Գյումրիի կարկուտն ու նախարար Դ. Լոքյանի այցելությունը

Գյումրիի կարկուտն ու նախարար Դ. Լոքյանի այցելությունը

Այսօր Գյումրիում ժամը 15-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտը խուճապի մատնեց դրսում գտնվող քաղաքացիներին: Մոտ 5-6 րոպե տևեց կարկուտ, բայց այդ ընթացքում տերևաթափ եղան քաղաքի ծառերը: Լորի ձվի մեծության հասնող կարկուտը անխնա հարվածում Էր ավտոմեքենաների եւ շինությունների ապակիներին: Կարկուտ է տեղացել նաև Գյումրիին հարակից մի քանի համայնքներում ևս: Բայանդուր, Ախուրյան եւ Ազատավան համայնքների բնակիչների խոսքերով` կարկուտի նշանակետն այս անգամ մարզկենտրոնն է եղել: «Էս թափ մե կերպ պրծանք, ավելի շատ առատ անձրև եկավ, քան կարկուտ»,-ասաց Բայանդուրի բնակիչներից մեկը:



Ինչպես տեղեկացրին մյուս համայնքների ղեկավարները, իրենց շրջանում նույնպես կարկտախառն անձրև է տեղացել, որոշ ցանքատարածություններ եւ պտղատու ծառեր փոքր քանակով տուժել են: Իսկ Շիրակի մարզի մարզպետարանից տեղեկացրին, որ իրենց տեղեկություններով` այս պահին կարկուտից տուժած համայնքներ չկան:
Ի դեպ, մարզպետարանի աշխատակիցներից տեղեկացանք նաև, որ Շիրակի մարզպետարանում այսօր արտակարգ օր է եղել: Մարզպետարան է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Հանրապետության մի շարք մարզպետների հետ: Կայացել է Աժ տեղական ինքնակառավարման մարմինների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Առաջիկայում համայնքների խոշորացման ծրագիր է նախատեսվում նաև Շիրակի մարզում :



Արևիկ Հակոբյան, Գյումրի