Թող մեր բուհերն այդ մակարդակն ապահովեն, որ Հայաստանից չգնան այլ երկրներում սովորելու

Թող մեր բուհերն այդ մակարդակն ապահովեն, որ Հայաստանից չգնան այլ երկրներում սովորելու

Սեպտեմբերի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր «Անանիա Շիրակացի» կրթահամալիր։ Նրա այցը, կարելի է ասել, ոչ պաշտոնական էր։ Աբրահամյանն այս կրթօջախ էր այցելել որպես պապիկ՝ իր 6-ամյա թոռնուհի Ջուլիետա Աբրահամյանի ձեռքը բռնած, որն առաջին դասարան պետք է գնա այստեղ։ Բնականաբար, լրագրողներն էլ էին ներկա։ Վարչապետի մյուս թոռները եւս այստեղ են սովորում, այս կրթահամալիրն է ավարտել նաեւ նրա հարսը՝ փոքրիկ Ջուլիետայի մայրը, Գագիկ Ծառուկյանի դուստրը։



Այստեղ միայն վարչապետի թոռները չէ, որ սովորում են, այլեւ բարձրաստիճան անձանց, խոշոր գործարարների զավակներ ու թոռներ։ Օրինակ՝ առաջին եւ երկրորդ նախագահների թոռները, տարբեր պատգամավորների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ ու թոռներ։ Ծառուկյանի որդին եւս այստեղ էր սովորում, բայց անկարգության համար հեռացվեց դպրոցից։ Եվ սա պատահական չէ։



Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ասաց, որ ճեմարանը, որ հիմնադրվել է 1990 թվականին, Հայաստանի երեք միջազգային դպրոցներից մեկն է, մյուս երկու դպրոցներն են՝ «Քվանտ» վարժարանն ու Դիլիջանի նորակառույց դպրոցը։ Բայց դրանք միայն ավագ դպրոցի միջազգային բակալավրիատի հավատարմագրում ունեն, իսկ «Շիրակացին» աշխարհի 5 հազար 500 դպրոցներից մեկն է, որոնց հաջողվել է երեք աստիճանով էլ՝ կրտսեր, միջին եւ ավագ դպրոցներ, ձեռք բերել միջազգային բակալավրիատի հավատարմագիր։ Այստեղ ընդունվելը, սովորելն ու ավարտելը շատ բարդ է, անկախ աշակերտի՝ ում զավակը լինելուց կամ ծնողների փողի քանակից։ Եթե գիտելիք չունեցան, դուրս են մնում։ Ուսման մեկ տարվա վարձն ամենաթանկը 1-4-րդ դասարաններում է՝ 2 մլն. 100 հազար դրամ։ Հետո կամաց-կամաց, մինչեւ տասն անգամ, իջնում է վճարի չափը։



Ալիխանյանն ասում է, որ այս վճարը մի բան էլ ցածր է նման կրթահամալիրի համար՝ համեմատած համանման այլ դպրոցների հետ։ Փոխարենը՝ իրենք տալիս են այնպիսի գիտելիք, որոնց շնորհիվ իրենց շրջանավարտները կարողանում են անարգել ընդունվել միջազգային հեղինակավոր բուհեր՝ Սորբոնի, Քեմբրիջի, Մասաչուսեթսի եւ այլն, նաեւ Հայաստանում Ամերիկյան համալսարան։ Այստեղ մուտք գործող երեխաների առաջին դասը լինում է արդարության մասին, որ բոլորն իրար հավասար են՝ անկախ դիրքից ու պաշտոնից, եւ այդ դրվածքը պահպանվում է հավերժ։ Տնօրենից սկսած՝ բոլորն այստեղ նույն ճաշարանից են օգտվում, մատուցարաններով հերթի կանգնում, նույն զուգարանից են օգտվում, կրթահամալիրի տրամադրած անվճար ավտոբուսներով էլ գնում են դասի՝ գալիս։ Իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնց երեխաներն ունեն գիտելիքներ, բայց չկա բավարար գումար՝ վարձը վճարելու։ Տնօրենն ասաց. «Նախ առաջինը, եթե մի ընտանիքից երկու երեխա է գալիս, յուրաքանչյուր երեխան 10 տոկոսի զեղչ ունի։ Եթե երեք երեխա եւ ավելի, ապա խորհուրդը հատուկ որոշում է կայացնում։ Երկրորդը մեր աշխատակիցների երեխաներն են, որոնք ստանում են մինչեւ 30 տոկոս զեղչ։ Երրորդը սոցիալապես անապահով խավի, նաեւ միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների եւ այլ հատուկ կարգավիճակի երեխաներն են, որոնց հանդեպ մենք առանձին մոտեցում ենք ցուցաբերում եւ անպայման որոշակի տոկոսի զեղչ ենք տրամադրում, լինում է, որ ամբողջ վարձն ենք մենք վճարում»։



Հետաքրքրվեցինք նաեւ, թե այս տարի քանի՞ առաջին դասարանցի է ընդունվել իրենց մոտ, եւ այդ թիվը, նախորդ տարիների համեմատ, աճե՞լ է, թե՞ նվազել։ «Ընդունելությունը չի նվազել, մենք այս տարի ընդունում ենք 4 կամ 5 առաջին դասարան, այս տարի չորսի վրա ենք կանգ առել, որովհետեւ մեր սենյակային պայմանները հինգի համար չէին բավարարում, մեզ պետք է երաժշտության կաբինետ ունենալ, դրա համար 4-ի վրա կանգ առանք։ Արդյունքում, չորս անգամ տասնչորս, ստացվում է 56 հոգի»,-ասաց նա։



Քանի որ այս ճեմարանն ավարտողները հեշտությամբ կարողանում են միջազգային բուհեր ընդունվել եւ իրենց ուսումը, ինչո՞ւ չէ, հետագայում նաեւ կյանքը դասավորել արտերկրում, ապա սա արդյոք չի՞ խթանում Հայաստանից մտավոր ներուժի արտահոսքին։ Ալիխանյանն ընդունեց, որ կա նման բան. «Գիտե՞ք ինչ կա, խթանում է, բայց թող Հայաստանի բուհերն այդ մակարդակն ապահովեն, որ հարիր է մեր ազգին, մեր պատմությանը, մեր ոչ վաղ անցյալի գիտատեխնիկական հզոր պոտենցիալին, որպեսզի Հայաստանից չգնան այլ երկրներում սովորելու»։



ՀԳ. Ի դեպ, սեպտեմբերմեկյան միջոցառմանը մի հետաքրքիր նյուանս գրավեց մեր ուշադրությունը։ Դահլիճում երկրի վարչապետն իր տիկնոջ, հարսի եւ ճեմարանի տնօրենի հետ միասին նստել էր ոչ թե պատվավոր առաջին, այլ մեջտեղի՝ չորրորդ շարքում։ Առաջին շարքում նստած էին օրվա հերոսները՝ առաջին դասարանցիները։ Կրթահամալիրի տնօրենն էլ, իր խոսքն սկսելով, դիմեց ոչ թե «մեծարգո պարոն վարչապետին», այլ անմիջապես առաջին պատվավոր շարքում նստած փոքրիկներին, մեծարեց նրանց՝ որպես մեր երկրի ապագան կերտող արժանապատիվ քաղաքացիների։ Նրա ելույթի «թիրախը» միայն այդ փոքրիկներն էին, եւ ոչ մի խոսք, ոչ մի ժեստ դահլիճում ներկա բարձրաստիճան հյուրերի հասցեին. նրանք սովորական ծնողներ էին, ինչպես մյուսները։ Մեր՝ լրագրողներիս, թերեւս նաեւ վարչապետի ուշադրությունը գրավեց տնօրենի աշխատասենյակը, որի խորհրդային տարիների հնության ճաքճքած պատերը զարդարում էին տարբեր միջազգային հավաստագրերն ու պատվոգրերը եւ Վազգեն 1-ին վեհափառի լուսանկարը։ Այստեղ չկա ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ամենայն հայոց կաթողիկոսի նկարը։ Երբ հետաքրքրվեցինք, Աշոտ Ալիխանյանը զարմացավ՝ ինչո՞ւ պիտի նրանց նկարը լինի տնօրենի աշխատասենյակում։ «Այդ նկարները պետք է լինեն դպրոցի շքամուտքի մոտ, եւ, եթե նկատեցիք, մեր դպրոցի շքամուտքի մոտ փակցված են մեր հանրապետության բոլոր առաջին դեմքերի նկարները՝ 1918 թվից սկսած։ Դա երեխաների համար է, որ ճանաչեն մեր երկրի առաջնորդներին»։ Իր հին, սովետական աշխատասենյակն էլ չի վերանորոգում, քանի որ գոյացած գումարները նախ ուղղում է, օրինակ, աշակերտների համար նորմալ սանհանգույց, դասասենյակներ ունենալուն․ այն կվերանորոգի միայն այն ժամանակ, երբ այլ՝ ավելի կարեւոր ծախսեր չեն ունենա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ