Հայաստանում զբոսաշրջությունը ավելի մատչելի է, քան Վրաստանում. Մեխակ Ապրեսյան

Հայաստանում զբոսաշրջությունը ավելի մատչելի է, քան Վրաստանում. Մեխակ Ապրեսյան

2015 թ ունեցել ենք 1 միլիոն 192 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն, ինչը 1 տոկոսով պակաս է 2014 թ ցուցանիշից: Այս մասին այսօր՝ հունիսին 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:



Իսկ, օրինակ, հարեւան Վրաստանում 2015 թ գրանցվել է ընդհանուր 5 միլիոն 900 հազար միջազգային այցելություն, որոնցից 2 միլիոն 281 հազարը զբոսաշրջիկներ են եղել: Այժմ զբոսաշրջության ակտիվ սեզոնն է, մենք բացի դասական, ճանաչողական, պատմամշակութային ուղղվածությունից, առաջարկում ենք կոմբինացված զբոսաշրջություն, որը կլինի միջոցառումների, ավանդական տոնակատարությունների, փառատոնների տեսքով: Միջազգային տարբեր կազմակերպություններ թե պետական թե մասնավոր հատվածի հետ արդեն սկսում են Հայաստանը ընտրել որպես իրենց միջոցառումները անցկացնելու վայր: Բավականին զարգանում է նաև արկածային զբոսաշրջությունը:



Զբոսաշրջության մեջ իր ուրույն տեղն է ձևավորում հայկական խոհանոցը. շատերը գալիս են Հայաստան հենց հայկական խոհանոցին ծանոթանալու համար: Հայաստանը առաջարկում է նաև ձմեռային, առողջարանային, քայլարշավային զբոսաշրջության ձևերը: Այս տարի նախատեսվում է նաև միջազգային մրցաշար փառատոն Հայաստանում, այս ուղղությունը զարգացնելու միտում կա: 



Մեխակ Ապրեսյանը, համեմատելով Հայաստանի և Վրաստանի նույն կարգավիճակում գտնվող հանգստյան վայրերը, նշեց, որ Երևանում ծառայությունները ավելի մատչելի է, քան Վրաստանում. «Նույն որակի նույն ծառայությունները Վրաստանի Բակուրյան և Ծաղկաձորի հանգստյան վայրերում տարբեր են, 10 տոկոսով ավելի էժան են Ծաղկաձորի ծառայությունները»:



Լրագրողի այն դիտարկման, թե հանգստացողը, երբ հաշվարկում է ծախսերը, տեսնում է, որ ավելի մատչելի է Վրաստանում հանգստանալը, քան Երևանում, բանախոսը նշեց, որ ի տարբերությունն 2013,2014 թվականների, ներքին զբոսաշրջությունը զգալիորեն աճել է, ըստ տվյալների` երկրի ներսում հանգստացել է մոտ 900 հազար քաղաքացի: 



Անդրադառնալով նաև խոցելի՝ հասարակական զուգարանների թեմային` Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այո, այս խնդիրը կա, բայց եթե նայենք 5 տարի առաջ և հիմա, ապա կտեսնենք, որ այս ուղղությամբ առաջընթաց կա թե մարզերում թե Երևանում: «Խնդիրը կա, քիչ վայրերում կան հասարակական զուգարաններ, բայց կան կանգառի վայրեր, որտեղ հասարակական զուգարաններ են ձևավորվել: Հայաստանի զբոսաշրջային վայրերում՝ բնակիչների շրջանում ձևավորվել է մշակույթ, երբ զբոսաշրջիկը բնակիչներից խնդրում է օգտվել իրենց զուգարանից, նրանք տրամադրում են»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: