Ղարաբաղում աշխատավարձերից հարկադիր պահումներ են կատարում

Ղարաբաղում աշխատավարձերից հարկադիր պահումներ են կատարում

Վերջերս նոր բառ է մտել արցախցիների բառապաշարի մեջ՝ «մոբի ծառայողներ»։ «Մոբի ծառայողները մարդիկ են, որոնց որոշ ժամանակով մոբիլիզացնում ու սահման են տանում»,- բացատրում է Ղարաբաղում բնակվող մի կին։ «Մոբիլիզացիային» արցախցիները հանգիստ են վերաբերվում։ Ասում են՝ ադրբեջանցիները կրակում են, պարզ է, մենք էլ պետք է գնանք՝ մեր սահմանը պաշտպանենք։ Մարդկանց անհանգստացնում է այն, որ հիմա հավաքի կարիք չկա, եւ հավաքագրվողներին տանում են ոչ թե մարտական դիրքեր՝ հայրենիքը պաշտպանելու, այլ սահմանամերձ հատվածներում «վարչապետի ցորենի արտերը պահպանելու», որ «ադրբեջանցիները կրակի չտան»։ «Մարդկանց գալիս են, ռազմական ոստիկանությունով տանում են կամ վախեցնելով տանում-հասցնում են պոստեր։ Քաշաթաղում կա Իշխանաձոր համայնքը, որտեղ մեր գյուղացիներին աշխատեցնում են չնչին գումարների դիմաց»,- ասում է Քաշաթաղի բնակչուհին։ Այս մասին խոսում են ԼՂՀ հասարակ քաղաքացիները, սակայն տեղում ոչ ոք չի բարձրաձայնում խնդիրը՝ վախենալով, որ կպատժեն բողոքողներին։



«Կամավոր» թվաբանությունը



«Որոշ մարդիկ կամավոր են գնացել, մյուսներին կանչել են, բայց բոլորին գրում են կամավորի ցուցակներում,- գանգատվում է Կ.-ն Քաշաթաղից։- Մի քանի օր առաջ զանգել էին, որ ամուսինս գնա, բայց նա չգնաց։ Եթե կռիվ է, պատրաստ է, որ գնա, բայց եթե կռիվ չկա, ինչի՞ հիման վրա են տանում։ Քաղաքապետարանն ասում է՝ զինկոմիսարիատն է տանում, զինկոմն ասում է՝ քաղաքապետարանը»։ Անցյալ տարի, ամառային սրացումների ժամանակ, կամավորներին մի քանի օրվա համար պետությունը 100 հազար դրամ է վճարել։ Մեր զրուցակիցը տարօրինակ թվաբանություն է ներկայացնում, որի մասին ընդունված չէ խոսել, բայց որը, փաստորեն, խոսակցությունների առարկա է Ղարաբաղում։ «Այս անգամ էլ մարդիկ մտածեցին, որ մի երկու-երեք օր կգնան, կդիմանան, փող կստանան։ Բայց այս անգամ շատ մարդիկ սթրեսային վիճակում են եղել, գնացել են ու տեսել, որ կյանքի ու մահվան դիմաց են կանգնած։ Ովքեր գործազուրկ էին, 2 հազար դրամ ստացան օրական։ Մի ամսվա համար՝ 70 հազար գումար։ Ապրիլի մասին է խոսքը։ Մարդիկ կան՝ տաքսիով գնացել էին, հասել էին, իմանալով, որ փող են ստանալու, բայց ոչինչ չեն տվել։ Հիմա ասել են, որ այդ 15 օրվա տեղն էլ պիտի տան»։



«Մոբի» տոկոսները պահում են բոլորից



Եթե Արցախի իշխանություններն արդարության սկզբունքը պահպանեին, որն անհրաժեշտ է պատերազմող երկրի համար, գուցե նման խոսակցություններ չէին տարածվի, եւ «մոբը» ցավով չէր ընդունվի։ Բայց մարդիկ վրդովված են սոցիալական անարդարությունից։ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի եւ Շուշիի բնակիչների հետ զրույցներից հետեւյալ պատկերը պարզեցինք։ Երեք ամիս շարունակ, ապրիլյան պատերազմի օրերից սկսած, մարդկանց աշխատավարձից պահումներ են կատարել 5-20 տոկոսի չափով։ Ընդ որում՝ նշանակություն չունի, թե անձը որ սեկտորում է աշխատում՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր։ «Բոլորն էլ էդ պահումներից դժգոհ են, բայց բացահայտ վախենում են խոսել, որ աշխատանքից չհեռացնեն,- ասում Քաշաթաղի բնակիչ Ա.-ն։- Մի խոսքով, բանակի համար փող են պահում։ Իրենց վերցրածը հետ տալու փոխարեն էլի ժողովրդի գրպանն են մտնում»։ «Քաշաթաղի շրջանում, 5 տոկոսից սկսած, պահում են բոլորից։ Իրենք ներկայացնում են, որ սա կամավոր վճարում է, բայց զոռով պահում են,- պատմում է պետական սեկտորի Ա.-անունով աշխատակիցը։- Հիմա ցուցակով եկել է, թե ումից ինչքան պետք է պահվի։ Մեր հիմնարկի 55 հազար ստացողը «մոբին» վճարում է 2 հազար 700 դրամ, որը մեզ մոտ շատ փող է։ Հավաքարար կա, որ 42 հազար գումար է ստանում։ Եթե սրանից վերցնեն 2 հազարը, բազմազավակ ընտանիք ունի, ի՞նչ է անելու»։



ԼՂՀ-ում կյանքը թանկ է



Մարդիկ պատմում են, որ մակարոնեղեն, այլ սննդատեսակների մեծ քանակություն բերելու դեպքում «Զաբուխի պոստում» մեքենաները կանգնեցնում են։ «Նույնիսկ հասարակ մեքենաներն ստուգում են, որ տեսնեն՝ ալյուր բերո՞ւմ են, թե՞ չէ։ 2 հազար դրամով կարող ես ալյուր եւ մակարոն գոնե առնել, էնպես որ, 2 հազար դրամը մեծ փող է»։ Հիմնական սննդամթերքը բերվում է Սյունիքից, Գորիս քաղաքից։ «Գորիսում շաքարավազն արժե 350 դրամ, իսկ մեզ մոտ՝ 450,- պատմում է մեր զրուցակիցը։ - Եթե Երեւանից մարդ է լինում, ասում եմ բերի, որ ստեղ չառնեմ։ Հոսանքի, ջրի վարձը սկի չեմ կարողանում վճարել։ Ջուրը ժամով են տալիս, հողամասը չեմ ջրում վաղուց։ Կոմունալին սկի չի հերիքում»,- գանգատվում է կինը։ Մենք կապվեցինք ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանի հետ եւ խնդրեցինք նշել կառավարության մի որոշում կամ այլ իրավական փաստաթուղթ, որի հիման վրա աշխատողներից գումարներ են գանձվում։ Խնդրեցինք նաեւ մեկնաբանել կամավորների ուժերով «վարչապետի հողերը» հսկելու մասին տարածված տեղեկությունը։ Ահա ստացված պատասխանը, որը հրապարակում ենք ամբողջությամբ։



Վարչապետը հողեր չունի



«Նախ, կառավարության ոչ մի որոշում չկա աշխատավարձերից պահում անելու վերաբերյալ, սակայն կամավոր հիմունքներով շատերն իրենց աշխատավարձի 5 տոկոսը տրամադրում են հատուկ հաշվեհամարին, որը, պետբյուջեից տրամադրված որոշ գումարների հետ միասին, ուղղվելու է Արցախից կամավորներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Խոսքը վերաբերում է միայն գործազուրկ կամ ինքնազբաղված կամավորներին, որոնք եկամտի շոշափելի կորուստ են ունեցել դիրքեր պահելու պատճառով: Իսկ պետական հատվածում աշխատող կամավորների աշխատավարձերն ամբողջությամբ պահպանվել են: Այդ կամավոր նվիրատվությունը, բնականաբար, ցանկալի է հնարավորինս շատերը կատարեն, քանի որ դա կհամարեի բոլորիս քաղաքացիական պարտքը հայրենիքը պաշտպանողների հանդեպ: Սակայն յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ պետական հատվածում, ինքը պետք է որոշի իր աշխատավարձի ճակատագիրը: Եթե որեւէ պարտադիր պահում է կատարվում մասնավոր հատվածում, ապա դրա համար միայն այդ ընկերության ղեկավարությունն է պատասխանատու, քանզի կառավարությունը որեւէ լծակ չունի՝ պարտադրելու մասնավորին, բացառությամբ հարկային պահումները, որոնց հետ որեւէ առնչություն չունի այս դեպքը: Հողատարածքների պաշտպանությունն ընկած է համայնքապետարանների ու շրջանների վարչակազմերի վրա, որոնք տեղի տղամարդկանցից կամավոր խմբեր են կազմում ու իրենց հողատարածքները պաշտպանում: Ի դեպ, խոսքը վերաբերում է նաեւ առաջնագծից հեռու գտնվող տարածքներին՝ ներառյալ հենց գյուղացիների հողատարածքները, քանի որ, ընդհանուր եղանակային ու սեզոնային պայմաններից ելնելով, հրդեհի վտանգ կա այս ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է այն բամբասանքին, որ նաեւ վարչապետի հողատարածքներն են պաշտպանում, ապա դա հասարակ հերյուրանք է, քանի որ վարչապետի ընկերությունը Քաշաթաղում հողատարածք չունի, եւ ոչ մի տեղ նրա հողատարածքները գյուղացիները չեն պաշտպանում, այն էլ՝ անվճար հիմունքներով: Չի բացառվում, որ երբեմն «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից մշակվող տարածքները գյուղացիները խառնեն վարչապետի ընկերության կողմից մշակվող հողատարածքների հետ, որոնք, ի դեպ, զգալիորեն հեռու են բնակավայրերից: Քանի որ Արայիկ Հարությունյանը, որպես կառավարության ղեկավար, հաճախակի շրջայց է կատարում հիմնադրամի տարածքներում, երբեմն առիթավորվողներ են լինում՝ սխալմամբ կամ միտումնավոր շահարկելով նրա անունն ինչ-ինչ նպատակներով»: 



Այնուամենայնիվ, Քաշաթաղում համոզված են, որ հողերի տերը վարչապետն է։ «Մենք էդ հիմնադրամի մասին գիտենք։ Եթե բերեն ստեղ ալյուրը ծախեն 5 հազարի փոխարեն մի 50 դրամ էժան՝ ասելով, որ դա հիմնադրամի ալյուրն է, կառնենք։ Բայց բոլորը գիտեն, որ վարչապետինն է, ամեն տեղ վարչապետի անունն է տրվում, վարչապետը խանութ ունի, վարչապետը հողեր ունի։ Դե թող Ղարաբաղը մի օր իր «Լուրերով» հայտներ, որ վարչապետն իր խանութից էսքան սնունդ տարել է զինվորին։ Ախր, դա էլ է վիրավորական»,- ասում է մեզ զանգահարած կինը։ Վարչապետի և նրա ունեցվածքի մասին վերջերս շատ է խոսվում։ Արա Հարությունյանը նույնիսկ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, հերքելու համար շրջող լուերը։ Իսկ նրա խոսնակն այս առիթով մեզ փոխանցեց իր կոչը՝ «առանց հիմքերի չխոսել ու չմեղադրել մարդկանց»: «Բամբասանք է, որ վարչապետը  իբր թե խանութներ ունի։ Թող մատնացույց անեն դրանք, և ես ներողություն կխնդրեմ: Արայիկ Հարությունյանը երբեք չի թաքցրել իր ունեցվածքը։ Կարող եք նայել նրա եկամուտների հայտարարագրերը, և կհամոզվեք, որ խանութներ չունի: Իսկ նրա կողմից բանակին աջակցելու բազմաթիվ դեպքեր կան, որոնց մասին քաղաքացին տեղյակ չէ, քանի որ վարչապետը նախընտրում է չբարձրաձայնել»։  



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ