Սարո Ծատուրյանի դեմ բողոքել է նախարարության ազատված աշխատակի՞ցը

Սարո Ծատուրյանի դեմ բողոքել է նախարարության ազատված աշխատակի՞ցը

Առողջապահական Պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանի գլխին ամպերը վաղուց էին կուտակվել։ Քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել են Ծատուրյանն ու նրա երկու աշխատակիցները, նոր չէ։ Այն հարուցված է եղել դեռեւս երկու տարի առաջ՝ պաշտոնեական կեղծիքի հոդվածով։ Անձինք են հարցաքննվել, փորձաքննություններ են արվել, ապացույցներ են ձեռք բերվել, իսկ պաշտոնյաների ձերբակալությունը, որը տեղի ունեցավ երեկ, ընդամենն այսբերգի տեսանելի գագաթն է։



Հիշեցնենք, որ առողջապահության գործակալության պետը, նույն գործակալության Երեւանի կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը եւ բժշկական ծառայությունների գնման բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր են պատրաստել եւ իրացրել։



Պետպատվերն իջեցնում է պետությունը, իսկ ուղեգրերի համար վճարումներն ապահովում է առողջապահության գործակալությունը։ Մեր տեղեկություններով, առողջարանական ծառայությունների տարեկան մոտ 350 հազար ուղեգրեր են հատկացվում քաղաքացիներին, եւ այդ գումարները դուրս են բերվում գործակալության բյուջեից։ Այս դեպքում քաղաքացիներին կեղծ ուղեգրեր են տրվել, եւ պետությունը վճարել է կեղծ ուղեգրերի դիմաց։ Մարդիկ չեն գնացել հանգստանալու, սակայն փողերը դուրս են գրվել։
Հին աշխատողները պատմում են, որ վերջերս ուղեգրերի համակարգը կանոնակարգելու փորձեր են արվել, փոփոխություններ կատարվել։ Նախկինում ուղեգրերը չէին համարակալվում, ինչը բարդացնում էր վերահսկողությունը։ Հայտնի չէր, թե ովքեր են գնացել հանգստանալու, ո՞ր ուղեգրով, հանգստյան ո՞ր գոտին։ 2014 թվականի երկրորդ կեսից, հնարավոր ռիսկերը վերացնելու համար, սկսեցին ուղեգրերը համարակալել, եւ այժմ ցանկության դեպքում կարելի է հետեւել, թե որ ուղեգրով որտեղ եւ երբ են կազդուրվելու մեկնել մարդիկ։ Մեր աղբյուրը հայտնում է, որ քրեական գործում վճռորոշ է եղել առողջապահության նախարարության նախկին աշխատակիցներից մեկի դերակատարումը։ Նրան ազատել էին աշխատանքից, եւ, ցանկանալով վրեժ լուծել նախարարությունից, առողջապահության նախկին աշխատակիցը դիմել է իրավապահ մարմիններին ու պատմել է, թե ինչեր են կատարվում նախարարությունում։



Նախարարությունից մեր այս տեղեկության առնչությամբ պատասխանեցին, որ «ուղեգրերի համարակալում մտցնելու հետ կապված ուսումնասիրությունների ընթացքում որոշակի կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերվել, եւ այդ շրջանակներում նախարարության պաշտոնյաներից մեկը ազատվել է աշխատանքից, հենց նախարարությունն էլ դիմել է իրավապահներին՝ տրամադրելով այդ փաստերն ուսումնասիրության համար»։ Արդյունքում երկու տարի քննություն է գնացել, եւ նախօրեի ձերբակալությունները թերեւս հենց այս քննության արդյունքում արձանագրված չարաշահումների արձագանքն են։
Երկու տարի վարույթ իրականացնելուց հետո քննչական մարմինն ապացույցներ է ձեռք բերել, որոնք բավարար էին պաշտոնյաներին ձերբակալելու համար։ Բավականին ծավալուն գործ է ստացվել։ Առողջապահական շրջանակներում, սակայն, չեն հավատում, որ Սարո Ծատուրյանը կարող է մեծ դերակատարում ունենալ հանցագործության մեջ։



Նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ իրենց համար Ծատուրյանի ձերբակալությունն անակնկալ է եղել, նրա կոլեգաներն այդ մասին իմացել են լրատվամիջոցներից։ Սարո Ծատուրյանը պարկեշտ եւ կրթված անձնավորության համբավ ունի, տնտեսագետ է, սովորել եւ վերապատրաստվել է արտասահմանում։ Նա Պետական առողջապահական գործակալության պետ է նշանակվել ՀՀ նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի օրոք։ Ծատուրյանը նրա համակուրսեցին է եւ մտերիմը։



Խախտումները, որոնք քննչական վարույթի առարկա են դարձել, Դումանյանի պաշտոնավարման ընթացքում են եղել՝ 2012-2014 թվականներին։ Սարո Ծատուրյանը նաեւ առողջապահության մեկ այլ նախարարի հետ կապեր ունի՝ Հայկ Նիկողոսյանի աներորդին է եւ ժամանակին եղել է նրա կողմից հիմնադրված «Ախտորոշման կենտրոն»-ի ղեկավարը։ Հայկ Նիկողոսյանի հետ կապվել չհաջողվեց, նա Շվեյցարիայում է՝ ղեկավարում է ծխախոտի դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ