Ես Ազատավանի մեղքն եմ, ոչ թե գյուղապետի թեկնածու

Ես Ազատավանի մեղքն եմ, ոչ թե գյուղապետի թեկնածու

Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, գյուղապետի թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը, որն «Արտաշատ իրավապաշտպան բարեգործական ասոցիացիա» ՀԿ նախագահն է, իսկական փորձանք է դարձել մարզային իշխանության համար, նրանց թշնամին է, օպոզիցիան, ներքին ձայնը, որը երբեք եւ ոչ մի տեղ չի լռում։ «Ի՞նչ միջոցներով է գյուղապետ Սարգիս Խաչատրյանը նոր ավտոմեքենա գնել, ինչո՞ւ առողջապահության գծով փոխմարզպետ Հայրո Բաբայանը չի զբաղվում իր գործով, այլ մի կաբինետ է զբաղեցրել, որը ժողովրդինն է, ինչո՞ւ է «Հայջրմուղկոյուղին» կտրում ոռոգման ջուրը»։ «Ջրմուղի» դեմ մարտերում մի անգամ նա նույնիսկ թոքաբորբ է տարել։ «Հարեւանի պադվալն էր լցվում ջուրը, մաքրել տվեցի,- ասում է Արուսյակը,- գործող գյուղապետին ձայն են տվել, բայց ինձ են դիմում, որ հարց է լինում լուծելու»։



Ոչ Ազատավանի գյուղապետը՝ Սարգիս Խաչատրյանը, ոչ մարզպետարանի աշխատողները, անգամ բուժքույրը չեն լսում «ներքին ձայնը», իրենց ընդդիմությանը տեղ չեն տալիս, նրան «կլյաուզնիկ» եւ «գործ տվող» են համարում։ «Այս խուժանին դուրս շպրտեք»,- մի անգամ ասել է բուժքույրը, երբ Արուսիկը փորձել է բարեխոսել մի հիվանդի համար, ասելով՝ «տվյալ անձնավորության շաքարը բարձրացել է, գնացեք չափեք, դեղը տվեք»։ Փոխմարզպետ Հայրո Բաբայանը չի ընդունում առողջապահական հարցերով ընդունելություն խնդրող կնոջը։ Մի անգամ Արուսյակը նրան ասել է․ «Քո նմանները քանդում են երկիրը»։ «Ես այս գյուղի մեղքն եմ»,- ասում է Արուսյակը, հայացքում թախիծ է, իսկ բջջայինում գյուղապետի անօրինականությունների ապացույցներն են՝ նրա նոր թանկարժեք մեքենայի, աղբավայրի վերածված գյուղի ճանապարհի, գոյություն չունեցող կանգառի լուսանկարները։ «Այդ կանգառում, տրանսպորտի փոխարեն, իրենց ավտոներն են կանգնեցնում։ Կանգառում միս են ծախում։ Մի հատ մանկապարտեզի հարց չլուծեց գյուղապետը։ Վերջերս նա մեքենա է գնել՝ ամենաթանկարժեքը։ Մեկը հարց տա՝ էդ որտեղի՞ց էդ թանկարժեք մեքենան, ու հպարտ-հպարտ էլ քշում է։ Դու ժողովրդին ասե՞լ ես, թե ինչքանով ծախեցիր գյուղապետարանի հին ավտոն, ի՞նչ արեցիր այդ գումարը։



Նա ոչ մի անգամ չի եկել դաշտ, չի տեսել, թե ինչ է կատարվում, բայց նրա ամբողջ անձնակազմը գալիս է հարկ պահանջելու գյուղացուց՝ շուտ արեք, տվեք։ Վերջերս վերջին օրով բերել է, «շեբեն» է լցրել՝ իբր գյուղում գործ է անում։ Մի հատ էլ հրապարակատիպի բան է սարքել երեխաների համար։ Սա էլ մեր զիբիլանոցն է, գաղտնի նկարել եմ»։ Ինչո՞ւ գաղտնի։ «Եսիմ, որ ավել-պակաս չխոսեն։ Սա էլ մեր կանգառն է, փետ են դնում, միս են ծախում, տեղ չկա կանգնելու, դպրոցն էլ կողքն է։ Սա էլ մյուս թեկնածուի մեքենան է կանգնած կանգառում, ավտոբուսի կանգառ է սա։ Հլը զիբիլները նայի, ափսոս, մսի կադրը ջնջվել է»,- ասում է գյուղապետի «ներքին ձայնը»։ Արուսյակի բռնած կադրերում մի պահ երեւում է ՀՀԿ-ի տատիկը։ «Սա էլ ամեն անգամ գալիս է Արտաշատի քաղաքապետարան, փող է ուզում բոլորից։ Սրան էլ ստեղ եմ նկարել։ Գյուղապետարանը «գռուզավիկի» պես մեքենա ունի։ Դրա նկարը չունեմ։ Դա աղբի համար է տրամադրված, բայց ոչ մի անգամ չի ծառայում ժողովրդին։ Գյուղապետի տղան է այդ մեքենայով խաղողը տեղափոխում գործարան՝ փողով։ Մեր բյուջեի փողով է առել, ինչի՞ համար ես պետք է թանկուկրակ ավտո բերեմ, իր տղան էլ մեքենայով խաղող տանի-հանձնի գործարան։ Դու, որպես գյուղապետ, մեքենան տրամադրի ժողովրդին՝ թող բոլորն օգտվեն»։



Տեղի չինովնիկներին այսպիսի ընդդիմություն պետք չէ, մանավանդ, որ նա կապեր ունի դրսում՝ Հրանտ Դինքի հիմնադրամը, Արամ սրբազանը։ Տեղական իշխանությունը համախմբվել է Արուսյակի դեմ։ Եվ այս ծանր մթնոլորտում Արուսյակն առաջադրվել է գյուղապետի թեկնածու։ «Առաջին հերթին մանկապարտեզը կսարքեմ, Սփյուռքից գումար կբերեմ, ոռոգումը կկարգավորեմ՝ դաշտերը լրիվ չորանում են։ Ես տարիներով զբաղվում եմ այս հարցով՝ զանգում եմ, հենց ջուրը կտրում են։ 10 օր խմելու ջուր չկար, ես էի զանգում, հարց լուծում։ Խմելու ջուրը որ քաշել էին, հողը թողել էին փողոցներում, ես եմ զանգել, բերել մաքրել տվել»։ Ազատավանի բնակիչներն Արուսյակին սիրում են, նրա ՀԿ-ի «կազմակերպած» բարիքներից՝ անվճար բուժօգնության, իրավական օգնության ծրագրերից, բարեգործական ակցիաներից օգտվում են հաճույքով, բայց վախենում են բացահայտ շփվել տիկնոջ հետ։ Մանավանդ՝ գյուղապետարանի մոտակայքում։ Իսկ եթե գյուղապետ Սարգիս Խաչատրյանն է հանկարծ երեւում փողոցի մյուս ծայրում կամ նրա մեքենան, կամ նրա ընտանիքից մեկը, երես են շրջում Արուսից ու գնում են։ «Կան մարդիկ, որոնք շատ ուրախ են, որ ես առաջադրվել եմ։ Ասում են իմ մասին՝ կաշառակեր չէ, անշահախնդիր է եւ անում է, եւ կանի, բայց ընդհանուր վախ կա»։
ՀԳ․ Սարգիս Խաչատրյանը 3 անգամ գյուղապետ է աշխատել։ Նրա նախընտրական ծրագրերի մասին խոսել չհաջողվեց։ Հիվանդանոցում էր՝ հարազատի առողջական խնդիրների պատճառով։ Մեզ հետ խոսեց նրա որդին։ «Ճի՞շտ է, որ Դուք գյուղապետարանի «գռուզավիկով» գործարան խաղող եք տանում-հանձնում»։ «Էէէէէէէէ, այ ցավդ տանեմ, դա Արուսյակի հին, իրականությանը չհամապատասխանող լուրերն են»։ Իսկ գյուղապետի նոր մեքենայի մասին ի՞նչ կասեք։ «Հա, նոր մեքենա է, գյուղապետարանի մեքենան է, գյուղապետինը չէ։ Հայրս վաղը եթե հնարավոր գտնի, Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց Սարգիս Խաչատրյանի որդին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ