«Սասնա ծռերի» անդամներին հաց ու պանիր են տվել. Այսօր մարդկանց թիվը ավելի շատ է, վիճակը` հանգիստ

«Սասնա ծռերի» անդամներին հաց ու պանիր են տվել. Այսօր մարդկանց թիվը ավելի շատ է, վիճակը` հանգիստ

Խորենացի փողոցում մարդկանց թիվը գնալով ավելանում է, բայց իրավիճակը երեկվա համեմատ բավականին հանգիստ է եւ առանց միջադեպերի: Քիչ առաջ բարձրախոսով ելույթ ունեցավ Դավիթ Սանասարյանը: Նա Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ էր զրուցել, ով փոխանցել էր, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների սննդի հարցը լուծվել է, նրանց տրամադրվել է հաց ու պանիր, իսկ վաղն արդեն ընդհանուր սննդի հարցը կլուծվի: Հավաքվածները ծափողջյուններով ընդունեցին Դավիթի խոսքերը եւ կրքերը ավելի հանդարտվեցին:



«Սասնա ծռերի» անդամներից Գագիկ Եղիազարյանը կապ էր հաստատել իր այստեղ գտնվող ընկերներից մեկի հետ եւ ասել էր, որ իրենք շուտով ողջունելու են ժողովրդին: Այդ խոսքերից քիչ անց հերթական հրավաությունը եղավ, որն էլ խոստացված ողջույնն էր:



Այսօր ցուցարարները պարզել են «Սերժ Սարգսյան, հեռացիր» եռալեզու պաստառ: Այսօրվա ակցիային եւս ներկա են հոգեւորականներ: Նրանցից մեկը նշեց, որ սնունդ չտրամադրելը մարդասիրական քայլ չէ, ապա աղոթք կարդաց հավասար ժողովրդի եւ ոստիկանների մոտ: Խորենացի փողոցում են նաեւ բազմաթիվ հայտնի մարդիկ, արվեստագետներ եւ այլն, ինչպես օրինակ` երգիչ Մրոն, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը:



Այժմ նրանք փորձում են տեխնիկական հարցերը լուծել, որպեսզի բարձրախոս բերեն Խորենացի փողոց եւ ելույթ ունեցողների ձայնը լսելի լինի հավաքվածներին: Որոշ ժամանակ անց անհրաժեշտ տեխնիկան բերվեց: 



Կամաց-կամաց հավաքվածների թիվը նվազում է, ցանկացողները ելույթ են ունենում, ամեն մեկը իր հերթին կոչ է անում գալ Խորենացու փողոց, այս խոսքը ուղղված է ադեկվատ մարդկանց, ոչ թե ալկոհոլ օգտագործողներին: Հնչում են կոչեր նաեւ սադրանքներին չտրվելու մասին, հավաքվածները պահանջում են անհապաղ ազատ արձակել երեկ բերման ենթարկվածները եւ կարճել քրեական գործերը: 



Մանրամասներին առաջարկում ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ