«Սասնա ծռեր» ջոկատի առաջ քաշած օրակարգը

«Սասնա ծռեր» ջոկատի առաջ քաշած օրակարգը

Անկախ իրավապահ մարմինների կողմից «Սասնա ծռեր» ջոկատի տղաների գործողություններին տրված իրավական որակումներից, նրանք հստակ ձեւակերպել են քաղաքական օրակարգ եւ ակնկալում են, որ իրենց ձեւակերպած օրակարգով պայքարը կշարունակվի, եւ այն կդառնա համաժողովրդական շարժում։



Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա ծռեր»-ի, «Ժառանգություն» կուսակցության անդամների ձերբակալություններից հետո բողոքի զանգվածային միջոցառումները շարունակվում են, բայց ոչ նախկին չափերով ու կազմակերպվածությամբ, եւ նման շարունակության դեպքում այն մոտ ապագայում կարող է մարել։ Դժվար չէ պատկերացնել, որ «Սասնա ծռեր»-ի ձեւակերպած օրակարգը կարող են առաջ տանել իրենց վստահությունը վայելող եւ իրենց աջակցություն հայտնած մտավորականները, քաղաքացիական շարժման ակտիվիստներն ու ներկայացրած օրակարգն ընդունող քաղաքական ուժերը։



Քանի որ պահանջները քաղաքական են, ավելի նպատակահարմար կլիներ, որ այն առաջ տանեին կուսակցությունները։ Ասել թե՝ դա հեշտ գործ է, տեղին չէ, քանի որ, հայավարի մտածելով, նախ ջոկատի տղաները ոչ բոլոր կուսակցություններին են վստահում եւ ի սկզբանե արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը նրանցից մեծ մասի վերաբերյալ, ժողովրդի գերակշիռ մասը հավատ չունի քաղաքական ուժերի նկատմամբ, եւ քաղաքական ուժերի մի մասն էլ, տարիների փորձից ելնելով, այդ ձեւով չի տեսնում պայքարի հեռանկար, ուստի գերադասում է հեռու մնալ աչքից էլ, աչքացավից էլ։
Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում ձեւավորել վերկուսակցական տարբեր խմբեր՝ հստակ մատնանշելով, որ իրենց նախաձեռնությունը չպիտի դառնա որեւէ կուսակցության սեփականությունը, բայց, մյուս կողմից էլ, ասել, թե այսօր կուսակցությունները, գիտենալով իրենց գլխի գալիքը, հերթ են կանգնել սկսած գործը վերցնելու եւ առաջ տանելու համար, այնքան էլ ճիշտ չէ։



Քանի որ էն գլխից «Ժառանգություն» կուսակցությունը եղել է «Նոր Հայաստան»-ի կազմում, ակտիվ մասնակցություն է ունեցել ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինյալ ջոկատի կազմակերպված հանրահավաքներին եւ այսօր էլ այդ պատճառով ունի ձերբակալվածներ՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, անդամներ Դավիթ Սանասարյան, Հովսեփ Խուրշուդյան, պետք է ակնկալել, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկայում կստանձնի «Սասնա ծռեր» անվանմամբ համաժողովրդական շարժման ղեկավարումը։ Չնայած մարտավարական խնդիրներում ունեցած որոշակի տարաձայնություններին, Հիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» ջոկատի տղաների մոտ վստահություն ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունված է նաեւ ժողովրդի կողմից։



Հայաստանում, կուսակցությունների պակաս չզգացող քաղաքական դաշտում կլինե՞ն այդ գործում «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցող այլ կուսակցություններ, թե ոչ, դժվար է ասել, քանի որ ջոկատի տղաների առաջ քաշած օրակարգը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ղարաբաղի հարցի լուծումն առանց տարածքների զիջման, ընդունելի չէ քաղաքական դաշտում հիմնական դերակատարություն ունեցող կուսակցություններից ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի համար։



Մյուս հին ու նոր կուսակցություններից որոշները, որոնք ընդունում են «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած օրակարգը, տարբեր պատճառաբանություններով իրար չեն ընդունում, վանում են եւ բացառում իրար հետ համագործակցությունը։ Նորաստեղծ կուսակցությունների մեծ մասը դեռեւս ձեռք չի բերել ժողովրդականություն եւ չունի փողոցային պայքարի փորձ։ Պարզ չէ, թե իրենց ինչպես կդրսեւորեն նրանց տարածքային կառույցները, եթե նրանք գործեն արմատական ընդդիմադիր դաշտում եւ դուրս գան պայքարի իշխանությունների դեմ։



Մի բան հստակ է՝ եթե առաջ քաշված օրակարգն ընդունող կուսակցությունները չօգտվեն ընձեռված հնարավորություններից, հեռու մնան հարթակից ու չնախաձեռնեն բողոքի ցույցերի ղեկավարումն ու մինչեւ ԱԺ առաջիկա ընտրությունները չհասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրանք շատ արագ կհայտնվեն լուսանցքում, իսկ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի ձեւավորած «ազգային համաձայնության իշխանությունը» վերջ կդնի սպասվող հետընտրական զարգացումներին։



Ստեփան ՍԱՐՈՒԽԱՆՈՎ