Խաղողագործներին դժվար օրեր են սպասվում

Խաղողագործներին դժվար օրեր են սպասվում

Հայաստանում խաղողի բերքահավաքի շրջանը մեկնարկել է՝ իր լավ ու վատով: Լավն այն է, որ չնայած պաշտոնապես խաղողի մթերումը Հայաստանում մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, սակայն որոշ գործարաններ, ինչպես, օրինակ, Երասխի գինու գործարանը, «Արմենիա վայնը», օգոստոսի վերջին տասնօրյակում արդեն սկսել են վաղահաս սորտեր վերցնել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 1000 տոննա խաղող՝ հայտնում են գյուղնախարարությունից:



Վատն էլ այն է, որ շատ գյուղերում խաղողագործները դեռ անցյալ տարվա փողերը չեն ստացել: «Գյուղերում վատ վիճակ է: Դժգոհություն կա: Սեփական գործարաններ են, ինչ կուզեն՝ կանեն,- գանգատվում է «Ֆերմերների շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը։ - Մեզ մոտ Վրաստան չէ, որ պետությունը սուբսիդիա տա: Եթե, ասենք, մասնավորը 120 դրամով խաղող է մթերում, մի 60 դրամը պետությունն է տալիս է ու պարտադրում է, որ ընդունեն»: Բայց կառավարությունը, վարչապետը պարբերաբար հայտարարում են, որ աջակցում են մթերումներին: Դուք այդ աջակցությունն զգո՞ւմ եք: «Պետության աջակցությունը մի քանի օջախների համար է, նրանց բերքն ընդունում են, փողը տալիս են, մյուսների վիճակը ոչ մեկին չի հետաքրքրում»: 



Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի գյուղերում դեռեւս անցյալ տարվա մթերման փողը չեն վճարել: Աղավնաձորցիները երկրորդ «Նաիրիտի» ժողովուրդ են դարձել: Իրենց փողն ստանալու համար ակցիաներ են անում: Անցյալ տարվա հոկտեմբերին, մթերման սեզոնի փակումից առաջ, նրանք փակել էին ճանապարհը, բողոքում էին, որ իրենց բերքը չեն մթերում: Այս տարի սեպտեմբերին կրկին աղմկեցին, թե գործարանները փողերը չեն տալիս, եւ անգամ երեխաներին, որպես բողոքի նշան, դպրոց չուղարկեցին: Ի՞նչ վիճակ է հիմա՝ մեկ շաբաթ անց: «Խոսք են տվել մինչեւ 15-ը գումարները փակել, մենք էլ դեռ համբերատար սպասում ենք»,- ասում է Աղավնաձորի գյուղապետը: Աղավնաձորին մթերողները պարտք են 130 մլն. դրամ: Խաչիկ սահմանամերձ գյուղի բնակիչների գումարները հիմնականում վճարված են: Մթերումը փոքր ծավալի է եղել:



«Անցյալ տարի 50 տոննա հանձնեցինք, վճարումը կատարել են 10 օրվա ընթացքում: Այս տարի էլ հուսով ենք, որ կմթերեն, թեեւ ընդհանուր մթերումների վիճակը վատ է, մի 30 տոննա եթե մթերենք, լավ կլինի»,- ասում է Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը: Բայց «Վեդի ալկոն» նրանց էլ է պարտք: Գործարանի տնօրեն Մանվել Ղազարյանը մեր հարցերը կարճ կապեց. «Պարտքերը շատ չեն, այս տարի էլ չենք մթերելու»: Պատճառը բանկերի հետ խնդիրներն են: «Եթե անցյալ տարի մենք չմթերեինք, ապա այս տարի հաստատ չէինք կանգնի այս վիճակի առաջ,- ասում է Մանվել Ղազարյանը,- հիմա մենք հազիվ կարողանանք լուծել մեր խնդիրները: Ի՞նչ մթերման մասին է խոսքը»:



- Գործարանը շա՞տ պարտքեր ունի:
- Հարցը շատ ու քչի մեջ չէ: Ճգնաժամը մեզ այնքան է խեղդել, որ այս վիճակի ենք հասել: Հիմա էլ թող ուրիշները մթերեն:



- Դուք կառավարության աջակցությունը, որը պարբերաբար խոստանում են, զգո՞ւմ եք:
- Մենք 15-20 տարի անընդհատ ժողովրդի կողքին ենք եղել: Հետեւապես կարելի է ասել՝ նաեւ իշխանության: Հիմա աջակցությունն այն կլինի, որ, օրինակ, բյուջեի երաշխիքով արտոնյալ վարկեր տան, որ մենք կարողանանք շնչել, ապրել: Կամ՝ մեր կողքի երկրներում ո՞նց են վարվում: Թող սուբսիդավորեն, բերքի ավելցուկը մթերվի:



Ես անցած տարի չեմ մթերել, կարելի է ասել՝ ժողովրդի բերքն եմ տեղավորել, որ չփչանա:
2010 թվականից «Վեդի ալկոն» տարեցտարի ավելացրել է մթերման ծավալը՝ ծանրացնելով իր բեռը: Եկել է մի պահ, երբ գործարանը մեծ պրոբլեմներ է կուտակել եւ մինչեւ դրանք չլուծի, նոր մթերումներ իրականացնել չի կարող: «Շահնազարյան» գինու-կոնյակի տան գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը եւս հայտարարեց, որ այս տարի խաղող չի մթերելու: «Այս տարի հնարավորություն չունենք մթերելու, ֆինանսական պայմանները չեն ներում»,- ասաց տնօրենը՝ առանց պատճառները մանրամասնելու:



«Հրապարակային բացատրելու կարիք չկա, կան բարդություններ, որոնք լուծելու ենք ներսում, բայց խոսել այս մասին, չենք ցանկանում, չնայած ոչ մի գաղտնիք չկա: Խաղողի գները մեզ մոտ թանկ են, դրսում՝ էժան»: Այս ընկերությունը, որն աշխատում է 2011 թվականից, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ղազախստան գինի եւ կոնյակ էր արտահանում, մի փոքր մաս էլ՝ Եվրոպա, անցյալ տարվա պարտքերը դեռ չի վերադարձրել: Պռոշյանի կոնյակի գործարանը եւս պարտքեր ունի: «Շաբաթը մեկի փողը տալիս են, կամաց-կամաց են վճարում»,- ասում է Պարույր Սեւակի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը: Այս համայնքի բնակիչներն այս տարի ստիպված եղան նոր մթերող փնտրել եւ գտան «Արալեզ» ՍՊԸ-ն: «Ամեն դեպքում, ավելի հուսալի է, ավելի մոտիկ»,- ասում են: Խաղողը Պարույր Սեւակում շուտ է հասնում, եւ հանձնումն սկսվել էր օգոստոսի վերջին տասնօրյակում: Երկու օրից ավարտվելու է: Անցյալ տարվանից քիչ են հանձնել: «Ընդհանուրը կլինի մի 300-350 տոննա, երկու գործարան իրար հետ վերցրած»,- ասում է գյուղապետը: Միայն հուսահատությունը չէ պատճառը, որ գյուղացիներն այս տարի ավելի քիչ մթերեցին:



«Անցած տարի բերքն ավելի առատ էր, կարող է դրանից էր: Հայաստանի մասշտաբով կրճատում կլինի, ի տարբերություն, որ անցյալ տարիներին այգիները չթաղեցին ձմռանը, թաղելու համար պետք է գումար ծախսենք, բայց փողը չէին տվել, որ թաղեինք»,- ասում է Ստեփանյանը: Գյուղացիներն ունեն տագնապելու պատճառներ՝ մյուս տարի խաղողի մթերումը կրճատվելու է: Ամեն տարի նրանք, փաստորեն, զոռով են խաղող հանձնում, գումար ստանում եւ արդեն հոգնել են: Արմավիրի Բամբակաշատ համայնքում գյուղացիները երկար ժամանակ չէին կարողանում ստանալ հանձնած խաղողի փողը: Հիմա մի մասին վճարել են, բայց անգամ նրանք, ովքեր ստացել են գումարները, հույսները կորցրել են: Ասում են, որ այլեւս խաղող չեն աճեցնելու:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ