Երբ երեխաներին գիտելիքի ճամփան ցույց են տալիս «ախրաննիկները» (ֆոտոշարք)

Երբ երեխաներին գիտելիքի ճամփան ցույց են տալիս «ախրաննիկները» (ֆոտոշարք)

Հայաստանում քաղաքակրթությունը չի զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ հայ ծնողներն իրենց երեխաներին դպրոց են ուղարկում «ախրաննիկներով»։ Այս հաստավիզ եւ հիմնականում մկաններով մտածող արարածների դեմքի անորոշ եւ բութ արտահայտությունից դժվար է կռահել՝ նրանք ուզում են քեզ հենց այդ պահին հում-հում հոշոտե՞լ, թե՞ խորովել, նոր ուտել։ Իսկ քեզ՝ հասարակ մահկանացուիդ հոշոտելու պատճառը կարող է լինել մեկը՝ իրենց կամ իրենց մեքենաները որպես լրագրող նկարելը կամ իրենց շեֆին կամ շեֆի երեխային պատահմամբ մի մետրից ավելի մոտենալը։



Այս ախրաննիկները հիմնականում օլիգարխների են ծառայում, որոնք հսկայական կարողություն ունեն։ Նրանց կողքին հանդիպում են նաեւ կիրթ ու քաղաքավարի թիկնապահներ՝ կոստյումով, փողկապով, մարդկային կերպարանքով, համապատասխան կրթություն ստացած։ Այսպիսիները սովորաբար պաշտպանում են բարձրաստիճան անձանց։ Թեպետ նրանց մեջ էլ են հանդիպում այնպիսիք, որոնց ոչ կոստյումն ու փողկապը, ոչ էլ իրենց բարձրաստիճան «շեֆի» հետ քաղաքակիրթ երկրներ շրջագայությունները թիկնապահ չեն դարձնում. հոգով ու մտածողությամբ, մեկ է, ախրաննիկ են մնում։



Եվ նրանք՝ այդ ախրաննիկները, իրենց շեֆերի երեխաների ու թոռների ձեռքից բռնած, ուղեկցում են դպրոց՝ գիտելիք ստանալու։ Զավեշտ է, բայց փաստ, թե ովքեր են գիտելիքի ճամփան ցույց տալիս մատաղ սերնդին։



Նման տեսարանի մենք այսօր ականատես եղանք «Անանիա Շիրակացի» ճեմարանում։ Ամենուր շքեղ մեքենաներ, այդ շքեղ մեքենաներին ուղեկցող դարձյալ շքեղ մեքենաներ, դրանց շուրջը խմբված ախրաննիկներ, երբեմն նաեւ՝ թիկնապահներ եւ բազմաթիվ դպրոցականներ, որոնց մի զգալի մասին ուղեկցում էին հենց այդ մեքենաներն ու ախրաննիկները։ Բանն այն է, որ «Շիրակացի» ճեմարանը Հայաստանի ամենաբարձրակարգ կրթահամալիրներից է, որտեղ ե՛ւ ընդունվելն է դժվար, ե՛ւ սովորելն ու ավարտելը։ Բացի բավարար գիտելիքներ ունենալուց, այստեղ սովորելու համար նաեւ փող է պետք, օրինակ՝ 1-4-րդ դասարանների տարեկան վարձը 2 մլն. 100 հազար դրամ է։



Դրա համար էլ այստեղ են սովորում վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռները, Գագիկ Ծառուկյանի զավակները, ԱԺ պատգամավոր, «Տաշիր» գրուպի Կարեն Կարապետյանի թոռնիկը, ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանի թոռնիկն ու այսպես շարունակ։ Մենք նկատեցինք, որ այս դպրոցում է սովորում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնուհին՝ Լուսյան։ Բայց նրան ուղեկցող թիկնապահներ կամ մեքենաներ չնկատեցինք։ Նաեւ Ռոբերտ Քոչարյանի թոռնիկն է այստեղ սովորում։ Անկախ իրենց ծնողների ունեցած փողի չափից՝ այս երեխաները դպրոց ընդունվել ու ավարտում են բացառապես գիտելիքներով։ Աշխարհի շատ երկրներում, սակայն, վերը նշված երեւույթի ականատես չես լինի։ Այնտեղ որեւէ միլիարդատիրոջ կամ, օրինակ, երկրի վարչապետի որդին կարող է հասարակ մեքենայով կամ քաղաքային տրանսպորտով հաճախել դպրոց, ու տարիներ շարունակ ոչ ոք չիմանա, թե ով է նա։



Մենք տեղեկացանք, որ դրսում շարված ախրաննիկներին ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն արգելել է մուտք գործել դպրոցի տարածք։ Արգելքը վերաբերում է բոլորին՝ ում երեխան ուզում է լինի։ Այս դպրոցից անկարգության եւ վատ սովորելու համար հեռացվել է անգամ Գագիկ Ծառուկյանի որդին։ Ի դեպ, մենք իմացանք, որ Հովիկ Աբրահամյանի ավագ թոռները բավականին բարձր բալերով են ընդունվել «Շիրակացի» ճեմարան, որտեղ ընդունելությունը քննությունով է։



Այս տարի ճեմարանում իր առաջին քայլերը կանի նաեւ վարչապետի 6-ամյա թոռնուհին՝ Ջուլիետան, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի թոռնիկն է։ Ծառուկյանի աղջիկն Աբրահամյանի որդու՝ Արգամի կինն է։ Այսօր նա իր թոռնուհու ձեռքը բռնած, որպես պապիկ, այցելեց «Շիրակացի» կրթահամալիր։ Պարզվեց՝ նրա մայրը եւս այս դպրոցն է ավարտել։ Ի դեպ, տարօրինակ է, որ Արտաշատի քաղաքապետի դուստրը ոչ թե Արտաշատում է դպրոց գնում, այլ Երեւանում։ Դա նշանակում է, որ Արգամ Աբրահամյանի ընտանիքն ապրում է ոչ թե Արտաշատում, այլ Երեւանում, կամ ամեն օր երեխային այսքան ճանապարհը տանում-բերում են։



«Շիրակացու» տնօրեն Աշոտ Ալիխանյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են հոգում, որ սոցիալական շերտավորումը դպրոցում չնկատվի, քանզի այստեղ հատուկ զեղչերով սովորում են նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ։ Ալիխանյանը նախ հիշեցրեց, որ առաջին դասը, որ անցնում են ճեմարանում, արդարության դասն է, որով փորձում են երեխաների մեջ սերմանել այն գիտակցությունը, որ բոլորն իրար հավասար են։ Դրա համար էլ, տնօրենից սկսած, բոլորը նույն ճաշարանից, նույն զուգարանից են օգտվում, բոլորը հավասար հերթ են կանգնում, քանզի բոլորը մի ընտանիք են։



Մեր դիտարկմանը, թե նկատե՞լ է, որ շատերն իրենց երեխաներին շքեղ մեքենաներով ու ախրաննիկներով են ուղեկցում դպրոց, եւ ինչպե՞ս է վերաբերվում այս երեւույթին, պարոն Ալիխանյանն ասաց. «Ես հսկայական աշխատանք եմ տարել ծնողների հետ եւ եկել եմ այն համաձայնության, որ ոչ մի ախրաննիկ ոչ մի երեխայի չի բերելու դպրոց։ Բայց մեքենաները, որ Դուք նկատեցիք, դա ամենօրյա բան չէ, պարզապես այսօր սեպտեմբերի 1-ն է, մենք հրավիրել էինք ծնողներին, եւ յուրաքանչյուրն իր մեքենայով եկել էր։ Բայց վաղվանից այստեղ կտեսնեք միայն այն ծնողներին, որոնք նախընտրել են իրենք իրենց մեքենաներով երեխաներին բերել դպրոց, ամենաշատը մի 20-30 հոգի են նրանք՝ 1100-ից, իսկ մյուս բոլոր երեխաներին բերում եւ տանում են մեր միկրոավտոբուսները»։



Վ. Մ.