ արարք, որի համար, չգրված օրենքներով, նվաստացածը պետք է պատժի իրեն նվաստացնողին։ «Նա սկսեց ագրեսիվ ինձ հետ խոսել, երկաթյա առարկայով հարվածեց իմ գլխին, ինչի հետեւանքով կորցրի գիտակցությունս, իսկ երբ գիտակցության եկա, արդեն գտնվում էի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում»,- գրել է երիտասարդն իր ցուցմունքում։ Դատաբժշկական եզրակացությունից հետեւում է, որ նրա մոտ ծանր մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել․ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, զույգ սրունք-թաթային հոդերի, ձախ դաստակի սալջարդեր, վերջույթների քերծվածքներ, արյունազեղումներ, ինչպես նաեւ «ձախ նստատեղի ծակած վերք»։ Հետագայում երիտասարդը հետ է վերցնում բողոքը, որ պատմությունը վերջանա-գնա, եւ քննիչներն ապօրինաբար փակում են գործը։ «Սա մասնավոր գանգատի գործ չէ, եւ այս անգամ էլ դարձյալ այս անձնավորությունը ջրից չոր է դուրս եկել»,- ասում է Հովիկ Արսենյանը։ Նախկին ֆուտբոլիստի արարքը ծանր պատիժ էր ենթադրում։ Եթե քննիչները նրան չազատեին պատժից, այսօր նա, գուցե, կենդանի լիներ։ Բայց եղավ այն, ինչ քննչական ամենաթողության պայմաններում օրինաչափ է։



Վահրամը պատասխան ստացավ



Վահրամն ընկերներից իմանում է, որ Արսենն իրենց վերջին հանդիպման մասին լուրեր է տարածում, թե միզել է Վահրամի վրա, «փչացրել» նրան։ «Այս խոսակցությունը նա տարածել է իմ ընկերների եւ ինձ ճանաչող անձանց մոտ։ Ես զայրացել եմ ու սկսել եմ որոնել Արսենին, որ նրանից պատասխան ստանամ սուտ հայտարարությունների համար»։ Պատասխանը տղան ստանում է այն օրը, երբ Նար-Դոս - Վարդանանց խաչմերուկում պատահական տեսնում է նրան ղեկին։ Մնացածն արդեն գիտենք։ Արսենին պատժելուց հետո երիտասարդը գնում է, տեսնում իր երեխային, ապա մեղայականով ներկայանում Նոր Նորքի բաժին։ Արսեն Խանամիրյանի հարազատները շոկի մեջ են եւ մամուլում ասել են, որ չեն պատկերացնում, թե ով եւ ինչու պետք է սպաներ Արսենին։



ՀԳ․ Վահրամ Վերանյանին մեղադրում են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ի մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ։ Փաստաբան Արսենյանը կարծում է, որ արարքը սխալ է որակվել, եւ պետք է կիրառել 112 հոդվածը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որի համար 3-7 տարի է նախատեսված։ «Եթե նա սպանելու դիտավորություն ուներ, փայտով չէր գնա։ Հիմա փողոցում տեսել է՝ արյունը գլխին է տվել։ Վարորդը նստած է, բաց պատուհան է եղել, հարվածել է։ Որ ձեռքիցս մահակը խլեց, ասում է՝ իմացա, որ իմ վերջը եկավ, ստիպված դանակը հանեցի ու խփեցի»։ Սա մեղադրյալի փաստաբանի վարկածն է, մենք պատրաստ ենք մանրամասն ներկայացնել նաեւ սպանվածի հարազատների ասելիքը, եթե ցանկանում են խոսել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ