Երբ կզգան` կարող են աշխատել, կգան. Թագուհի Ստեփանյան

Երբ կզգան` կարող են աշխատել, կգան. Թագուհի Ստեփանյան

«Այն ժամանակ, երբ նոր էին դուրս եկել, խոսել եմ հետները, բավականին լարված ու հոգնած էին, բնական է»։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ 



ՊՊԾ գնդի «գրավումը» իրենց մաշկի վրա զգացին նաև շտապ օգնության աշխատակիցները։ «Շտապօգնությունը» հերթապահում էր տարածքում: Հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժաշխատակիցները հայտնվեցին կիզակետում. նրանցից 4-ին պահել էին ներսում` պայմանով՝ իրենց մոտ բերել վիրաբույժի, ով ներսում կվիրահատեր վիրավորներին: «Սասնա Ծռեր»-ը նաեւ պայմանն էին դրել` պահանջելով անձամբ ԱՆ Արմեն Մուրադյանի ներկայությունը ներսում, վերջինս գնացել էր դեպքի վայր, սակայն նրան ներս չէին թողել։



«Պատանդության» երկրորդ օրը զինյալները ազատեցին բուժակներից Դավիթ Տոնոյանին, ով թերևս ամենավախեցածն է եղել։ Մի բժիշկ էլ հիվանդին տեղափոխելիս դուրս է եկել և չի վերադարձել,  իսկ դրա հաջորդ օրը` արդեն գիշերը, մյուս երկու աշխատակիցները եւս դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից։ «Հիմա նրանք աշխատանքի մեջ չեն, քանի որ մեզ մոտ հերթապահությունով է և յուրաքանչյուրը ունի որոշակի քանակ ամսվա մեջ և ընդհանրապես իրենց կոնկրետ ասված է՝ երբ կկարողանան գալ աշխատանքի, կգան»։



Անդրադառնալով օրեր առաջ ազատ արձակված շտապ օգնության աշխատակից Դավիթ Տոնոյանին՝ Թագուհի Ստեփանյանն ասաց, որ տեղեկություն չունի`  վերջինս Ղարաբաղից եկել է, թե ոչ, ինքն այժմ հերթապահություն չունի, և երբ կզգա` կարող է աշխատել, կանցնի աշխատանքի։



Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի մոտ էին մնացել շտապ օգնության աշխատակիցները, ովքեր ներս էին մտել և չէին կարողացել դուրս գալ։ Աշխատակիցներից մեկին զինյալ տղաները ազատ էին արձակել, իսկ մյուսները, բժիշկների խոսքերով, կարողացել էին դուրս գալ։ Դավիթ Տոնոյանը չէր ցանկացել լրատվամիջոցներին հարցազրույց տալ, ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո նա մեկնել էր ԼՂՀ` զինծառայող եղբորը տեսության: Ազատ արձակված մյուս բուժաշխատողների հարցազրույցը հրապարակել էր ոստիկանությունը: