Իշխանությունը իր ճյուղը խի՞ պիտի կտրի, ժողովրդինը կտրել-պրծել է

Իշխանությունը իր ճյուղը խի՞ պիտի կտրի, ժողովրդինը կտրել-պրծել է

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը կարծում է, որ իշխանությունը պետք է հետեւություններ անի Հայաստանում Սասնա ծռեր խմբի կողմից ստեղծված իրավիճակից հետո. «Ոչ միայն պետք է հետեւություններ անի, այլ լուրջ հետեւություններ»,-ասաց նա։



-Պարոն Աղաբաբյան, իշխանությունը արդյոք ընդառաջ կգնա՞ Ժիրայր Սեֆիլյանի ներկայացրած պահանջներին՝ սկսած Արցախի ամբողջական վերականգնման, ոստիկանության ղեկավար կազմի փոփոխության, վերջացրած բիզնես միջավայրը խթանելու վերաբերյալ։



-Գլխավոր պահանջն էն է, որ էդքան ժողովուրդ էր հավաքվել, էդքան բողոքականներ ունենք ու դրա համար պետք է ընդառաջ գնալ։ Ես չեմ ասում էդ անհավանական պահանջներին՝ նախագահի հրաժարական եւ այլն, եւ այլն, բայց որ կարդինալ փոփոխություններ պետք է անել, դա միանշանակ է։ Գիտեք՝ դրանք Ժիրայր Սեֆիլյանի պահանջները չեն, այլ ժողովրդի, ամեն մեկը կարող էր էդ պահանջները ներկայացնել, ու այն, որ ոստիկաններն իրենց շատ վատ են պահել, դա փաստ է:



-Փոփոխություններ կլինե՞ն, ապրիլյան պատերազմից հետո անգամ էական փոփոխություն չեղան։



-Բոլոր ոլորտներում պետք է փոփոխություն անել։ Ժողովրդի պահանջն ի՞նչ է, մարդիկ լավ չեն ապրում, չէ՞, դրա համար հերիք ա ապրանքներ ներկրել, հարկավոր է այդ ապրանքները, որ ներ ենք կրում, մենք արտադրենք։ Այսօր մենք հայրենական ի՞նչ արտադրություն ունենք, որ մեզ փող է բերում, համարյա ոչինչ։



-Ի՞նչն է խանգարում այդ ամենն անելու համար։



-Հարկային համակարգն ամբողջությամբ, ոչ թե օրենքները թույլ չեն տալիս, այլ օրենքները լավն են, ուղղակի էդ օրենքները պաշտպանել է պետք, որպեսզի ժողովուրդը կարողանա իր բիզնեսները զարգացնել։ Մի շարժում, երբ սկսվում է ու կան պահանջները կրող լիդերներ, ապա դրանց պիտի ընդառաջ գնալ։ Ես արտադրություն ունեմ, իմ աշխատողների թիվն անցնում է 400-ից, մեր պետությունը պետք է խրախուսի տեղական արտադրությունը, արտահանման ծավալները պետք է գերազանցի ներմուծմանը։ Ինչքա՞ն կարանք ներմուծելով ապրենք։ Իսկ եթե տեղական արտադրություն սկսենք, զարգացնենք, բնականաբար ժողովուրդը կհարստանա, նման բաներ էլ չի լինի ու նորմալ կապրենք։Մեր օրենքները լավն են, օրենքը կիրառողներն են վատ, բա կոռուպցիան ինչի՞ հետեւանք է, օրենքը շրջանցելու, մոնոպոլիաները։



-Հնարավոր համարո՞ւմ եք, որ մոնոպոլիաները վերացնեն, իշխանությունը չեք կարծո՞ւմ, որ հիմնված է մոնոպոլիաների վրա, ընտրությունների ժամանակ հենց այդ մոնոպոլիսների շնորհիվ են քվեին տիրանում։



-Ես չգիտեմ, ես իմ ընտրություններին միշտ մաքուր եմ եղել՝ առանց խախտումների, ես իմ ընտրազանգվածն ունեմ, եթե վաղը պատգամավոր էլ չլինեմ, իմ ընտրազանգվածն ունեմ։



-Այնուամենայնիվ, կարծում եք իշխանությունը կկտրի՞ այն ճյուղը, որի վրա նստած է։



-Իշխանությունը իր ճյուղը խի՞ պիտի կտրի, ժողովրդինը կտրել-պրծել են։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ