Գյումրիի ցուցակներ․ ով ով է

Գյումրիի ցուցակներ․ ով ով է

Ընդդիմության լայն կոնսոլիդացիայի փոխարեն Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ունեցանք հայտնի եւ անհայտ ուժերի քաղաքական լայն ներկապնակ։ Եվ այսպես, հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններին Գյումրիում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքները․ «Ալյանս», ԲՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Համախմբում», ՀԱԿ, «ԳԱԼԱ», «Քաղաքացիական պայմանագիր» եւ իշխանական «Բալասանյան դաշինքը», որի մեջ մտնում են Քրիստոնեադեմոկրատական միությունը, ՀՀԿ-ն եւ անկուսակցական Բալասանյանը։ Վերջապես՝ «Գործարար» եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունները, որոնք ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեն եւ ակնհայտորեն ստեղծվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։



Սրանք «իշխանասեր» կուսակցություններ են



«Գործարարի» երիտասարդ նախագահ Գեղամ Բաղդասարյանը դուռ-լուսամուտ սարքող «Սաֆե» ընկերության նախագահն է։ Նա իր առաջին իսկ ելույթներում հակասական հայտարարություններ արեց՝ որ «փորձելու է կամուրջ հանդիսանալ երկուսի միջեւ», եւ «բիզնեսը տարանջատել իշխանությունից»։ Եթե նպատակը դա է, ուրեմն առնվազն քլունգ պետք է դառնա իշխանության համար, ոչ թե «կամուրջ»։ Գյուրեցիք նրա մասին ասում են․ «Քաղաքի հարուստ տղերքին է հավաքում ու ոչ մեկին անվանական չի քննադատում»։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունն էլ է բացահայտ իշխանականներից։ Գյումրիում այն հայտնի է որպես քաղաքապետ Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի կուսակցություն, որովհետեւ Միսակ Բալասանյանն է, ըստ լուրերի, ֆինանսավորել դրա «ստեղծման գաղափարը», իսկ վարչության նախագահը Բալասանյանի խորհրդականն ու մտերիմ Սահակ Սահրադյանն է։ Թեեւ կուսակցությունում հիմնադրման օրվանից հերքում են կապը քաղաքապետի հետ։

«Բալասանյան դաշինքի» ցուցակը ճոխ է



Ցուցակում է՛լ մարզպետարանի կրթության վարչության պետ, է՛լ «Գազպրոմ-Արմենիայի» տարածքային տեղամասի պետ, է՛լ «Յունիբանկի» աշխատող, է՛լ թանգարանի ու դպրոցների, տարատեսակ այլ ՊՈԱԿ-ների տնօրեններ, «պիվի գործարանի» աշխատողներ, փոստի նախկին պետ Թորգոմ, ԵԿՄ Շիրակի մասնաճյուղի նախագահ Յուրա Ալեքսանյան, որին Բալասանյանն ազատեց աշխատանքից։ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը՝ հուշարձանների պահպանության վարչության ՀՀԿ-ական պետ Արտաշես Կարապետյանն է ցանկում, որը թուրութվանք էր Բալասանյանի հետ, իսկ հիմա 66-րդ համարն է։ Մոտ 10 հոգի Խոսրով Հարությունյանի կուսակցությունից են։ Մասնավորապես, ցուցակի 16 եւ 37 համարները՝ Թաթարյաններ, մի ընտանիքի անդամներ են։ Նաեւ «Նյուսիթի տրանս» տրանսպորտային ընկերության տնօրենը, երթակարգավորողն ու բուժքույրն են Խոսրով Հարությունյանի կուսակցությունից գրանցված։ Բայց այս ընկերությունը, որը քաղաքի երթուղիներն իր ձեռքն է վերցրել, ըստ տարածված տեղեկության, պատկանում է Բալասանյանի որդուն։ Ցուցակի երկրորդ համարը՝ ավագանու անդամ Արտակ Ադամյանը, ունի ասֆալտի գործարան եւ կատարում է քաղաքապետարանի ասֆալտապատման աշխատանքների պատվերները։ Չորրորդը «ՀԷՑ»-ի արհկոմի նախագահ, հանրապետական կանանց խորհրդի նախագահ Լյոլյա Խաչատրյանն է, որի դուստրն էլ նախկինում հանրապետական ջահելների նախագահն էր, բայց նրան հեռացրին ինչ-որ անհաշտության պատճառով։ Ցուցակում նշված է «Գոռավետ» ՍՊԸ տնօրեն Էդգար Մկրտչյանը, որը հայտնի է որպես Բալասանյանի հավատարիմ։ Նրա մասին ասում են, որ նա «բալասի բալասն է»։ Տիգրան Հովհաննիսյանը, Մխիթար Սահակյանը, Արամայիս Գրիգորյանը հին ավագանու անդամներ են՝ Բալասանյանին նվիրված, իսկ Վարդան Եդիգարյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մարդն է ավագանիում։ Լուսինե Սանոյանը 8-րդ համարն է՝ Բալասանյանի քրոջ աղջիկը, որի վարսավիրանոցում անապահովների մազերն են կտրում։ Նա փոխքաղաքապետ եւ ակորդեոնիստ Ռուբեն Սանոյանի դուստրն է։ 24-րդ համարը՝ Գայանե Սահակյանը, համատիրության նախագահ է, ԲՏՌ կանանցից։ 13-րդ համարը՝ Կարեն Ժորայի Միքայելյան, ժառանգական-հանրապետական է։ Նրա հայրն էլ էր հանրապետական, շինարարական տեսչության ղեկավար էր, միշտ շորերն արդուկած, կոշիկները՝ փայլուն, ահա ինչու անունն Արդուկած Ժորա են դրել։ Գործազուրկ ՀՀԿ-ական Տիգրան Փանոսյանը թաղային հեղինակություն է, «Բյուզանդ» ռեստորանի սեփականատերը։ Ավագանու անդամ Գագիկ Ադամյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «քիփն» է եւ ղեկավարում է իտալական պոլիկլինիկան, բայց նրա եւ բժշկության մասին խոսում են՝ «խոզը տուռնիկից» արտահայտությունը մեջբերելով։ 99 անուն կա Բալասանյանի ցուցակում։ Տեղական հեռուստաընկերության հարցին, թե ինչու է այսչափ բազմազան դաշինքը կոչվում «Բալասանյան դաշինք», Գյումրու քաղաքապետը պատասխանել է՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ այդպես գնաց ընտրության, եւ այդ պատասխանը քաղաքի բնակիչները հիշել են։



«Ալյանս»՝ գործազուրկների կուսակցություն



«Ալյանսի» ցուցակում 23 հոգի են, որոնց մեծ մասը չի աշխատում։ Երկու գործարար կա, մեկ չինովնիկ եւ մեկ ուսուցչուհի։ Տպավորություն է, թե «Ալյանսը» գործազուրկների կուսակցություն է, որի հիմնական ծրագրային կետը գյումրեցիների համար աշխատանք ճարելն է։ Միակ քիչ թե շատ հայտնի անձնավորությունը «Գամ-Գոլդ» ՍՊԸ տնօրեն Կարեն Հակոբյանն է, որը, ասում են, ժամանակին դաշնակ է եղել։ Մկրտիչ Գրիգորյանը՝ 5-րդ համարը, մի ժամանակ ավագանու անդամ է եղել, շատ վաղուց, եւ գյումրեցիք զարմացած են, թե նրան որտեղից են պեղել-գտել։ Իսկ առաջին համարը՝ Արմեն Բադալյանը, քաղաքապետի որդու՝ Միսակի ընկերն է։ Մի ժամանակ քաղաքապետարանում էր աշխատում, նաեւ «Շանթ» հեռուստաընկերությունում մեկնաբան էր։ Հետո գնաց «Ցայգ»։



«ԳԱԼԱ»-ն համագործակցում է «Լուսավոր Հայաստանի» հետ



«ԳԱԼԱ» կուսակցության 24 հոգանոց ցուցակի առաջին համարը նախագահ Վահան Խաչատրյանն է, երկրորդը, ինչպես եւ սպասվում էր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Երեք հոգի՝ 14, 15 եւ 24 համարները, ամենաընդդիմադիր այս կուսակցության ցանկում ոչ այնքան ընդդիմադիր համարվող «Լուսավոր Հայաստանի» անդամներ են։ Փաստորեն, տարատեսակ ուժերի հետ ապարդյուն բանակցելուց հետո, համագործակցությունն ստացվեց միայն «Լուսավորի» հետ։ Ինչո՞ւ, չէ՞ որ այս կուսակցությունը հստակ ընդդիմություն չի համարվում։ Լեւոն Բարսեղյանը պատասխանում է․ «Ես բազմաթիվ անգամներ լսում եմ տարբեր կուսակցությունների մասին, որ դրանք պրոյեկտներ են, անգամ «ԳԱԼԱ»-ի մասին։ Եթե որեւէ ապացույց կա, տաք` շնորհակալ կլինեմ»: «ԳԱԼԱ»-ի նախագահ Վահան Խաչատրյանը մեր հարցին, թե ինչպես պատահեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները հայտնվեցին իրենց ցուցակում, արդյոք նրանց խնդրանքո՞վ դա եղավ, թե՞ «ԳԱԼԱ»-ի առաջարկով, պատասխանեց․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մոտ 5 ամիս բանակցություններ են վարվել տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, որոնք հայտարարել էին շահագրգռվածություն՝ մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Բանակցությունների վերջին փուլին, երբ պարզվեց, որ «ԳԱԼԱ»-ն մասնակցելու է առանձին ցուցակով, առաջարկվեց այդ ուժերին չմասնակցել ընտրություններին, որպեսզի չխանգարեն ֆավորիտ ուժին՝ «ԳԱԼԱ»-ին, եւ ընդդիմադիր ձայները Գյումրիում չփոշիացվեն: Փոխարենը ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերին առաջարկվել է իրենց կուսակցության ներկայացուցիչներին ընդգրկել «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակում՝ 10-րդ համարից հետո: Այս պայմանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Եղան նաեւ կուսակցություններ, որոնք չառաջադրվեցին, որպեսզի չխանգարեն «ԳԱԼԱ»-ին, սակայն նրանց ներկայացուցիչները չընդգրկվեցին մեր ցուցակում, քանի որ այդ կուսակցությունների ներկայացուցիչները համարեցին, որ չկա դրա կարիքը»։ Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստանի» անդամները տարբեր ուժերի հետ են փորձել համագործակցել, ստացվել է միայն «ԳԱԼԱ»-ի հետ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ