Եթե տնօրենը չի ընդառաջի, էդ ժամանակ թող գնան Ֆեյսբուքում գրեն

Եթե տնօրենը չի ընդառաջի, էդ ժամանակ թող գնան Ֆեյսբուքում գրեն

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 126-րդ մանկապարտեզում դաստիարակը ծնողներից 20 հազար դրամ է պահանջում ավարտական միջոցառման համար: Մեզ պատմեց սաներից մեկի բարեկամուհին՝ Աննա Բերբերյանը․ «Հարսիս ասացի, որ չտա, բայց էսօր ընկճված ասում է՝ պիտի տամ, բոլորը տվել են: Գնացի մանկապարտեզ, կանչեցի դաստիարակին, որ ճշտեմ՝ ինչի համար են հավաքում։ Ի՞նչ ասի. «Ծնունդս է, եկել ես էդ հարցն ես բարձրացնում»։ Գնացի տնօրենի մոտ` տեղում չէր: Չդիմացա, գնացի թաղապետարանի կրթության բաժին, պատմեցի, համարս թողեցի, որ զանգեն եւ տեղեկացնեն, թե ինչ եղավ»։ Սկզբում 20 հազար են պահանջել՝ 6 հազար դրամ երեխայի հագուստի, 1500-2000 դրամ հանդեսի սկավառակի համար, իսկ թե ինչի համար է պետք եղել մնացած 10-12 հազար դրամը՝ անհայտ է:



Մեզ հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Լենա Լեւոնյանը կտրականապես հերքեց դրամահավաքի մասին լուրը․ «Էդ աբսուրդ հայտարարություն է, եւ կուզեի իմանալ, թե էդ ո՞ր ֆեյսբուքյան էջում են նման բաներ տեղադրվում, ի՞նչ են նման զրպարտանքներ գրում: Էնքան վատ սովորություն է առաջացել ծնողների մոտ, ինչի՞ չեն գալիս անձամբ ինձ հայտնում: Տնօրենի հետ թող գան կիսվեն, եթե տնօրենը չի ընդառաջի, էդ ժամանակ էլ թող գնան ստեղ-ընդեղ, ֆեյսբուքյան էջերում գրեն: Ախր, չի՜ կարելի: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Հավատացողներն էլ թող գան, տեղում պարզեն, կարող եմ երաշխավորել, որ նման բան չի եղել»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ ներկայումս մանկապարտեզում Երեւանի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգում է ընթանում։



«Մենք հիմա էսքան նեղ պայմաններում ոնց ենք աշխատում, դուք չեք պատկերացնի, խմբեր ենք միացնում եւ այդ պայմաններում ծրագրեր ենք կազմում: Ամեն ինչ արվում է, որ ծնողների համար լավ լինի, որ իրենք գոհ լինեն: Ի՞նչ ասեմ, գուցե մեկն էլ գտնվի, որ ուզենա վատություն անել մեզ: Ես ինքս շատ հետեւողական եմ, ծնողների հետ զրուցում եմ, հենց մի տեղ խմբավորում եմ տեսնում, հարցնում եմ՝ ինչո՞ւ եք հավաքվել, կարո՞ղ եմ ձեզ օգնել: Ես խստապահանջ եմ նման հարցերում»,-հավաստիացրեց տիկին Լեւոնյանը: Իսկ գուցե դաստիարակներից մեկն ինքնագործունեությա՞մբ է զբաղվել։ «Ես կարող եմ ասել, որ տենց բան նրանք նույնիսկ ռիսկ չեն անի, կարող եմ երաշխավորել Ձեզ»: Իսկ մինչ այս դրամահավաքություն եղե՞լ է։ «Չի եղել, երբեք չի եղել դրամահավաքություն: Եթե ծնողները ցանկացել են ինչ-որ բան իրենց երեխաների համար անել, արել են, բայց որ կոնկրետ դաստիարակը միջամտի կամ ինչ-որ բան անի՝ չի եղել»:



Մենք զրուցեցինք նաեւ ահազանգի հետքերով մանկապարտեզ եկած քաղաքապետարանի վերահսկողական վարչության պետ Արմեն Սիմոնյանի հետ, որն ասաց, թե երբ եկել է հիշյալ մանկապարտեզ, տեսել է դրսում հավաքված ծնողներին եւ նրանց հետ առանձնազրույց է ունեցել՝ խնդրելով մանկապարտեզի անձնակազմին սենյակից դուրս գալ: «Բոլորը միաբերան ասում են, որ իրենք ընդամենը ուզեցել են իրենց երեխաների ավարտահանդեսը տոնական դարձնել եւ դրա համար հավաքել են 6 հազարական դրամ, որպեսզի երեխաները միատիպ շորեր ունենան, բացառապես հավաքել են ծնողներն իրենց նախաձեռնությամբ, մանկապարտեզի պատերից դուրս»: Իսկ թե ինչու է շեշտվել հենց 20 հազար դրամը, Սիմոնյանը ենթադրություն արեց. «Կարծում եմ՝ մտածել են հանդեսից հետո նաեւ ինչ-որ կաֆե տանել երեխաներին ու այդ նպատակով որոշել են ավել գումար հավաքել»։ Նկատենք, որ ահազանգի մասին տեղեկացել է նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն ու նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Այս դեպքը հանրայնացվեց, քանի որ կար սրտացավ ու պայքարող քաղաքացու քայլեր, իսկ իրականում նմանատիպ դեպքերը մասսայական բնույթ են կրում: Ամենաշատ բողոքները, որ ստանում ենք տարբեր մանկապարտեզներից, դա «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի միջոցով մանկապարտեզի կողմից պարտադիր կարգով գումար հավաքելն է: Իհարկե՝ լավ է, որ կամավորական սկզբունքով օգնություններ կան, սակայն այն պետք է մնա բացառապես կամավորական: Դուք հաճախակի հայտարարել եք, որ դրամահավաքությունը պետք է բացառել կրթական հաստատություններում, սա այդ դեպքերից է, եւ ակնկալում եմ, որ քայլեր իրականացնեք եւ հանրությանը տեղեկացնեք դրանց մասին»:



Նկատենք, որ մանկապարտեզներում դրամահավաքության մասին սա առաջին ահազանգը չէ: Նույնն են պնդում նաեւ այլ մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները, որոնք Դ. Սանասարյանի՝ քաղաքապետին ուղարկված նամակի տակ իրենց դժգոհություններն են հայտնել: Ահա մեկը. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզներից մեկի սաներ են հարեւանուհուս երեխաները: Տնօրենն այնպիսի լկտի պահվածք է ցուցաբերում, կոպտում, վիրավորում ծնողներին, որ զարմանքից քարանում ես: Ծնողների մեջ վախի մթնոլորտ ստեղծելով՝ դրամահավաքներ է անում: Ասում է՝ ուր ուզում եք, դիմեք՝ լկտի բառապաշար օգտագործելով»: Մեկ ուրիշն էլ ահազանգում է, որ 100 դոլար «մաղարիչ» են ուզում երեխային մանկապարտեզից մանկապարտեզ տեղափոխելու համար, եւ դրան հիմնականում մասնակցում են մանկապարտեզի դայակները, որպեսզի վտանգի դեպքում տնօրենը «մաքուր» մնա: Մեկ ուրիշն էլ գրում է. ««Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարներն ինչո՞ւ են, որպես կանոն, ֆիզիկական անձի անունով բացված լինում։ Հաշվետվություն կա՞ առհասարակ պետական մանկապարտեզի այդպիսի հաշիվների շարժի վերաբերյալ»։



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ