«Ախթալայի ԼՀԿ»-ում այսօր զոհված աշխատակիցը 3 մանկահասակ երեխաների հայր էր. Մանրամասներ ողբերգական դեպքից

«Ախթալայի ԼՀԿ»-ում այսօր զոհված աշխատակիցը 3 մանկահասակ երեխաների հայր էր. Մանրամասներ ողբերգական դեպքից

«Ախթալայի ԼՀԿ»-ում այսօր՝ հունիսի 10-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երիտասարդ աշխատակիցը տեղում զոհվել է: hraparak.am-ի տեղեկություններով, դեպքը գրանցվել է առավոտյան ժամը 09-ի սահմաններում:«Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ, 1982թ-ին ծնված Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:



Մեր տեղեկություններով՝ երիտասարդ աշխատակիցը ամուսնացած էր, խնամքին ուներ երեք մանկահասակ երեխա: Ֆաբրիկայում նա աշխատում էր շուրջ 3 տարի:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամ, դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն:



Hraparak.am-ի հետ զրույցում ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը որոշակի մանրամասներ հայտնեց, խնդրելով հասկանալի պատճաներով չհրապարակել իր անունը: Ըստ նրա պատմածի, երիտասարդ աշխատակցի մահը կապված է գործարանում անվտանգության կաննոների թուլության հետ, որի պատճառով էլ նման դեպքեր են գրանցվում. «Վերջին կրճատումների ժամանակ կրճատումներ եղան նաև իրենց մոտ, աշխատակիցներն սկսեցին աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով: Դեպքի պահին երեք հոգով են եղել, Վազգենը որ ընկել է բունկերի մեջ, աշխատակիցներից մեկն էլ է ընկնելիս եղել, հազիվ է փրկվել, թե չէ ինքն էլ էր զոհվելու»,-ասաց նա, հավելելով, որ գործարանը պետք է վերանայի անվտանգության կանոնները գործարանում: