«Սասնա ծռերի» աջակիցների հաջորդ կանգառը` Փաստաբանների պալատ. (ֆոտոշարք)

«Սասնա ծռերի» աջակիցների հաջորդ կանգառը` Փաստաբանների պալատ. (ֆոտոշարք)

ՊՊԾ գունդը մոտ կես ամիս իրենց ենթակայության տակ պահած «Սասնա Ծռեր» խումբը ոտքի հանեց շատերին։ Դրա ապացույցն էլ կազմակերպված եւ այժմ էլ կազմակերպվող հանրահավաքներն ու երթերն են։ Հասարակության մի ստվար հատված շարունակում է սատարել մերօրյա ծռերին անգամ իշխանությանը հանձնվելուց հետո: Այսօրն էլ բացառություն չէր․․․:



Հարթակում են



Ռեժիսոր Տիգրան Խզմալյան- «Այսօր շատ կարևոր պահ է, որովհետև մեզ տարիներով և տասնամյակներով դաստիարակում էին, ինչպես Գիքորներին: Ամեն մի հայ ընտանիքը մի պետություն է, և այդ մի փոքրիկ պետության ներսում մենք կայացնում ենք շատ լուրջ որոշումներ` երեխա բերե՞լ, թե՞ չբերել, որտեղ նա սովորի, աղջկան ամուսնացնե՞լ, թե՞ ոչ, թողնե՞լ երկիրը հեռանալ, թե՞ ոչ: Երբ խոսքը գնում է ոչ թե մեր փոքրիկ ընտանիք-պետության մասին, այլ մեր ողջ ազգի, երկրի մասին, մենք դառնում ենք երեխա, որբ»:



Ակտիվիստ Անի Նավասարդյան-«Պետք է շարունակել տղաների գործը, փորձենք զարգացնել, ավելի մեծացնել այս ձնագնդիկը: Մտածեցինք, թե ի՞նչ պահանջներ են պետք դնել, որ կարողանանք ամենափոքր պահանջից սկսենք հաջողության հասնել: Ու հետո արդեն քիչ-քիչ ավելի մեծանալ, ինքնակազմակերպվել»։



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան- «Անձամբ ես չեմ պահանջում «Սասնա ծռերին» ազատություն տալ, ես չեմ պահանջում Պավլիկ Մանուկյանին հիվանդանոց տեղափոխել, ես անգամ չեմ պահանջում, որ իմ ընկեր Սանասարյան Դավիթին, ում հիմա կալանավորում են, չկալանավորեն: Ես ունեմ մի պահանջ, այն պահանջը, որի համար «Սասնա ծռերը» վտանգեցին իրենց կյանքը և այդ պահանջելու մանդատը փոխանցեցին մեզ: Դա Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանության ձևավորումն է, դա լեգիտիմ նախագահ ունենալու իրավունքն է:
Եվ այլք



Երթ դեպի դատապարտյալների հիվանդանոց



Ազատության հրապարակը այսօր «անձրևանոցաշատ» էր, ջրափոսերի մեջ կանգնած մարդիկ լսում էին ելույթ ունեցողներին, հետո բռունցքները վերև պարզած միաբերան վանկարկում՝ «Սաս-նա Ծը-ռեր»։  Մասնակիցները սկզբում երկու ընտրության տարբերակ ունեին՝ երթով շարժվել դեպի ԱԱԾ շենք կամ դատապարտյալների հիվանդանոց։ Սակայն որոշեցին խաղաղ երթ իրականացնել Հանրապետության մի քանի կենտրոնական փողոցներով։ Չանցած մի քանի փողոցներով` մասնակիցները որոշեցին շարժվել դատապարտյալների հիվանդանոցի ուղղությամբ։ Երթին մասնակցում էին 100-ից ավելի մարդիկ, ովքեր միաբերան վանկարկում էին «Սասնա Ծռեր», «Սերժիկ հեռացիր», «Պավլիկ», «Ազատ, անկախ Հայաստան», ինչպես նաև խմբի բոլոր տղաների անունները։ Երթն էլ ուղեկցում էին տասնյակ ոստիկաններ, որոնց հետ բախումից ցուցարարները խուսափեցին։



Այս անգամ եւս, ինչպես նախորդ հանրահավաքներին եւ ցույցերին, ներկա էր ամենահավատարիմ «ցուցարարը«, մի սպիտակ շուն, ում հասցրել են սիրել ակցիայի մյուս մասնակիցները, անգամ` ոստիկանները: Հայրենասիրական երգերը, վանկարկումները, սուլոցները բնակարանների պատշգամբ էր հանել մարդկանց, սեւեռել սրճարաններում գտնվողների ուշադրությունը, իսկ ճանապարհին հանդիպած օտարերկրացիներն էլ շտապում էին նկարահանել ցուցարարներին: 



Հաջորդ կանգառը` ՓՊ



«Սասնա Ծռեր»-ի տղաների նկարները վեր պարզած ցուցարարները հասան Արշակունյաց պողոտահւ այն հատվածը, որտեղ դատապարտյալների հիվանդանոց է։ Այստեղ նրանց դիմավորեցին կարմիրբերետավորները, հենց տեղում էլ որոշեցին չգնալ բախման, նստացույց արեցին, տղաներին փառաբանեցին ու վերջում էլ հայտարարեցին՝ ամեն օր հավաքվել և կազմակերպել խաղաղ երթեր ու հանրահավաքներ։



Նշենք, որ հանրահավաք-քննարկման ժամանակ որոշվեց, որ վաղը մարդիկ բողոքի ցույց կիրականացնեն Փաստաբանների պալատի մոտ: Նրանք պահանջ են հնչեցնելու, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխեն Էրեբունի բժշկական կենտրոն: