Մենք ունենք բավականին հաճելի բռնատիրություն և շատ համակրելի բռնակալներ

Մենք ունենք բավականին հաճելի բռնատիրություն և շատ համակրելի բռնակալներ

Մեր օրը լիքն է բանտերից ու կալանավայրերից եկող ուղերձներով, հայտարարություններով, պայքարի կոչերով, այսպես կոչված քաղբանտարկյալների առողջական խնդիրների մասին տեղեկանքներով: Անգամ գյուղապետ դառնալու ցանկության մասին հայտարարություն կա:



Վատ չէ, իհարկե, որ հասարակությունը տեղեկացված է ճաղավանդակից անդին հայտնված իր զավակների առօրյային: Փաստաբաններն ու ՄԻՊ ներկայացուցիչներն էլ կողքներին են՝ 24-ժամյա ռեժիմով:



Նկատվում է, որ ներսիններն էլ դրսից են անարգել ինֆորմացիա ստանում, թերթեր, համացանց, ոմանց դեպքում նույնիսկ հատուկ բանավոր փոխանցումներ, բանագնացներ, շփումներ պաշտոնյաների հետ և այլն:



ՔԿՀ-ից տեղ հասնող հայտարարություններում և ուղերձներում, սակայն, կարմիր թելի պաես անցնում է այն միտքը, որ մեր երկրում բռնատիրություն է հաստատվել, իսկ ղեկավարներն էլ՝ բռնակալներ են:



Մեր կարծիքով, այստեղ ակնհայտորեն ինչ- որ բան սխալ է: Բռնապետության ու բռնատիրության պայմաններում մենք այդ ուղերձ-հայտարարությունների հեղինակների տեղը կարող էինք նույնիսկ չիմանալ, մինչդեռ...



ՔԿՀ-ից, ինչպես Իլյիչը աքսորավայրից, Վարուժան Ավետիսյանը հեղափոխություն է ղեկավարում : Ընդ որում՝ ոչ թե ընդհատակյա կապավորների միջոցով, այլ մամուլով: Գարեգին Չուգասզյանը ընդհատակից ավելի շատ հարցազրույցներ է տալիս, քան անում էր իր ազատության բորբ օրերին:



Հարգելիներս, իմ տանջված հեղափոխականներ և «քաղբանտարկյալներ», եթե Հայաստանն, այնուամենայնիվ, բռնապետություն է, իսկ ղեկավարները՝ բռնակալներ, ապա, դատելով ՔԿՀ-ների և ընդհատակի հետ հասարակության ակտիվ կապից, պետք է ասել, որ մենք ունենք բավականին հաճելի բռնատիրություն և շատ համակրելի բռնակալներ:



Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ձեր պակքարին, դուք շատ համոզիչ եք:



Էդիկ Անդրեասյան